Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Սեպտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտ Վիտիլիոն, բժիշկ, «Մաե Տաո» կլինիկայի հիմնադիր Սինտիա Մունգը և «Սուրբ խաչ» ՁԻԱՀ-ի հոսպիսի հիմնադիր Փրիսիլյա Դլամինին։ Հանդիպումը կվարի Ջորջթաունի համալսարանի առաջնորդության պրոֆեսոր Սեմ Պոտոլիքիոն։
Օգոտոսի 27-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն մանկաբարձ-գինեկոլոգ, «Ճամփորդող բժիշկներ» կազմակերպության հիմնադիր Արմինե Բարխուդարյանը, «Ուիգմոր Քլինիք» ԲԿ մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար, «Երեխաների վերածնունդ» ՀԿ հիմնադիր Կարեն Քոլոյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը։ Հանդիպումը կվարի բժիշկ Արմեն Մինասյանը։
Օգոտոսի 19-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիր Անժելիկ Նամայկան; Աֆղանստանի կրթության ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաքինա Յակուբին; SOS Méditerranée (SOS Միջերկրարական) կազմակերպության համահիմնադիր Սոֆի Բոն; Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Իլվադ Էլմանը։ Հանդիպումը կվարի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։