Ստորև առաջարկում ենք վիրտուալ, ինչպես նաև իրական տարածքում բանավիճելու մի քանի պարզ կանոններ: Բանավեճի բոլոր մասնակիցների կողմից այդ կանոններին հետևելը կնպաստի քննարկումն ավելի առարկայական, կառուցողական և, որ ամենակարևորն է, արդյունավետ դարձնելուն:
Որպես մեկնակետ առաջարկվում է հանրային քննարկման նյութը, որը կարելի է գտնել մեր կայքում https://armenia2041.org/am/. Նրանց, ում հետաքրքրում է ավելի լայն համատեքստը և հեղինակների ծավալուն փաստարկումը, մենք կառաջարկեինք ծանոթանալ «Ճամփաբաժանին» վերտառությամբ մեր ձեռագրի լրիվ տարբերակին:
Քննարկման նպատակը մեր ապագայի հայեցակարգի շուրջ բավարար կոնսենսուսի հասնելն ու քննարկման ընթացքում կարևորագույն ռազմավարական երկընտրանքները նշելն է: Որպեսզի մեր խոսակցությունը շատ չհեռանա նախանշած նպատակից, մենք առաջարկում ենք մի կողմ թողնել վեճերը մեր պատմության կոնկրետ իրադարձությունների ու դրանց նշանակության, պատմական դեմքերի ու նրանց դերի շուրջ, ու խոսել այն մասին, թե ինչն է նպաստել և ինչն է խոչընդոտել հայության պահպանմանն ու բարգավաճմանը անցած դարերում, և ինչպես կարող ենք հաշվի առնել այդ փորձը 21-րդ դարում: Մեր ներկան նույնպես մեզ հետաքրքրում է որպես ելակետ այն ուղու, որը մեզ կբերի այնտեղ, ուր ուզում ենք հասնել: Մենք լիահույս ենք, որ քննարկման մասնակիցների գնահատականները կլինեն անկողմնակալ, կհիմնվեն սթափ վերլուծության (այդ թվում համեմատական) վրա, իսկ բանավիճողների կարծիքները հենված կլինեն տարաբնույթ հետազոտությունների արդյունքների վրա:
Մենք ուզում ենք, որ մասնակիցները ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը, ուստի չենք խմբագրում կարծիքները: Սակայն որպեսզի քննարկման մակարդակը բարձր մնա, իսկ ընդհանուր խոսակցությունը՝ կառուցողական, կոչ ենք անում․
- ջանալ ոչ թե ընդդիմախոսին պարտության մատնել, այլ համաձայնության գալ,
- փաստարկել սեփական դիրքորոշումը,
- հղումներ չկատարել տեղեկատվության չստուգված և/կամ վստահություն չվայելող աղբյուրների, երրորդ անձանց կարծիքների, ընդհանուր կարծիքին,
- հնարավորության սահմաններում բանավիճել թեմայի շրջանակում և քննարկման ընթացքում տարբեր հարցերն իրար չխառնել,
- չվերաձևակերպել արտահայտություններն ու չաղճատել զրուցակիցների դիրքրորոշումները:
Մեզ համար կարևոր է, որ քննարկման տարածքը զերծ լինի ագրեսիայից, ծայրահեղականությունից, անհանդուրժողականությունից ու փոխադարձ վիրավորանքներից, և դա ապահովելու համար կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները:
Եվ վերջապես, ուզում ենք խնդրել, որ հնարավորության սահմաններում հղում կատարեք հեղինակներին ու նշեք նրանց աշխատությունների վերնագրերը, եթե մեջբերում եք կատարում
«Ճամփաբաժանին» ձեռագրից կամ հանրային քննարկման դրված նյութից, կամ դրանցից որոշ հատվածներ հրապարակում եք, օրինակ, սոցցանցերում: Դա մեզ հաճելի կլինի:
* Մենք շատ հավանել ենք Անդրեյ Մովչանի կողմից իր ֆեյսբուքյան էջում ներկայացրած և իր «Ռուսաստանը հետճշմարտության դարաշրջանում» գրքում («Ալպինա» հրատարակչություն, 2019 թ․) շարադրած վարվելակերպի կանոնները: Հեղինակի թույլտվությամբ մենք փոխառել ենք դրանցից մի քանիսը: