Նախագծի մասին

2017 թվականի հունվարին, երբ սկսեցինք աշխատել ելակետային փաստաթղթի վրա, ուզում էինք բանավեճի մեջ ներգրավել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի հանդեպ` ընդհանուր ջանքերով նախանշելու կենսագործման արժանի այդ ապագայի տեսլականը: Մտադիր էինք մեր ընթերցողների հետ քննարկել երկրի ու ազգի զարգացման հնարավոր վեկտորներն ու մոդելները, որպեսզի գնահատենք դրանց բոլոր դրական ու բացասական կողմերը և, հիմնվելով համատեղ սթափ գնահատականի վրա, առաջարկենք այն մոդելը, որն առավել արդյունավետորեն կապահովի մեր բարգավաճումը, անվտանգությունը և ազգային ինքնության պահպանումը 21-րդ դարում: Կարծում ենք, որ հնարավոր մոդելներից ամեն մեկը պետք է վերլուծել այդ երեք առանցքային գործոնների հարաբերակցության տեսանկյունից: Նաև ցանկանում ենք պատմել այն ծրագրերի մասին, որոնք 18 տարի շարունակ իրականացնում ենք մեր գործընկերների ու համախոհների հետ, և այն մասին, թե ինչպես են այդ նախաձեռնությունները տեղավորվում այն բարեփոխումների ընդհանուր պատկերում, որոնք կարող են մեզ մոտեցնել մեր երազանքների իրականացմանը:

Սույն ձեռագիրը չէր հավակնում ընկալվելու իբրև պատմական կամ սոցիոլոգիական հետազոտություն, չէր առաջարկում օրվա իրավիճակի համակողմանի քաղաքական կամ մակրոտնտեսական վերլուծություն և չէր պարունակում ճշգրիտ կանխատեսումներ: Մենք ոչ այնքան պատասխաններ ենք տալիս, որքան՝ հարցեր բարձրացնում: Մենք գիտակցաբար չենք անդրադարձել որոշ կարևոր հիմնախնդիրների` Ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանի և Արցախի անվտանգությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների հետ հարաբերություններին: Նշված հիմնախնդիրները կարող են համակողմանիորեն իմաստավորվել միայն այդ հարցերով տարբեր տեսակետներ ունեցող լավագույն փորձագետների մասնակցությամբ քննարկումների ընթացքում: Բացի դրանից, համարում ենք, որ հիմնախնդիրներից յուրաքանչյուրը՝ հակամարտության կարգավորումը, միջազգային հարաբերությունները և անգամ հարաբերությունները սփյուռքի հետ, երկրի զարգացման մոդելի ընտրությամբ պայմանավորված, կունենա երկարաժամկետ լուծման զանազան տարբերակներ:

 

ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
 

Ձեռագիրը գրվել է մինչև Հայաստանում Թավշյա հեղափոխությունը, հետևաբար 1991 թվականին անկախության հռչակումից հետո երկրում ձևավորված կացութակերպի վերլուծությունը ներառում է մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ այդ հեղափոխությունը դեռևս թափ էր հավաքում: Խմբագրման վերջնական փուլին մենք անցել ենք ճիշտ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները սկսեցին իրենց քայլարշավը Գյումրիից: Տեքստում բովանդակային փոփոխություններ չենք կատարել, սահմանափակվել ենք խմբագրական ուղղումներով և այն անճշտությունների վերացմամբ, որոնք մատնացույց էին արել մեր ընթերցողները, ինչի համար մեծապես երախտապարտ ենք նրանց: Իրադարձությունների սրընթաց զարգացումը 2018 թվականի գարնանն ու ամռանը մեզ ստիպեց կասկածի տակ առնել մեր աշխատության հրատապությունը: Ստացված արձագանքները, մինչդեռ, ցույց տվեցին, որ իզուր էինք կասկածում: Պարզվեց, որ Թավշյա հեղափոխությունը սոսկ մեծացրեց ապագայի մասին անկեղծ ու բաց խոսակցության պահանջը, բարենպաստ զգացմունքային ֆոն ստեղծեց նման խոսակցության համար:

2018 թվականի օգոստոսին ռուսերեն լեզվով գրված մեր ելակետային փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն տվեցինք համեմատաբար փոքրաթիվ բարեկամների ու փորձագետների: Նրանք, իրենց հերթին, առաջարկեցին նոր ընթերցողների, որոնցից շատերի հետ նախկինում ծանոթ չէինք: Դեկտեմբերին պատրաստ էին փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակները, ինչն ընդլայնեց մեր ընթերցողների շրջանակը. այս պահի դրությամբ գիրքն ընթերցած անձանց թիվն անցնում է հազարից: Նրանք ապրում են աշխարհի 52 երկրներում և ներկայացնում  գործունեության ամենատարբեր ոլորտներ: Մեկ երրորդը բնակվում է Հայաստանում և Արցախում: Մենք մեծ կարևորություն ենք տալիս այն փաստին, որ յուրաքանչյուր հինգերորդ ընթերցող չունի հայկական արմատներ:

 

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ՄԵԾԱՑՐԵՑ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՆԿԵՂԾ ՈՒ ԲԱՑ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

Այս ընթացքում մենք ստացել ենք շուրջ երեք հարյուր արձագանք, և մինչ օրս շարունակում ենք նամակներ ստանալ: Ընթերցողների հետ անցկացրել ենք ավելի քան հարյուր տեսահամաժողով, հարյուր քսան տետ-ա-տետ հանդիպում, ինչպես նաև աշխարհի ութ երկրում կազմակերպել տասնյոթ քննարկում, որոնց մասնակցել է շուրջ 600 մարդ:  

Մենք խորապես երախտապարտ ենք մեր ընթերցողներին այս և մի ամբողջ շարք այլ գաղափարների համար, որոնք մեզ մտորելու նոր ուղղություններ հուշեցին կամ օգնեցին ճշգրտելու մեր տեսակետը: Այդ գաղափարներից շատերը կարտացոլվեն մեր ապագա գրքում, որը կլինի ավելի խորը, բազմակողմ և սուր:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք ակտիվ ներգրավվեցին այն հարցի քննարկման մեջ, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել Հայաստանը և հայերին 21-րդ դարում: Մենք հավատացած ենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո այս հարցադրումն իսկապես դարձել է արդիական: Մեծապես ցանկալի է, որ լուրջ մասնագիտական քննարկումներն ի վերջո շոշափելի դրսևորումներ ստանան և, արդունքում, վերածվեն երկրի ու ժողովրդի զարգացման երկարաժամկետ ռազմավարության համատեղ մշակման: Հենց այդ նպատակով մենք կոչ ենք անում Ձեզ կիսելու Ձեր մտքերը և դրանք քննարկելու մեզ, մեր ընթերցողների և միմյանց հետ՝ առցանց և տետ-ա-տետ, այդ թվում նաև՝ մեզ համար քննարկումների հարթակ հանդիսացող Futures Studio-ում, որը գտնվում է Երևան քաղաքի Բաղրամյան 6 պողոտայում:

 

ՆԱԽԱՆՇԵԼՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ   

 

Անշուշտ, յուրաքանչյուրը տեսնում է աշխարհը յուրովի, և երբեմն դժվար է միակցման կետեր գտնելը: Սակայն մենք հավատացած ենք, որ մարդկանց բաժանելը «յուրայինների» և «ոչ յուրայինների» և փոխգործակցությունը միայն նրանց հետ, որոնց մտածելակերպը հոգեհարազատ է մեզ, կարող է հանգեցնել փակուղու, ուստի համարում ենք, որ զարգացման տեսլականի ընտրության շուրջ հարգալից և ըստ էության քննարկումը կարող է լինել կառուցողական և, ամենակարևորը, արդյունավետ: Ավելի պարզ ասած, չնայած անցյալին և ներկային տրվող գնահատականներում մեր տարակարծություններին՝ մենք լիովին ունակ ենք նախանշելու ապագայի մեր հիմնական ուղենիշները և մշակելու համապատասխան ռազմավարություն, որպեսզի հետագայում այն շարադրենք հստակ, քայլ առ քայլ գործողությունների տեսքով: Հասկանալի է, որ վերոնշյալ ռազմավարությունը կարելի է կյանքի կոչել միայն այն դեպքում, եթե այն խարսխված լինի Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս գտնվող տարբեր սոցիալական խմբերի՝ պետական և հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության, գիտության և մշակույթի գործիչների, սփյուռքի ինտիտուստների, և իհարկե, հոգևոր շրջանակների միջև փոխզիջման (կոնսենսուսի) վրա: Այլ կերպ ասած՝ մտածող մարդկանց մեծամասնության միջև կոնսենսուսի հաստատման վրա, որոնք, անկախ իրենց գործունեության ոլորտից, սրտացավ են մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ: Միայն այդպիսի ռազմավարությունը թույլ կտա համախմբել մեր ժողովրդի ջանքերը և ռեսուրսները՝ հանուն թռիչքային զարգացման:  

«Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակներ 
Ռուբեն Վարդանյան, Նունե Ալեքյան
և մեր հայեցակարգի համահեղինակ Նուբար Աֆեյան

Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։