Ընթերցողների կարծիքը

Օլեգ Գաբրիելյան
Օլեգ Գաբրիելյան
Ղրիմի Վ. Ի. Վերնադկսու անվան դաշնային համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, Ֆուլբրայթ ծրագրի պրոֆեսոր
Նախ, ես ծանոթ չեմ համանման որևէ այլ աշխատանքի, որը ոչ միայն համակարգված կվերլուծի Հայաստանի և Արցախի հիմնախնդիրների ներկա վիճակը, այլև կառաջարկի դրանց լուծման ուղիները։ Երկրորդ, ուզում եմ նշել Հայաստանի և Արցախի ապագայի՝ քննարկման համար բաց նախագիծը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված կոնկրետ քայլերը։

Հատկապես պետք է նշել, որ հեղինակն ինքն ապացուցել է, որ իր տեսականացումը (բառի լավ իմաստով) իր գործնական և հաջող գործողությունների հիմքն է, ուստի ես պատրաստ եմ մասնակցելու ինչպես հայեցակարգ-հոդվածում հայտարարված խնդիրների քննարկմանը, այնպես էլ դրա իրականացման գործնական քայլերին։ 

Այս հարցի շուրջ իմ մտքերը շարադրված են «Սփյուռքի ռազմավարությունը. գոյության իմաստը և զարգացման հեռանկարները» հոդվածում (հասանելի է ռուսերեն լեզվով)։  Դրանում ավելի շատ շոշափվում են Սփյուռքի խնդիրները, քանի որ հենց այդ ոլորտում ունեմ գործնական և հետազոտական աշխատանքի փորձ: Հուսով եմ, որ հոդվածում արտահայտված մտքերը օգտակար կլինեն մեր ընդհանուր աշխատանքի համար։ Ժամանակին՝ 44-օրյա պատերազմի դժվարին ու խռովահույզ օրերին, ես փորձում էի Ռուբեն Վարդանյանին փոխանցել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մեջ ավելի ակտիվ ներգրավվելու անհրաժեշտության գաղափարը։ Ուրախ եմ, որ ներկայումս նա, մնալով հասարակական գործիչ, այնուամենայնիվ գիտակցում է Հայաստանի քաղաքական կյանքին ավելի ակտիվ մասնակցելու անհրաժեշտությունը, ինչը չափազանց կարևոր է, քանի որ կա համահայկական ուժերի համախմբման կետ, և Ռուբենը դրա արժանի առաջնորդն է
 

Էդուարդ Նաղդալյան
Էդուարդ Նաղդալյան
«Դելավոյ էքսպրես» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Երևան
Հոդվածներից մեկում արդեն հայտնել եմ, որ ողջունում եմ Ռուբեն Վարդանյանի մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ։ Ավելի վաղ բազմիցս խոսել եմ նաև նրա մասին, որ Սփյուռքի վերնախավը տարօրինակ կերպով իրեն մեկուսացրել է Հայաստանից՝ սահմանափակվելով մարդասիրական օգնությամբ։ 25 տարի շարունակ Սփյուռքը կողմնակիորեն դիտում էր, թե Հայաստանն ինչպես է ծվեն-ծվեն լինում տեղական ավազակապետության կողմից, թեև քաղաքական ազդեցության ու միջամտության համար ուներ բոլոր հնարավորությունները: Բայց ավա՜ղ... Շեշտում եմ. խոսքը վերնախավի և ոչ թե ողջ Սփյուռքի պատասխանատվության մասին է, քանի որ միայն վերնախավն է ի վիճակի իրական ազդեցություն գործելու գործընթացների վրա։ Սակայն նա դա չարեց. ավելին՝ համագործակցեց ավազակապետության հետ։ Նույնն անում էին նաև Սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունները։ Այդ ժամանակից ի վեր այն դրույթը, թե հայերը միշտ երազել են անկախ պետականության մասին, ինձ համար դարձավ հերթական հայկական առասպելը։ Եթե ​​Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ միասին կարողանա հակառակն ապացուցել, ես միայն ուրախ կլինեմ։

Մեկնաբանություններ «Հայաստանի ապագայի 15 սկզբունք» հոդվածի առնչությամբ 

Հոդվածներից մեկում արդեն հայտնել եմ, որ ողջունում եմ Ռուբեն Վարդանյանի մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ։ Ավելի վաղ բազմիցս խոսել եմ նաև նրա մասին, որ Սփյուռքի վերնախավը տարօրինակ կերպով իրեն մեկուսացրել է Հայաստանից՝ սահմանափակվելով մարդասիրական օգնությամբ։ 25 տարի շարունակ Սփյուռքը կողմնակիորեն դիտում էր, թե Հայաստանն ինչպես է ծվեն-ծվեն լինում տեղական ավազակապետության կողմից, թեև քաղաքական ազդեցության ու միջամտության համար ուներ բոլոր հնարավորությունները: Բայց ավա՜ղ... Շեշտում եմ. խոսքը վերնախավի և ոչ թե ողջ Սփյուռքի պատասխանատվության մասին է, քանի որ միայն վերնախավն է ի վիճակի իրական ազդեցություն գործելու գործընթացների վրա։ Սակայն նա դա չարեց. ավելին՝ համագործակցեց ավազակապետության հետ։ Նույնն անում էին նաև Սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունները։ Այդ ժամանակից ի վեր այն դրույթը, թե հայերը միշտ երազել են անկախ պետականության մասին, ինձ համար դարձավ հերթական հայկական առասպելը։ Եթե ​​Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ միասին կարողանա հակառակն ապացուցել, ես միայն ուրախ կլինեմ։ 

Այժմ՝ հոդվածի մասին։ Այն շատ ծավալուն է և հանգամանալի մեկնաբանությունները հնարավոր չեն թվում։ Այն հիմնական պահը, որ փնտրում էի հոդվածում, քաղաքական նոր մտածողությունն էր, որն այնքան անհրաժեշտ է Հայաստանին։ 30 տարվա ընթացքում չափազանց շատ սուտ, կարծրատիպեր ու առասպելներ ենք դիզել: 

Ռ. Վարդանյանն իր հոդվածում Հայաստանի հիմնական խնդիրը տեսնում է որոշումների կայացման մենաշնորհի մեջ, իբրև թե՝ ժողովրդի վստահության մանդատը նման մենաշնորհի իրավունք չի տալիս։ Ես այնքան էլ համաձայն չեմ դրա հետ: Հեղինակն ինքը անմիջապես հղում է Լի Կուան Յուի դրական օրինակը՝ այն մարդու, որը հենց մենաշնորհով է ստեղծել Սինգապուրը։ Այնպես որ, խնդիրը բուն մենաշնորհի մեջ չէ, այլ դրա որակի և ուղղվածության։ Մենաշնորհի ուղղվածությունը կարող է լինել ինչպես դեպի անձնական գրպանը, այնպես էլ դեպի երկրի հաջող նախագծի ստեղծումը, ինչը տեղի է ունեցել Սինգապուրի դեպքում։ Ամեն ինչ կախված է «բռնապետի» անհատականությունից։ Գլխավորը ոչ այնքան իշխանության օրինակարգությունն է, որքան դրա արդյունավետությունը։ Ավելին. ես լիովին ընդունում եմ ոչ օրինակարգ իշխանության գալը, քանի որ օրինակարգություն կարելի է վաստակել նաև հետագա արդյունավետության հաշվին։ Եվ հակառակը. եթե օրինակարգ իշխանությունը ողջամիտ ժամանակամիջոցում չի հաստատում իր արդյունավետությունը, տեղի է ունենում այն, ինչ կոչվում է հմայքի «առօրեականացում»։ Սա ճիշտ այն է, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում։ 

Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, քաղաքականության առանցքային խնդիրն այն չէ, թե ինչ անել, այլ՝ թե ով պետք է և կարող է դա անել: Պատմությունը կերտում են անհատները։ Որևէ երկիր ճահճից դուրս հանելու համար անցումնային փուլում անհրաժեշտ է լուսավորյալ ավտորիտար ռեժիմ։ Զուտ մեթոդական առումով դա կլինի իդեալական տարբերակ. անցումնային շրջանում երկրին անհրաժեշտ է Լի Կուան Յուի նման ավտորիտար առաջնորդ, որն ունի համապատասխան դրդապատճառ և անհրաժեշտ ունակություններ։ Սակայն գործնականում մենք չենք կարող անվերջ սպասել նման իդեալական առաջնորդի ի հայտ գալուն։ Իսկ ի՞նչ ունենք իրականում:  

Հիմա ունենք ավտորիտար, չկոռումպացված առաջնորդ ի դեմս Փաշինյանի, որն առաջին անգամ ունի երկիրը ճահճից դուրս բերելու դրդապատճառներ, բայց, ցավոք, բավարար չափով չի տիրապետում անհրաժեշտ ունակությունների։ Փաշինյանն անարդյունավետ կառավարիչ է, և դա փաստ է։ Նա չկարողացավ ապահովել լուսավորյալ ավտորիտարիզմի բավականաչափ կոշտ ռեժիմ, ինչի կարիքը երկիրն ուներ ու ունի մինչև օրս։ Փոխարենը ականատես ենք լինում կեղծ ժողովրդավարության (իսկ Հայաստանում այլ բան չի ​​կարող լինել) մի խաղի, որը բավական վտանգավոր է երկրի համար։ 

Ուրեմն, ի՞նչ անել: Եվ ահա տրված իրավիճակում շատ հաջող լուծում է թվում Ռ. Վարդանյանի առաջարկը՝ ստեղծել հայկական համաշխարհային վերնախավի հեղինակավոր ներկայացուցիչների հանրային խորհուրդ, որը երկրի վերափոխման առաջարկություններ կմշակի նշված բոլոր 15 ուղղությունների համար։ Իշխանության կամքից անկախ ստեղծված նման հասարակական խորհուրդը չի կարող անտեսված մնալ իշխանությունների և ամբողջ հասարակության կողմից, ինչն առնվազն կհանգեցնի երկրում ապագայի վերաբերյալ առողջ քննարկման ձևավորման։ Հասարակությունը կորցրել է կողմնորոշումը, հասարակությունը խիստ կարիք ունի բարոյական նոր հեղինակությունների, որոնք հասարակության ուշադրությունը կուղղորդեն դեպի ապագան: Հանրային խորհուրդը կարող է դառնալ ներկայիս իշխանության շատ հաջող համալրումը։ Ամեն ինչ կախված է նրա գործունեությունից և փորձագետների անուններից։ Ես այժմ իսկ որևէ խոչընդոտ չեմ տեսնում նման խորհուրդ ստեղծելու ճանապարհին։ Ինչքան շուտ այն ստեղծվի, այնքան լավ։ Սա միանշանակ է։  

Ինչ վերաբերում է 15 սկզբունքներին, դրանք գրեթե բոլորը միանգամայն տրամաբանական են։ Մնում է դրանք լրացնել ստույգ բովանդակությամբ, ինչը կարող է անել խորհուրդը։ 

Իմ կարծիքով, հեղինակի բացթողումներից է հարևանների հետ խաղաղ գոյակցության հրատապ անհրաժեշտության մասին դրույթի բացակայությունը։ Տարօրինակ է, բայց հայերի արժեքների աստիճանակարգության մեջ աշխարհը հայտնվել է ինչ-որ ետնախորշերում։ Ավելին. բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքագետներ ու փորձագետներ իրենց թույլ են տալիս ծաղրել հռչակված խաղաղության քաղաքականությունը, որը կլինիկական ախտորոշում է։ Պաշարված բերդի ու ռազմատենչ ազգի մոդելն ակնհայտորեն հարիր չէ Հայաստանին։ Այս հարցում արդեն պետք է շատ կոշտ արտահայտվել, ավելի հստակ շեշտադրումներ կատարել. ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է արկածախնդիր ու անպտուղ արտաքին քաղաքականությունից։ 

2-րդ գլխի մասին. Նախկին սոցիալական պայմանագիրը 

Ես կհանեի կամ կձևափոխեի այս գլուխը: Սա իրականության գունազարդում է։ Նախկին իշխանությունը որևէ սոցիալական պայմանագիր չուներ։ Հայաստանը ռազմատուգանք էր դարձել Ղարաբաղյան պատերազմից վերադարձած դաշտային հրամանատարների համար։ Նրանք իրականացրել են պետության բռնազավթում (դա կոռուպցիայի բարձրագույն ձևն է) և հաղթողի իրավունքով զբաղվել են թալանով։ Միայն թե այստեղ տարածքն օտարինը չէր... Դրանով նրանք ապացուցեցին, որ Ղարաբաղյան պատերազմը որևէ կապ չունի Հայաստանի ու ժողովրդի շահերի հետ։ Դասական վիճակ. հեղափոխությունն անում են ռոմանտիկները, պտուղներից օգտվում են սրիկաները: Զավթիչի իրավունքով, նրանք ոչ մեկի հետ չէին պատրաստվում կիսել ո՛չ իշխանությունը, ո՛չ փողը։ Ուստի Սփյուռքի հետ հարաբերություններն արագ մտան փակուղի։ Ադրբեջանի հետ նույնպես բանակցային գործընթաց չի եղել. եղել է դրա նմանակում, սաբոտաժ։ Ոչ ոք չէր պատրաստվում վերադարձնել գրավված տարածքները։ Այդ պատճառով էլ մենք կորցրինք Ղարաբաղը։ 

Ռուսաստանի հարցը։ Սա, ավանդաբար, հայ քաղաքագետների սիրելի զբաղմունքն է. վիճաբանել, թե ինչպիսի Հայաստանն է ավելի ձեռնտու Ռուսաստանի համար, ինչն է ամենից ավելի բխում Ռուսաստանի շահերից և այլն։ Հարկավոր է հեռու մնալ այդ անիմաստ խոսույթից։ Եթե ​​ ինքներս համարժեքորեն կողմնորոշվենք մեր իսկ սեփական շահերի հարցում, ինչը խրոնիկ կերպով չի հաջողվում վերջին 30 տարվա ընթացքում, դրանով Ռուսաստանին մեծապես կօգնենք մեր նկատմամբ իր վերաբերմունքը որոշելու գործում։ 

Մի քանի մեջբերում մեկնաբանություններով։ 

Մեջբերում. «Երբ հայության մեծ մասը <...> հանգիստ է ընդունում պատերազմում պարտությունը և Արցախի հողերի մեծ մասի կորուստը, դա վկայում է միասնության և հավաքական պատասխանատվության զգացման կորստի մասին։ Կորցնելով Արցախը՝ նույն հեշտությամբ կարող ենք կորցնել նաև Սյունիքը, այնուհետև՝ Տավուշի մարզը և այլն։ Անմիաբանությունն ու անտարբերությունը մեր հասարակության այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք հարկավոր է հնարավորինս արագ հաղթահարել» (C. 1.)։ 

Մեկնաբանություն. Իմ կարծիքով, սա սխալ պնդում է։ Միասնություն չկա, քանի որ 25 տարի է, ինչ ապրում ենք ստի մեջ։ Ինչի՞ մեջ պետք է միասնական լինեինք. ադրբեջանական հողերի գրավման հարցո՞ւմ։ Ճշմարտությունն այն է, որ մենք մշտապես խոսել ենք Ղարաբաղի և նրա ինքնորոշման մասին, սակայն համառորեն լռության ենք մատնել գրավված տարածքների խնդիրը, որի պատճառով ամբողջ աշխարհը Հայաստանին ագրեսոր էր համարում։ Եվ, ի դեպ՝ արդարացիորեն։ Բայց բոլորս աշխարհն անտեսեցինք 25 տարի՝ ջայլամի նման գլուխներս թաղած ավազի մեջ։ Պատերազմում պարտությունը Հայաստանի արտաքին քաղաքականության հրեշավոր սխալների հատուցումն է։ Թերևս դա՞ է պատճառը, որ ժողովուրդը հանգիստ է ընդունում պարտությունը, քանի որ ենթագիտակցաբար գիտակցում է, որ սա իրականում հատուցում է։ Իսկ ինչպիսի՞ն պիտի լիներ մեր հաղթանակը։ Օկուպացիայի բարեհաջող շարունակությա՞մբ, դեռ ավելին՝ նոր հողերի զավթմա՞մբ, ինչպես խոստացել էին որոշ ճարպիկ «հայրենասերներ»։ 

Երկրորդ, Արցախում տիրող իրավիճակը կտրականապես անհնար է արտարկել Հայաստանի վրա։ Սա ընդհանրական դարձած վտանգավոր քաղաքական շահարկում է՝ «առանց Արցախի Հայաստան չկա»։ Այդ ուրվականային պատմությունները տեղին չեն: Ի՞նչ կապ ունեն Սյունիքը, Տավուշը և այլն։ Ադրբեջանը տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ, ինչի մասին բազմիցս հայտարարել է, թեև մենք լավ առիթ ենք տվել։  

Նրա նպատակն էր վերականգնել գրավված տարածքների վրա իր ինքնիշխանությունը և վերադարձնել Ղարաբաղը։ Նպատակը գործնականում իրականացվել է, և Ադրբեջանն այլևս կարիք չունի շարունակելու ռազմական գործողությունը։ Սահմանները հստակեցնելու անհրաժեշտություն կա, որի համար ժամանակ կպահանջվի։ Ուստի, եթե իսկապես ուզում ենք նայել դեպի ապագան, այլ ոչ թե զբաղվել մազոխիզմով, ապա հարկավոր է ճանաչել գոյություն ունեցող իրականությունը, այն է՝ Ադրբեջանի հետ Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ ռազմավարական առումով մենք պարտվել ենք։ Կռվից հետո բռունցքներ ճոճելը հիմարություն է: Սա պետք է ըմբռնել պարզապես ողջամտորեն ու սառնասրտորեն՝ առաջ շարժվելու և Ադրբեջանի հետ նոր հարաբերություններ կառուցելու համար։  

Այո, հիմա Հայաստանի գլխավոր խնդիրը Ղարաբաղի մնացած մասի կարգավիճակն է։ Անձամբ ես այս առնչությամբ այլևս պատրանքներ չունեմ։ Իմ կանխատեսումն այն է, որ մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանն այն ​​տնտեսապես կկլանի։ Ինքներդ դատեք. Ալիևը խոստացել է տնտեսական դրախտ ստեղծել Ղարաբաղում, մանավանդ որ դրա համար բոլոր ռեսուրսները կան։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է այս հարցում: Իսկ հետո սառնարանը կհաղթի հեռուստացույցին ... 

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, որին ապավինում ենք ու որից կառչել ենք, ինչպես խեղդվողը՝ փրփուրից, 25 տարվա ընթացքում ոչինչ չի արել։ Հենց Մինսկի խումբն էր, որ պետք է խփեր Հայաստանի գլխին և ուշքի բերեր, բայց չի արել։ Մինսկի խմբի հիմնական խնդիրն էր նոր պատերազմ թույլ չտալը։ Նա ձախողել է այդ խնդիրը: Ուստի նա ևս պատասխանատվության նշանակալի բաժին ունի երկրորդ պատերազմի և դրանում մեր պարտության համար։ Ուրեմն, ի՞նչ կարող է նա անել այսօր, երբ Ադրբեջանն անկեղծորեն անտեսում է նրան՝ որպես անպետքության։ Երանի հավատացողներին։ 

Մեջբերում. «Եվ հիմա՝ պատերազմից մեկ տարի անց, ժամանակն է հասկանալու, որ խաղաղություն կարող ենք ապահովել միայն այն դեպքում, եթե ինքներս ուժեղանանք, եթե միասնական լինենք և այդ միասնականությունը կարողանանք ցույց տալ մնացած ամբողջ աշխարհին։ Ոչ մի դեպքում չի կարելի համակերպվել պարտության հետ, առավել ևս, որ մեր հարևանը բավարարված չէ իր հաղթանակով և վաղ թե ուշ վերսկսելու է ագրեսիան» (С. 2.)։ 

Մեկնաբանություն. Խորհուրդ եմ տալիս հրաժարվել քարոզչական այս շաբլոններից։ Ինչո՞վ ենք մենք ուժեղանալու մեր հարևանների նկատմամբ։ Ֆինանսներո՞վ, տնտեսությա՞մբ, ժողովրդագրությա՞մբ, դաշնակիցներո՞վ: Անհեթեթությո'ւն։ Մենք կկարողանանք խաղաղություն ապահովել միայն այն դեպքում, երբ հասկանանք, որ պետք է առաջնորդվել «ռեալպոլիտիկի» սկզբունքներով, ոչ թե զգացմունքներով ու բարի ցանկություններով, որոնք մինչև օրս ընկած են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում։ Հարկավոր է ազատվել այդ վտանգավոր հիվանդությունից։ Հայաստանի անվտանգության խնդրի լուծումը պարզ է. դա «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հռչակումն է։ Ցանկացած փոքր երկրի համար սա աքսիոմա է։ Որպես սկիզբ, պետք է դադարեցնենք հարևանների իբրև թե թշնամանքի շահարկումը: Ադրբեջանը չէ, որ դարձավ մեր թշնամին. մենք էինք, որ մեզ թույլ տվեցինք դառնալ Ադրբեջանի թշնամին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսմանը, ապա դա նրան պարզապես հարկավոր չէ։ Իհարկե, Ադրբեջանը լիովին բավարարված չէ, բայց ունի բավականաչափ այլ՝ տնտեսական ազդեցության լծակներ։ Ես կխուսափեի «երբեք չպետք է համակերպվել պարտության հետ» տեսակի թեզերից, քանի որ դրանք պարունակում են վտանգավոր երկիմաստություն և Հայաստանի համար կործանարար ռևանշիզմի ուղղակի ակնարկ։ Ռազմական պարտության հետ չհաշտվել չենք կարող։ Զավեշտալի է նաև բանակի զարգացման այնպիսի մակարդակի մասին խոսել, որն անհնարին դարձնի մեր նկատմամբ ռազմական որևէ ոտնձգություն։ Հիանալի է հնչում, բայց այդ մակարդակը պարզապես գոյություն չունի: Սա մեծախոսություն է: Դա չէ անվտանգության հարցերը լուծելու ուղին։  

Ինչ վերաբերում է հարևանի ագրեսիային, ապա Հայաստանը, ըստ երևույթին, միակ երկիրն է, որն Ադրբեջանին ագրեսոր է համարում։ Մնացած բոլորը Ադրբեջանին շնորհավորել են տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Գուցե, վերջապես, ջանանք հասկանա՞լ, թե ինչու: Այստեղ նույնպես մեզ նոր մտածողություն է հարկավոր։ 

Մեջբերում. «Հիմնական միտքը, որ կցանկանայի փոխանցել այս հոդվածով, իմ այն համոզմունքն է, որ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու հզոր երկիր, իսկ հայերը՝ ժամանակակից հաջողակ ժողովուրդ, որն իր ավանդական արժեքները կվերակենդանացնի՝ հենվելով իր փառավոր անցյալի վրա, սակայն նայելով դեպի ապագան» (С. 2.)։ 

Մեկնաբանություն. Լիովին համաձայն եմ։ Այդ հնարավորությունները կան։ Հիմնական նախադրյալը փոքր երկրի փոքր իներցիան է, որը տեսականորեն թույլ է տալիս կարճ ժամանակում կտրուկ փոխել իրավիճակը։ Անհրաժեշտ (բայց ոչ բավարար) պայման են հարևանների հետ հակամարտությունների դադարեցումը և նրանց հետ առանց որևէ միջնորդի՝ ուղիղ, ինտենսիվ, կառուցողական երկխոսության մեջ մտնելը, ինչից մինչև այժմ փոքրոգորեն խուսափել ենք։ 

Հայկ Դեմոյան
Հայկ Դեմոյան
Պատմական գիտությունների դոկտոր
Սիրելի Ռուբեն, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ Ձեր ներկայացրած հոդվածի կապակցությամբ Ձեզ որոշ գաղափարներ ու մտքեր հայտնելու հնարավորության համար: Հոդվածն ինքնին այնպես է կառուցված, որ ընթերցողին հնարավորություն է տալիս դրան հետևելու և այն ընկալելու իբրև Հայաստանի ապագային ուղղված գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ։ Դժվար է վիճարկել կամ կասկածի ենթարկել հոդվածում նշված բոլոր կետերն ու խնդրահարույց պահերը: Կցված ակնարկում որոշ առաջարկություններ ու պատկերացումներ կան, որոնք ցանկանանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը՝ հուսալով, որ դրանցից մի քանիսը կարող են նոր ու հետաքրքիր քննարկում առաջ բերել Ձեր ներկայացրած հոդվածի առնչությամբ:

ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ. Խորհուրդներ ապագա քաղաքականություն մշակողների համար 

Հայաստանն ու հայկական ողջ աշխարհը հայտնվել են աշխարհաքաղաքական նոր դրամատիկ փոփոխությունների հորձանուտում, որոնք առաջիկա տասնամյակներում աներկբայորեն կազդեն երկրի ապագայի վրա։ Բազմաթիվ սպառնալիքները, որոնց բախվում ենք մեր օրերում, բազմաթիվ հարցեր են առաջացնում երկրի ղեկավարության և մտավոր վերնախավի համար՝ նրանց դրդելով գտնելու հույժ կարևոր լուծումներ, առնվազն՝ այդ սպառնալիքները չեզոքացնելու և երկրի կայուն անվտանգությունը երաշխավորելու կարճաժամկետ ռազմավարություններ: Միևնույն ժամանակ, բազմաթիվ սպառնալիքներ, այդ թվում և այնպիսիք, որպիսիք առկա են հայկական աշխարհում և բուն Հայաստանում, ներկայանում են որպես արտաքին անվտանգության խնդիրներ։ Մենք պետք է առերեսվենք այդ խնդիրների հետ, որպեսզի հասկանանք դրանց ծագումն ու ակնհայտ հետևանքները՝ միևնույն ժամանակ փորձելով նվազագույնի հասցնել առկա ու գալիք այն սպառնալիքների ու խնդիրների բացասական ներգործությունը, որոնց բախվում ենք այս պահին: 

Ինչպե՞ս արձանագրել մեր պատմությունը, հատկապես ընթացիկ պատմությունը 

Մեր իրականության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք շարունակաբար չենք կարողանում պատշաճ կերպով արձանագրել և ներկայացնել մեր անցյալ և ներկա իրադարձությունները՝ առանց պատմական իրադարձությունների և փաստերի չարաշահումների ու նենգափոխումների: Սա կարևոր խնդիր է, որով հարկավոր է զբաղվել, քանի որ պատմության մասին խոսելիս ու գրելիս ցանկացած նենգափոխում անվտանգության լուրջ խնդիր է երկրի ապագայի համար։ Ցավոք սրտի, պատմական իրադարձությունների ու փաստաթղթերի, առկա իրողությունների ու ընթացող զարգացումների նենգափոխումները մեր օրերում դարձել են շատ բնական երևույթ։ Այդ խնդիրը որևէ կապ չունի գրաքննության կամ բազմակարծության հարցերի հետ։ Երբ որևէ երկրի գիտական շրջանակը նենգափոխում է պատմությունը և հատկապես ներկայիս պատմությունը, մենք դրան պետք է վերաբերվենք որպես անվտանգության դեմ լուրջ մարտահրավերի։ Այս հարցը համարում ենք մեր իրականության հիմքային խնդիր՝ անցյալ և ներկա զարգացումներն անաչառ ներկայացնելու կարևորությունն ըմբռնելով որպես լավ կառավարման և ազգ-պետության կայացման էական նախապայման։ 

Խորհրդային ժառանգությունը և Հայաստանի «պետություն պետության ներսում» երևույթի  մարտահրավերը 

2018 թվականի գարնան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Երևանի բուն կենտրոնում, հետագայում ազդարարեցին Հայաստանի ապագայի նկատմամբ ևս մեկ լուրջ սպառնալիքի առկայությունը, որի հետ պետք է առերեսվենք և բոլոր միջոցներով փորձենք հաղթահարել, ոչ թե այն ընդունենք որպես սովորական մի բան։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ Հայաստանում այժմ բախվում ենք նոր երևույթի՝ «պետություն պետության ներսում» կառուցվածքի հետ։ Ինստիտուցիոնալ «պետություն պետության ներսում» երևույթի խնդիրը շատ արդիական է բազմաթիվ երկրների համար, որոնցից են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և այլն, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք գոյատևել որպես ազգ, երբ մարդու հիմնարար իրավունքները և հատկապես ազատ քվեարկության իրավունքն ու հանրության ընտրանքն այժմ հարցականի տակ են։  

Հայաստանը փոքր երկիր է, և, երկրի զարգացման ու առաջընթացի ռազմավարություն մշակելուց առաջ, պետք է պատշաճ կերպով քննարկվի ու վերլուծվի «պետություն պետության ներսում» ​​երևույթը։ Հայաստանի հասարակության ներսում և բուն Սփյուռքում բազմաթիվ բաժանարար գծեր գծելը թվում է հայաստանյան «պետություն պետության ներսում» կառույցի ռազմավարության կարևոր գործիք, որն ամեն կերպ ջանում է գոյատևել՝ չունենալով հստակ օրակարգ և, ինչն ավելի կարևոր է՝ չունենալով երկրի առաջընթացի շարժիչ ուժը դառնալու հնարավորություն։ 

Սփյուռք-Հայաստան հարաբերություններ 

Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ ձևավորելիս հետաքրքիր մոտեցում կարող է լինել աշխարհի բազմաթիվ այլ համայնքների շարքում Հայաստանի ներկայանալը որպես հայկական ամենամեծ համայնք: Մեր օրերի «հայաստանցի» և «սփյուռքահայ» երկատումը հստակորեն քամահրական հակադրության իմաստ ունի։ Մենք պետք է վերացնենք հոգեբանական ու բարոյական խոչընդոտները և Հայաստանը ներկայացնենք որպես «primus inter pares», այսինքն՝ առաջինը հավասարների մեջ։ Սա կարող է հետաքրքիր մեկնարկային կետ լինել առաջ շարժվելու, գաղափարների իրական ինտեգրում ու միաձուլում սկսելու և հայկական աշխարհում ընդհանուր ռազմավարություններ մշակելու համար: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դարձել են 30-ամյա կորսված հնարավորություն։ Այս խնդիրներով զբաղվելիս մենք պետք է հասկանանք գոյություն ունեցող անվստահության մթնոլորտի բուն ծագումը, որը, իմ կարծիքով, վերնախավային մակարդակի ճգնաժամ է, ինչը դեռևս չենք կարողանում հաղթահարել: Այս խնդրին ես անդրադարձել եմ 2017 թ. սեպտեմբերին «Armenian Mirror Spectator»-ում տպագրված իմ հոդվածներից մեկում: Ցավոք սրտի, իմ շատ կանխատեսումներ իրականություն դարձան: Տե'ս 

Ինչպե՞ս վարվել արխայիկ ու հնամենի կառույցների հետ   

Խոսքը մտային դարավոր ու արխայիկ կառույցների մասին է, ինչը ծանր հարված է Հայաստանի զարգացման ու առաջընթացի որևէ ռազմավարության համար։ Որոշ կառույցներ, ինչպիսիք են սփյուռքյան համայնքներում քաղաքական կուսակցությունները, խիստ հնամենի են, և կարևոր խնդիրն այն է, թե ապագա ռազմավարությունների համար ճանապարհ հարթելիս ինչպես վարվել դրանց հետ։ Համայնքի ներսում և Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելիս Սփյուռքի համայնքային գործունեությունը դարձավ մոլորեցնող ու անգործունակ՝ կառավարման և ընդդիմության այնպիսի հնացած կառույցների պատճառով, որոնք շատ դեպքերում վերածվեցին արյունալի հակամարտության և համայնքներում դարձան ատելի: Նման կառույցներն ու առկա մարտահրավերները հասկանալու բացակայությունը, այո, գոյաբանական խնդիր է հայկական աշխարհի համար, որը սփռված է և չունի գործելու ինստիտուցիոնալ և ամուր երկարաժամկետ ռազմավարություն։ Նոր սերունդը պետք է ընդունի այս մարտահրավերը և մշակի համայնքային կառավարման, պետական ​​կառույցների ու Հայաստանի հետ փոխգործակցության նոր օրակարգ՝ այդպիսով վերածվելով արդյունավետ գործիքի համահայկական շահերը սփյուռքյան համայնքներ ու Հայաստան բերելու նպատակով։  

Աշխարհիկ Հայաստան և աշխարհիկ Սփյուռքի համայնքներ 

Հայկական աշխարհի արդիականացման ու բարեփոխման սկզբունքային հարցերից մեկն այն է, թե ինչպիսի դեր ենք ուզում վերապահել Հայ առաքելական եկեղեցուն։ Վերջինս պահպանողական կառույց է և, անկասկած, դարեր ի վեր վճռորոշ դեր է կատարել հայապահպանության գործում։ Այսօր մենք ականատես ենք լինում Հայ առաքելական եկեղեցու աճող շահագրգռությանն ու միջամտությանը Հայաստանի հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների, այդ թվում՝ կրթության, բարեգործության, բայց նաև՝ տնտեսության և քաղաքականության մեջ։ Եկեղեցու և նրա կառույցների վերափոխումը մեկ այլ մարտահրավեր է թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի համայնքների համար։ Պառակտված եկեղեցին համայնքներում առաջատար դիրք ունի և իրեն ներկայացնում է որպես բազմաթիվ համայնքների կառավարման ու կարգավորման համար պատասխանատու միակ կառույց: Հայ առաքելական եկեղեցին նաև համայնքների ֆինանսական միջոցների հիմնական ժողովողներից է։ Հայ առաքելական եկեղեցու այս կարգավիճակը և նրա պառակտված/երկակի բնույթը, բազմաթիվ պատճառներով, լավ նախադրյալներ չեն Հայաստանի արդիականացման համար։ Պետք է ստեղծվեն և համայնքների ներսում զորացվեն բացարձակապես նոր ու դինամիկ աշխարհիկ կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն Հայաստանի և հյուրընկալ երկրների հետ կապի ու փոխգործակցության համար: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։