Afeyan Philanthropies կազմակերպությունը ստեղծում է Afeyan Initiatives for Armenia (AIFA) զարգացման հիմնադրամը
2024 թ. սեպտեմբերի 5, Երեւան. Afeyan Philanthropies կազմակերպությունը, որի առաքելությունն է ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ գտնելը, այսօր հայտարարել է Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնության մեկնարկի մասին: Հիմնադրամի առաքելությունը առավել կենսունակ, տոկուն եւ բարգավաճ Հայաստան կառուցելու գործին նպաստելն է: Շարունակելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական և մարդասիրական գործունեությունը ՝ AIFA-ն հանդիսանալու է Հայաստանում ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն: AIFA զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հասարակական կազմակերպություններում կառավարման փորձառու ղեկավար Դալար Կազանջյանը:
Նա ռազմավարական տեսանկյունից կգնահատի եւ կներկայացնի Հայաստանի զարգացման կարիքները եւ կյանքի կկոչի անհրաժեշտ լուծումներ՝ իրենց գործունեության հիմքում համապատասխան առաքելություն ունեցող կազմակերպությունների հետ եւ աջակցությամբ: Դալար Կազանջյանը միանում է AIFA զարգացման հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Դավիթ Թադեւոսյանին, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարել կազմակերպությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ:
«Ավելի քան երկու տասնամյակ մեր ջանքերն ուղղել ենք Հայաստանի կայուն ապագային. ապագա, որտեղ խրախուսում են նորարարությունը, խթանում ներառականությունը եւ առաջնահերթություն տալիս բոլոր քաղաքացիների բարեկեցությանը»,- նշել են Afeyan Philanthropies կազմակերպության հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները: «AIFA նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք ամրապնդելու մեր կատարած աշխատանքը, իրականացնելու նոր ծրագրեր եւ համագործակցելու նոր գործընկերների հետ՝ ընդլայնելու նախաձեռնությունների ազդեցությունը: Օգտագործելով տարբեր շահագրգիռ կողմերի հավաքական փորձը եւ ռեսուրսները՝ մենք ձգտում ենք դրական փոփոխություններ իրականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ առողջապահության, գիտության եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ արվեստի»:
Նրանք նաեւ ավելացրել են. «Դալարն ունի երկարամյա տպավորիչ աշխատանքային փորձ և առաջնորդության մեծ փորձ՝ զարգացման եւ բարեգործության ոլորտներում Հայաստանում եւ տարբեր երկրներում: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի տնտեսական եւ հասարակական կարիքների բավարարմանն ուղղված Դալարի գործունեության դրական ազդեցությանը եւ նմանատիպ նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը»:
Դալար Կազանջյանը AIFA է բերում կառավարման հարուստ փորձ: Նա վերջերս օգնել է մշակել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարության ոլորտում Հայաստանի առաջին ռազմավարությունը՝ խորհրդատվություն տրամադրելով վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավարին, թիմին եւ փորձագիտական աշխատանքային խմբերին ապագա տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման նոր տեսլականի վերաբերյալ։
Նախկինում նա եղել է «Հայաստան 2041» հիմնադրամի գործառնությունների գծով գլխավոր տնօրենը, որտեղ համակարգել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության մեկնարկը: 2022 թվականից տիկին Կազանջյանը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Դրանից առաջ եղել է ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրենը՝ օգնելով փոփոխություններ իրականացնել Հայաստանում: Իր գործունեության ավելի վաղ շրջանում Դալար Կազանջյանը եղել է խորհրդական Booz Allen Hamilton ընկերությունում՝ աշխատելով տարբեր երկրների հանրային հատվածի եւ պետական կազմակերպությունների հետ Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Կենտրոնական Եվրոպայում: Այս պաշտոնում նա խորհրդատվություն է տրամադրել կազմակերպություններին ռազմավարական վերակազմավորումների, փոփոխությունների կառավարման, ծրագրերի եւ ֆինանսական կառավարման վերաբերյալ:
Տիկին Կազանջյանը ներկայումս ընդգրկված է Հայաստանի ոչ առեւտրային երկու կազմակերպությունների խորհուրդներում: Նա ունի Ջոնս Հոփքինսի համալսարանի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի (SAIS) ռազմավարական գիտությունների եւ միջազգային տնտեսագիտության մագիստորսի աստիճան, ինչպես նաեւ Բեյրութի Սենթ Ջոզեֆի համալսարանի բակալավրի աստիճան: Նա վարժ տիրապետում է չորս լեզվի։
«Afeyan Initiatives for Armenia (AIFA) զարգացման հիմնադրամը հենվում է Հայաստանում Աֆեյանների թողած ազդեցության ամուր ժառանգության եւ հաստատակամ հանձնառության վրա՝ նպաստելու Հայաստանի եւ հայերի պայծառ ապագային»,- ասաց AIFA նախաձեռնության գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը: «Ինձ համար պատիվ է միանալ կազմակերպությանը՝ ղեկավարելու եւ ընդլայնելու Հայաստանի վերափոխման տեսլականը»:
Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնության մասին
Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնությունը (Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար) Afeyan Philanthropies կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է: Հիմնվելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների վրա՝ AIFA-ն կդառնա Հայաստանում Աֆեյանների ընտանիքի ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն: Afeyan Philanthropies կազմակերպությունն այս պահին ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորում և իրականացնում է հետևյալ ծրագրերը՝ «Հայաստան 2041» հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, FAST Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամ, «ՀԵՆԱՐ» հիմնադրամ եւ «Հայկական Հոգեւոր վերականգնման» հիմնադրամ:
AIFA զարգացման հիմնադրամը ձգտում է խթանել կրթությունը, նորարարությունն ու ձեռներեցությունը եւ կայուն զարգացումը Հայաստանում: Մեր նպատակն է ռազմավարական նախաձեռնությունների եւ համագործակցությունների միջոցով հասնել դրական փոփոխությունների տարբեր ոլորտներում՝ կենտրոնանալով կրթության, տեխնոլոգիաների, ձեռներեցության, առողջապահության, մշակույթի եւ մարդասիրության վրա:
Հայաստանի ապագայի մեր տեսլականը ենթադրում է բարգավաճ եւ կայուն միջավայր գալիք սերունդների համար, որտեղ առաջնահերթ են կայուն զարգացումը, մշակութային կենսունակությունը, բարեկեցությունը եւ Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը:
Afeyan Philanthropies կազմակերպության մասին
Afeyan Philanthropies կազմակերպությունը, որը հիմնադրել են Նուբար եւ Աննա Աֆեյանները 2000 թվականին, հավատում է, որ երեւակայության եւ մեր համայնքների ուժը կարող են ստեղծել ավելի լավ աշխարհ բոլորի համար: Մենք նախագծում, ստեղծում եւ աջակցում ենք նորարարական կազմակերպություններին եւ նախաձեռնություններին կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների, մարդասիրության ոլորտներում: Մեր ծրագրերն իրենց ազդեցությունն են ունենում աշխարհի տարբեր հատվածներում՝ այդ թվում Հայաստանում եւ Բոստոնում: Afeyan Philanthropies կազմակերպությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում տարբեր հիմնադրամների միջոցով՝ ներառյալ «Աֆեյան» հիմնադրամը, «Աֆեյան» հիմնադրամը Հայաստանի համար եւ Morgan Stanley ընկերությունում գործող դոնորների խորհրդատվական հիմնադրամը: Ավելին իմանալու համար այցելեք www.afeyanfoundation.org: