Նախ սկսեմ նրանից, որ չնայած ձեռագրում քննարկվող թեմաների շուրջ մեր հնարավոր տարակարծություններին կամ ընդհանուր տեսակետներին, որոնք շատ են, փաստաթուղթը չափազանց հետաքրքիր է և համաձակ: Հայաստանի և աշխարհի ապագայի շուրջ խորհելու կենսական անհրաժեշտությունը վաղուց հասունացել է, և սա ամենալավ ճանապարհ է մեկնարկելու այդ քննարկումը:
Անգամ եթե մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտություն կա վերաիմաստավորելու պետությունների և միջազգային կազմակերպությունների դերակատարումը, դրանց էությունը, կառուցվածքը, գործառույթներն ու գործելակերպը, ապա միայն այն պատճառով, որ դրանք պատշաճ կերպով չեն արձագանքում սոցիալական և անհատական կարիքներին: Այնուամենայնիվ, որքան էլ մեր մտադրությունները լավը լինեն, կարծում եմ՝ մեր նպատակը պետք է լինի այդ կառույցների բարելավումը և ոչ թե դրանց փոխարինումը մասնավոր կամ հատուկ նախաձեռնություններով:
Պետությունն է այն առանցքային կառույցը, որն ունի անհրաժեշտ կարողություն ապահովելու ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը, սակայն իր այդ հիմնական գործառույթն ապահովելու համար այն պետք է արդյունավետ լինի: Ժողովրդի՝ իր առջև դրած նպատակներին հասնելու և զարգացող աշխարհի պահաջներին բավարարելու համար անհրաժեշտ է ոչ միայն ստեղծել արդյունավետ ու նորարար վարչարարական համակարգ, այլև ձևավորել նոր փոխհամաձայնություն (կոնսենսուս), որը թույլ կտա զարգացման նոր մոդելի հիմքերն ստեղծել:
Անշուշտ, կոնսենսուսի ձևավորման առաջնային դաշտը քաղաքականությունն է: Որևէ զարգացում չի կարող լինել առանց քաղաքական շահերի ճիշտ կառավարման, ինչը գոյություն է ունեցել բոլոր զարգացած երկրներում: Քաղաքական հակասությունները կամ առնվազն դրանց ժողովրդավարական դրսևորումները չպետք է անտեսել: Չի կարող զարգացում լինել, եթե դրանից շահում են միայն քչերը: Պետք է հավաքական գործել և դա դիտարկել որպես առաջին կարևորագույն քայլ դեպի ռեսուրսների ավելի արդար բաշխում, ինչն էլ առաջընթացի և քաղաքացիների լավ ապագայի հեռանկար կստեղծի: Հայաստանն այսօր չի կարողանում ապահովել նման հավաքական գործելակերպ, ինչն էլ արտագաղթի հիմնական պատճառն է:
Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք բռնապետական ձևի պետության և կառավարման կարիք ունենք: Իհարկե՝ ո՛չ: Ես պարզապես ցանկանում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ գալիք դարաշրջանում անվտանգություն, առաջընթաց և արժանապատիվ դերակատարում ունենալու համար պետք է կառուցել այնպիսի պետություն, որը կունենա ռազմավարական տեսլական, ինտեգրված քաղաքացիներ, հստակ տնտեսական մոդել և մարդու իրավունքների լիարժեք իրացում:
Այս ճանապարհին ծանրակշիռ դերակատարում կարող են ունենալ մասնավոր նախաձեռնությունները, նոր ցանցերը և սփյուռքահայությունը ինչպես վերոնշյալ նպատակները կյանքի կոչելու, այնպես էլ համապատասխան միջավայր ձևավորելու առումով: Վերջինիս ձևավորման արդյունքում հայերը կամ ցանկացած օտարազգի ներկայացուցիչ Հայաստանը կդիտարկի որպես երկիր, որտեղ կարելի է ապագա կերտել:
Բացի այս առաջնային և դժվարին վերափոխման հրամայականից, գոյություն ունեն ևս երկու կարևորագույն հարցեր, որոնք հնարավոր չէ անտեսել կամ արհամարհել: Առաջինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Մեր սահմանների անվտանգությունն ու դրանց հանդեպ հարգանքը չի կարող սակարկվել, և զարգացման ցանկացած մոդել պետք է հաշվի առնի այս գործոնը: Երկրորդը Հայոց ցեղասպանության հարցն է, որտեղ ևս հետքայլ կատարելն անթույլատրելի է:
Ներկայիս աշխարհը շատ տարբեր է անցյալից և շարունակվում է զարգանալ այնպիսի արագությամբ, որը հասանելի չէ երկրների մեծամասնությանը: Որևէ տնտեսական մոդել որդեգրելիս՝ միտված երկրի ներսում և դրանից դուրս մեր ժողովրդի մարդկային ներուժի զարգացմանն ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը, պետք է հաշվի առնել այս իրողությունները և լինել ավելի ստեղծարար, հանձնառու ու միասնական: