Իմ բախտն արտակարգ կերպով բերել է. ես ապրել եմ երեք տարբեր կյանք: Առաջինը կյանքն էր Խորհրդային Միությունում: Երիտասարդ ժամանակ
հաջողությամբ տեղ զբաղեցրի գերիշխող մոդելում. քաղտնտեսություն ուսումնասիրեցի, գերազանցիկ էի, կոմերիտական առաջնորդ, իսկ հետո դարձա կոմունիստ: Ընդունեցի ժամանակի խաղի կանոնները և, հույսս դնելով չինական նմուշի բարեփոխումների վրա, փորձում էի այդ կանոնների շրջանակում այժմեականացնել հին համակարգը, քանի որ հասկանում էի, թե ինչպես է աշխատում, որոնք են դրա թույլ կողմերը, ինչ է հնարավոր ու անհրաժեշտ փոխել դրա ներսում:
Երկրորդ կյանքս ապրեցի ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում: Ես ու գործընկերներս փաստորեն հայտնվեցինք մեկնարկային վիճակում, որը հարկադրված էինք սկսելու ավերված կայսրության փլատակների վրա: Բարեբախտաբար, ունեինք կողմնորոշիչներ՝ համաշխարհային առաջավոր փորձն ու գործը: Այդ կյանքը կարելի է համեմատել նոր տուն կառուցելու հետ, սակայն պատրաստի գծագրերով, որոնք կերպափոխվում էին տեղական առանձնահատկություններին համապատասխան:
Երրորդ՝ այսօրվա կյանքս անցնում է իդեալական փոթորկի իրավիճակում:
Ոչ ոք չի կարող առաջարկել գլոբալ ու տեղային բարդ խնդիրների պատրաստի ու համակողմանի լուծումներ: Մենք պետք է ոչ թե պարզապես կառուցենք նոր տունը, այլև ինքներս հայտնագործենք դրա կառուցվածքը, ստեղծենք նախագծային փաստաթղթեր, աշխատանքների պլան և այլն:
Ես ունեմ ապագայի որոշակի տեսլական, և իմ այսօրվա գործողություններում ոգեշնչվում եմ հենց այդ տեսլականով: Ինչ-որ իմաստով ես «արտագաղթել եմ ապագա» և արդեն աշխատում եմ այնտեղ՝ հուսալով, որ իրականության ձևավորվող հատվածները փոխադարձ ձգողականության շնորհիվ կմիավորվեն, կվերաճեն նոր համակարգի և իրավիճակը կկառավարեն գոյություն ունեցող մեթոդներից ավելի արդյունավետորեն՝ նպատակ ունենալով աստիճանաբար բարելավելու առկա տնտեսական, սոցիալական, իրավական պայմանները: Սա է իմ մոտեցման սկզբունքային տարբերությունը: Ես ուսումնասիրում եմ անցյալը, նայում եմ դեպի ապագան, իսկ հետո, ասես հայտնվելով անցյալի վերլուծության ու ապագայի տեսլականի խաչուղում, որոնում եմ գործողությունների առավել արդյունավետ ձևը ներկայում: