Թույլ տվեք հաղորդել մի քանի միտք, որոնք ծագեցին «Ճամփաբաժանին» ձեռագիրն ընթերցելիս։ Ուշադիր ընթերցել եմ 3-5-րդ գլուխները` հասկանալու Հայաստանի զարգացման հայեցակարգը, և թերթել եմ առաջին երկու գլուխները: Իսկապես շատ բան սովորեցի և ցանկանում եմ շնորհավորել հեղինակներին՝ խորքային վերլուծության և հայերի խոստումնալից ապագան խելացի կերպով նախագծելու համար:
Ինձ մասնավորապես դուր եկավ Հայաստանի՝ հաբ և գլոբալ ցանցային ազգ դառնալու գաղափարը։ Նման զարգացման հնարավոր մոդելների քննարկումը գրքում, մասնավորապես Սինգապուրի, Հարավային Կորեայի և, հալածանքների ու մերօրյա սփյուռքի հետ կապված որոշ դեպքերում՝ նաև Իսրայելի օրինակով, բավականին ուսուցողական է:
Ձեռագրում տեղ են գտել հատկապես արդյունավետ ու շահավետ սցենարներ և ճանապարհային քարտեզներ, երբ Հայաստանում ստեղծված իրավիճակի, վերջինիս պատմության ու ժողովրդի կողմից առաջ քաշած նախապայմանները դիտարկվում, իսկ հետագայում նաև համադրվում են համաշխարհային փոփոխության միտումների պահանջներին: Այս ամբողջական մոտեցումը բացառիկ է, և ես կցանկանայի, որ այլ հեղինակներ նույնպես միանան Ձեզ՝ քննարկելու իրենց երկրների և ժողովրդի ապագան նույնքան ճշգրիտ և վերլուծական եղանակով` առաջնորդվելով փոփոխության տեսլականով՝ հանուն ավելի լավ ապագայի:
Մասնավորապես կցանկանայի ընդգծել տաղանդայնության գաղափարը՝ որպես ապագայի կապիտալ և տնտեսության ու ազգի զարգացման ներառական էկոհամակարգի հայեցակարգ։ Խիստ կարևոր է հասկանալ, որ միայն ներդրումները, այլ ոչ թե կենսամիջոցի համար փոխանցումներն են հանգեցնում զարգացման: Սակայն, միևնույն ժամանակ, կայուն նորարարական ներդրումները զարգանալու համար ժամանակ են պահանջում:
Ես հասկանում եմ, որ հեղինակները, որպես Հայաստանի զարգացման շարժիչ ուժ, շեշտը դնում են սփյուռքի վրա, և հենց այդ սփյուռքն է ձեռագրի թիրախային հիմնական խումբը: Հուսով եմ, որ գիրքը անկյունաքար կդառնա ամբողջ աշխարհի հայերի շրջանում այն հարցերի համընդհանուր քննարկման համար, թե ինչու և ինչպես են նրանք նպաստելու զարգացմանը, որը հստակորեն պետք է առաջնորդվի մասնավոր սեկտորի կողմից և շարունակվի քաղաքական գործընկերների կողմից, երբ առավել անհրաժեշտ են նորարարությունն ու ստեղծարարությունը:
Այդուհանդերձ, թիրախային հիմնական խմբից բացի, «Ճամփաբաժանին» աշխատությունը կարող է դառնալ արժեքավոր փաստաթուղթ այն մասին, թե ինչ պետք է քննարկենք, երբ մտածում ենք զարգացման մասին գլոբալիզացվող աշխարհում, որտեղ քաղաքները կարող են ստանձնել ազգային կառավարությունների դերը, և որտեղ բոլորս պետք է մշտապես գործենք միաժամանակ և՛ գլոբալ, և տեղային տրամաբանությամբ։
Ես իսկապես հիացած եմ այս աշխատությամբ: Սակայն երկու պահ կա, որոնց հեղինակները պետք է ուշադրություն դարձնեն և ապագայում դրանք ներառեն ամբողջական պատկերում: Առաջինն այն հարցն է, թե ինչպես ստեղծել և պահպանել պահանջվող քաղաքական կամքը, քանի որ Սինգապուրի, Հարավային Կորեայի և Իսրայելի նշված բոլոր մոդելները ստեղծվել և առաջնորդվել են քաղաքական իրական կամք ունեցող առաջնորդների կողմից։
Մյուսը խաղաղությունն է: Երկարաժամկետ հեռանկարում, բարգավաճման համար ազգին անհրաժեշտ է խաղաղություն: Նույնիսկ Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդներն են մտածում հաշտության մասին, իսկ Սինգապուրին հաջողվել է «լեզու գտել» Մալազիայի հետ: Իսրայելի իրավիճակն ակնհայտորեն տարբեր է: Կարծում եմ, որ հաբ դառնալու գաղափարը պահանջում է, որ Հայաստանում կայուն խաղաղություն հաստատվի: