Հայկ
Բալանյան

Հայկ Բալանյան
քաղաքական մեկնաբան

Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի գրած «Ճամփաբաժանին» գիրքն անակնկալ չէր. հեղինակն իր հարցազրույցներում ու ելույթներում բազմիցս արտահայտել է այն մտքերը, որոնք ի վերջո ստացան գրքի տեսք։ Այդ մտքերը հանրային քննարկումներում բազմիցս քննադատվել են, այդ թվում՝ իմ կողմից, և անցյալում մնացած հայ հասարակական մտքի օրինակ են, թե ինչպես չի կարելի լուծել հայ ազգի առջև ծառացած խնդիրները։

Եթե հակիրճ նկարագրենք գրքի գլխավոր միտքը, այն հետևյալն է. ազգային պետության ու քաղաքական ազգի կայացման փոխարեն ուժերն անհրաժեշտ է կենտրոնացնել, այսպես կոչված, գլոբալ ցանցային ազգի կառուցման վրա. ընդ որում, փաստացի հայտարարվում է, որ Հայաստանն այդ ցանցի կենտրոնը չի լինելու: 

Սա հիմնավորվում է նրանով, որ այդպես է եղել մինչև անկախ պետականության վերականգնումը, որ այդպես իբր ավելի արդյունավետ կարելի է օգտագործել Սփյուռքի ներուժը, իսկ մեկ կենտրոն ունենալը վտանգավոր է, որովհետև կենտրոնի կորստի դեպքում կորչում է ցանցը. տե՛ս էջ 209. «Համաշխարհային ցանցային ազգի ծաղկման համար այսօր, ինչպես և Միջին դարերում, անհրաժեշտ են ընդհանուր գործունեությամբ միմյանց հետ կապված մի քանի հզոր հանգույցներ»: 

Ցանց կոչեցյալը նորագույն հայտնագործություն չէ. ցանցեր են անվտանգության մարմինները, հեղափոխական շարժումները, կրոնական կառույցները, առևտրային ընկերությունները։ Խնդիրը ցանցը չէ. խնդիրը ցանցի անդամները, սուբյեկտներն են, կառավարող կենտրոնը և, իհարկե, ցանցի ստեղծման նպատակը։

Ռուբեն Վարդանյանի առաջարկվող մոդելում խոսքն առանձին գաղութների, վերնախավի անդամների ու Հայաստանի Հանրապետության մասին է, որոնք միասնաբար պիտի կազմեն, այսպես կոչված, Հայկական աշխարհը, իսկ ցանցը պիտի ծառայի այդ Հայկական աշխարհին։
Կարծես թե լավ գաղափար է, եթե մոռանանք շատ հստակ, իրական գետնի վրա գտնվող հանգամանքները, որոնց անտեսումը հանգեցնելու է մեր ազգային պետականության համար անդառնալի աղետի։

Ի վերջո, ինչո՞վ ենք մենք այժմ զբաղված և որտե՞ղ ենք գտնվում:

Ներկա Հայաստանը գտնվում է քաղաքական ազգի կայացման և ազգային պետության կառուցման փուլում: Քաղաքական ազգի կայացումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության սահմաններում, հայկական պետականության ներքո։

Ռուբեն Վարդանյանի առաջարկվող մոդելում ազգային պետականության -քաղաքական ազգի կայացման խնդիր դրված չէ և չի էլ կարող դրվել, որովհետև այլ՝ ռուսական, ամերիկյան, իրանական, չեխական քաղաքական ազգերի անդամները կարող են Վարդանյանի առաջարկած ցանցի անդամներ լինել միայն որպես համայնքի, միլիեթի անդամներ, և, հետևաբար, Հայաստանի բնակչությունը նույնպես ընկալվում է որպես համայնքներից մեկը։ Այդ հարցադրումը, որ Հայաստանի բնակչությունը պիտի համապատասխանեցվի, վերափոխվի ըստ, իբր, Սփյուռքի ու այլազգիների հետ համագործակցելու պահանջների՝ կարմիր թելով անցնում է գրքով մեկ և կրկնվում է բազմիցս։ Այսպիսով, ելնելով նպատակներից, ստեղծվում է պատմությանն անհայտ մի սուբյեկտ՝ ցանցային ազգ, որի կայացման դեպքում այդ սուբյեկտի ներքին կառուցվածքը կանխորոշելու է սուբյեկտի գործառույթները և նպատակները:

Կայացած քաղաքական ազգը չի հանդուրժի ստորադաս կարգավիճակը, իր ինստիտուտներով այն գերիշխելու է և, հետևաբար, դառնալու է ցանցի կենտրոնը՝ ցանցը վերածելով լոկ գործիքի՝ իր նպատակների համար։ Ռուբեն Վարդանյանին այդպիսի ցանց պետք չէ. նրան պետք է ցանց, որտեղ պետությունը ցանցի շարքային անդամ է, քանի որ խոսվում է ոչ թե մեր ԱԱԾ-ի ու ԱԳՆ-ի ենթակայության ներքո գտնվող ցանցի մասին, այլ ոչ ավել-ոչ պակաս՝ ցանցային ազգի մասին, որն ունի հորիզոնական կառուցվածք՝ առանց պետության գերիշխող դերի, և վեր է մեր բյուրոկրատական հիմնարկների ենթակայությունից, պատմության առանձին սուբյեկտ է, ազգ-պետության փոխարեն՝ ազգ-ցանց։

Նրա ցանցը գործում է պետությունից, տարածքից անկախ, հետևաբար պարտավոր չի իրեն կաշկանդելու պետության ու տարածքի պաշտպանությամբ և երկրի խնդիրներով։ 
Ըստ Ռուբեն Վարդանյանի, հենց Հայաստան երկրից անջատ, պետության տարածքով չսահմանափակվող և տարածքից դուրս գտնվող ցանցային ազգն է Հայկական աշխարհը, իսկ Հայաստան երկիրն ու հայկական պետությունն այդ հորիզոնական ցանցի շարքային անդամ են։ Ռ. Վարդանյանը խուսափում է Հայկական աշխարհի գերիշխող, հիերարխիկ դիրքը Հայաստան երկրի հանդեպ բացահայտելուց՝ ընթերցողին թողնելով ինքնուրույն ոգևորվելու Հայկական աշխարհի գաղափարով։ 

Նման հորիզոնական ցանցում աշխարհ-ցանցն ավելի մեծ ու կարևոր է, քան ցանցի յուրաքանչյուր անդամ, և հարց է առաջանում. իսկ Հայաստանի շահերը կարո՞ղ են ստորադասվել այդ գոյություն չունեցող Հայկական աշխարհի շահերին կամ  ցանցի ղեկավարների շահերին։ Եթե Հայկական աշխարհը ստորադասվում է Հայաստանին, ապա ոչ մի նման աշխարհի ստեղծման կարիք չկա, մեր աշխարհը Հայաստանն է, բայց հեղինակի առաջարկի մեջ մեր աշխարհը Հայաստանը չէ, այլ Հայկական աշխարհն է։

Վարդանյանին անհրաժեշտ է հորիզոնական ցանց՝ առանց Հայաստանի գերիշխող դիրքի, որտեղ ինքն ու արտահայաստանյան խոշոր կապիտալը կունենան վերնախավի կարգավիճակ և կունենան սեփական պետությունն իրենց կարիքների համար՝ անկախ Հայաստանում կատարվող ընտրություններից, պետական ինստիտուտներից ու քաղաքական ազգի կամքից։
Այդ նպատակով է ազգային պետության գաղափարը ստորադասվում, և այդ նպատակով է գրքում ազգայնականության մասին խոսվում բացասական երանգներով։

Հասկանալի է։ Ազգայնականությունն է ստեղծում ազգային պետություններ ու քաղաքական ազգեր, իսկ ժողովրդի համայնքային կազմակերպման ձևը, արտապետական, արտահայաստանյան, գաղութների ու գաղութների ջոջերի կառավարման ներքո, չի կարող հանդուրժել ժողովրդի քաղաքականացումն ու քաղաքացիական մտածողությունը։

Դիտարկելով տարբեր երկրների՝ Սինգապուրի, Կոստա Ռիկայի օրինակները, հեղինակը ջանասիրաբար ու տարօրինակ կերպով շրջանցում է առավել մոտիկ ու համապատասխան մոդելը՝ նույնպես թշնամական շրջապատում գտնվող ռազմականացված երկրի մոդելը, որն աչքներիս առջև է՝ Իսրայելը։
Իսրայելի հիմքը հրեական ազգայնականությունն է՝ սիոնիզմը, և ոչ թե փող աշխատելու համար հաբի կարգավիճակը։ 

Այս իրողությունն ու կրկնօրինակման համար արժանի օրինակն անտեսվում են շատ պարզ նպատակով. Ռ. Վարդանյանը, ինչպես նաև շատ այլ հայ ձեռներեցներ, հիմնականում՝ Ռուսաստանից, հասկացել են, թե ինչքան խոցելի են իրենք և իրենց կապիտալն առանց սեփական պետության պաշտպանության։ Բայց քաղաքականապես հայրենադարձվելու փոխարեն որոշել են իրենց ակտիվների պաշտպանության համար ձեռք բերել սեփական պետությունը, որը պիտի սպասարկի իրենց շահերը, բայց, իհարկե՝ այդ պետության ու այդ պետության ներքո ապրող բնակչության շահերը ստորադասելով իրենց բիզնես շահերին։

Ինկլյուզիվ ու էքստրակտիվ զարգացման մոդելների մասին Աճեմօղլուի գրքից պարբերաբար բերվող Վարդանյանի հիշատակումներն իրականում հաստատում են մի իրողություն. քաղաքական համակարգը գերիշխում է տնտեսականին, պետությունն է գլխավոր խաղացողն ու պատմության սուբյեկտը, որը Պոլսի յուրաքանչյուր ամիրայի կամ Մոսկվայի, Թիֆլիսի մեծահարուստի հինգ րոպեում կսնանկացնի ու կվերացնի։ Հեղինակը դրա մասին գրում է էջ 34-ում. «Հորիզոնական ցանցերի հետ դիմակայության մեջ, որպես կանոն, հաղթում են իշխանության ուղղահայացները: Ֆերգուսոնի այս եզրակացությունը լավագույնս լուսաբանում է ինքնիշխան պետության նեցուկից զուրկ Նոր Ջուղայի վաճառականների ցանցի ճակատագիրը»։

Ինձ մնում է մի հարց տալ հեղինակին. եթե դուք որոշել եք հայ ազգային պետությունն իջեցնել ցանցի մակարդակի, որպեսզի ձեզ համար այն լինի անվտանգ ու կառավարելի, ապա հաջորդ փուլում ի՞նչ է կատարվելու մեր երկրի, ձեզ ու ձեր կապիտալների հետ, երբ այդ ցանցը բախվի այլազգի պետությունների հետ։ Գրքում, որն ավելի շատ բիզնես-պլան է հիշեցնում, այդ հարցի պատասխանը չկա։

Իսկ հայ բիզնես դասակարգը իրոք պիտի որ կողմնորոշվի, թե որ անձնագրին ու որ դրոշին է ինքը հավատարիմ։ Մարդիկ, որոնք ուզում են ապրել իրենց ազգային պետության ներքո, պիտի կողմնորոշվեն և ընտրեն դրոշը, որին պիտի ծառայեն։ Դրոշը, որը ծառայում է բիզնես խավին, ի վերջո ծառայեցվելու է նրանց, ում ծառայում են այդ բիզնես խավի ներկայացուցիչները։ Ազգային պետությունը սեփական չի լինում, այն միայն ընդհանուրինն է։

Հայ խոշոր բիզնեսն այդպես էլ չհասցրեց դառնալ ազգային, բայց արդեն իր ծավալներով անդրազգային է, և դրա բիզնես շահերն ու կենսական շահերի կենտրոնները գտնվում են Հայաստանից դուրս։ Այդ կապերն աճում են ավելի արագ, քան Հայաստանի հետ կապերը, և վճռական դեր ունեն տվյալ դասակարգի վարքի ու որոշումների վրա։

Հիմա հարց է առաջանում. ինչպե՞ս են վարվելու ցանցի անդամները, եթե Ռուսաստանում ու ԱՄՆ-ում իրենց բիզնես շահերը պահանջեն քայլեր, որոնք դեմ են Հայաստանի Հանրապետության շահերին։

Ավելին. ի՞նչ է կատարվելու Հայաստանի հետ, եթե ուժեղ ազգային պետության ու պետության գերիշխող դիրքի բացակայության պայմաններում հորիզոնական ցանցի տարբեր անդամները (կենտրոնները), ասենք՝ մոսկովյանն ու լոնդոնյանը, սկսեն իրենց տերերի, ռեզիդենտ երկրների շահերը պարզել հայկական հողում ու հայկական շահերի ներքո։ 

Ռուբեն Վարդանյանը գրում է, որ մահացող Սփյուռքը կարող է օգտակար լինել Հայաստանին, բայց նրա առաջարկած ցանցի դեպքում ամբարտակներ ու զսպանակներ չկան։ Ի՞նչ է լինելու մեր երկրի հետ, եթե Սփյուռքի ազդեցությունը ընթանա բացասական ուղղությամբ, և տարբեր ուժային կենտրոնների ներկայացուցիչներ-ցանցի անդամները Հայաստանը դարձնեն իրենց հարցերի պարզման թատերաբեմ, ի՞նչ է մնալու Հայաստանից այդ դեպքում։

Կարող ենք վստահ լինել, որ ոչ մի ցանցի անդամ, որը Հայաստանում ցանցի միջոցով ազդեցություն ունի, չի խուսափի տեղի հատուկ ծառայությունների ուշադրությունից ու ուղղորդումից։ Այս «պայծառ» նպատա՞կն է հետապնդում Ռուբեն Վարդանյանը։ Այս կարգավիճակը նույնիսկ արտաքին կառավարմամբ նեոգաղութ չէ, որն ուժեղ պետության մենաշնորհի ներքո թույլ է տալիս խուսափել մեծ տերությունների կռվախնձոր դառնալու ճակատագրից։ Վարդանյանի ցանցը, անտարակույս, երկիրը դարձնելու է այդ նոր բյուզանդասեր ու պարսկամոլ մեծամեծների պայքարի դաշտ, ինչի մասին հեղինակն իր ընդարձակ պատմական էքսկուրսներն անելիս չի հիշատակում:

Հիմա մեզ նորից առաջարկում են կատարյալ քաղաքական հետընթաց՝ նախասովետական կարգավիճակ, հույս ունենալով, որ գայլերով շրջապատված տարածաշրջանում անվտանգությունը և ոչ ազգային բիզնես-պետությունը կարելի է գնել սրան-նրան ծառայություններ մատուցելով, ոչ մեկի չխանգարելով, քաղաքական պայքարից ու հայկական օրակարգից խուսափելով և ազգի ներքին կառուցվածքն այդ կուշտ կապիտուլյացիայի նպատակին համապատասխանեցնելով։

Բայց դրանից, այն ցանցը, որ ունեցել ենք, և որը կործանվել է, ժամանակակից պայմաններում ստեղծել հնարավոր չէ։ Այս իմաստով Ռուբեն Վարդանյանի գրքի վնասը նվազում է, որովհետև դրված է անիրագործելի նպատակ։ 21-րդ դարում համայնքները չեն մնում, խառն ամուսնությունները, սոցիալիզացիան ու ասիմիլացումն այնպիսի տեմպերով են ընթանում, իսկ ազգային պետություններն այնքան հզոր են, որ անիմաստ է երազել Հայաստանից դուրս ինչ-որ կենտրոններ ունենալու մասին։ 

Հեղինակն ընդգծում է այդ հանգամանքը էջ 72-ում. «Մենք հստակ հաշիվ ենք տալիս մեզ, որ ժամանակի ընթացքում հայ համայնքները վերջնականապես ձուլվելու են և քայքայվելու», և ստացվում է, որ խոսքը ոչ թե Հայկական աշխարհի, այլ շատ սահմանափակ քանակով մարդկանց մասին է, որոնք Հայաստանի Հանրապետության հետ հավասար պիտի ազգի ճակատագիր որոշեն։ 

Ավելին. հայ բիզնես-խավում արդեն իսկ խառն ամուսնություններն այնքան շատ են, որ ուղղակի տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե ի՛նչ դրդապատճառներով պիտի մոտակա ապագայում կոսմոպոլիտ, Հայաստանի հետ կապ չունեցող, Հայաստանը չիմացող կազմը զբաղվի հայկական խնդիրներով, և ինչպիսի՛ ազգային ստերիլիզացիայի է ուզում ենթարկել հայ ժողովրդին Ռուբեն Վարդանյանը, որ հայերը հանդուրժեն հայկականության հետ ոչ մի կապ չունեցող կոսմոպոլիտ վերնախավի կարգավիճակն ընդհանուր ազգ-ցանցում։ Այս խնդիրը հեղինակն իսկապե՞ս լուծելի է համարում և չի՞ տեսնում ապագա առճակատումն ու վտանգները։

Պատմական էքսկուրսներն ընդհանրապես հետաքրքիր են, եթե թույլ են տալիս խուսափել հին սխալներից ներկայում։ Վարդանյանը, անդրադառնալով հայոց պատմությանը, այդպես էլ գլխավոր եզրակացություններ չի անում։ 

Հայոց պետականության կորստի պատճառը հենց դեպի օտար կենտրոններ կողմնորոշված ցանցի ստեղծումն էր, որտեղ կենտրոնախույս հոսանքները քայքայեցին միասնական պետությունը, իսկ ազգային գաղափարական առանցքը, որը հեղինակն այդպես չի սիրում, թույլ դուրս եկավ և չապահովեց ազգային ռեսուրսների կուտակումն ու կենտրոնացումը պետության գաղափարի շուրջ։ Նույն սխալը Վարդանյանն ուզում է հիմա վերարտադրել. խուսափել ուժերի կենտրոնացումից, որպեսզի պահպանի իր և իր դասակարգի արտոնյալ ու իշխող կարգավիճակը։

Հետագայում, հայկական պետականության բացակայության պայմաններում, հայ վաճառականները առևտրային ցանցեր ստեղծեցին այս կամ այն կայսրության կամ իշխանության հովանու ներքո և մահացան, երբ այդ կայսրությունները որոշեցին հպատակ հավատարիմ միլիեթների բիզնեսները հանձնել տիտղոսային ազգերի ներկայացուցիչներին։

Ցեղասպանության մասին գրելիս հեղինակը չի հիշատակում գրքի տրամաբանության մեջ մտնող մի կարևոր հանգամանք, որը, իմ կարծիքով, վճռական դեր ունեցավ հայ ժողովրդի անպաշտպան լինելու հարցում։ 

Հայ քաղաքային բնակչությունը, վերնախավը, փողը, կադրերը և նյութական ու ոչ նյութական ռեսուրսների զգալի մասը կուտակված էին Հայաստան երկրից դուրս՝ Պոլսում ու Թիֆլիսում։ Այդ կենտրոնները փոխադարձ կապ չունեին երկրի, հասարակ ժողովրդի հետ, ապրում էին անջատ, սեփական կյանքով, օրակարգով, և արդյունքում ստացվեց, որ հայ ժողովուրդը չուներ վերնախավ, չուներ մտածող ու կառավարող մարմին, որը կկարողանար կազմակերպել դիմադրությունը։

Վերնախավի կտրվածությունը երկրից ու ժողովրդից անօգնական դարձրեց երկու հատվածներն էլ և հանգեցրեց Արևմտյան Հայաստանի բնակչության ու Օսմանյան կայսրության տարբեր մասերում ապրող վերնախավի ոչնչացմանը։ Վերնախավը (ցանցի կենտրոնները) ուներ իր օրակարգն ու հոգսերը, և երկրի, տարածքի, բնակչության պաշտպանությունն այդ օրակարգի մեջ չէր մտնում: Կարևորը առևտրային ցանցն էր, շահերը Լոնդոնում ու Պետերբուրգում, իսկ ժողովրդի հոգսերը լավագույն դեպքում անտեսվում էին, վատագույն դեպքում դառնում կավատ վերնախավի առևտրի առարկա, երբ ազգային շահերը հանձնվում էին անձնական շահերի դիմաց։

Այս իրավիճակը, երբ վերնախավը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր ազգի համար, երբ վերնախավի ու ազգի միջև չկա ուղիղ ու փոխադարձ կապ, երբ ազգի այսպես կոչված ընտրանին՝ барин-ներն ապրում են տարբեր տերությունների մայրաքաղաքներում, իսկ холоп-ները՝ գյուղում, Հայաստանում այլևս երբեք չպիտի լինի ու չի կրկնվելու։ 

Հայ վերնախավի կարգավիճակ ունենալու են միայն այն մարդիկ, որոնք ընտրել են, թե որ դրոշին են հավատարիմ, պարոն Վարդանյան։ Բոլորը պիտի ընտրեն, թե որ քաղաքական ազգի մասն են, որովհետև հայ ժողովուրդը համայնքային չի լինելու, այն դառնում է ու դառնալու է քաղաքական ազգ։ 

Ցեղասպանության մասին խոսելիս կարևոր է ընդգծել ժամանակի հայ վերնախավի մտավոր թույլ կարողությունները։ Հայ առևտրային վերնախավը չուներ քաղաքական մտածողություն և այդպես էլ չհասկացավ, որ նորագույն  ժամանակներում կայսրությունների շրջանն ավարտվում է, կամ դրանք ստանում են այլ ձևեր, և ժողովուրդների կազմակերպման ձև է դառնում քաղաքական ազգը, որտեղ կայսրության միլիեթները, համայնքները կա՛մ պիտի ենթարկվեն դանդաղ ձուլման, կա՛մ ոչնչացվեն։ Ուստի և Պոլսում ու Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում և մնացած վայրերում ոչ ոք որևէ ոչ տիտղոսային համայնքի թույլ չէր տա տիտղոսային ազգից առավել ստրուկտուրաներ ունենալ, թույլ չէր տա օտար երկրում Հայաստան կառուցել, իսկ քաղաքականությունը կտրուկ փոխվելու էր։ Կայսրության քաղաքացիները չունեն ազգություն, նրանք ընդամենը հպատակներ են, բայց ազգային պետությունների կայացման շրջանում հպատակներ պետք չեն. անհրաժեշտ են երկրի քաղաքացիներ։ Շատ հայեր և՛ այն ժամանակ, և՛ այժմ պատրաստ են լինելու հպատակ, բայց երկրի քաղաքացի՝ ոչ։
Ոչ մի տիտղոսային ազգ իր ազգային տարածքում չի հանդուրժի այլ ազգի    հզորացումն ինստիտուցիոնալ սահմաններով ու ծավալներով, այսինքն, տվյալ աշխատության տերմիններով՝ ազգ-ցանցի գոյությունը, և Ցեղասպանության ու մեր անպաշտպան լինելու պատճառներից մեկը հենց այդ ցանցային ազգի վիճակն էր։ Դիմադրության կազմակերպման համար անհրաժեշտ էր հիերարխիկ կառույց, որը կկենտրոնացներ ռեսուրսները, միասնական քաղաքականություն կիրականացներ և կարող էր կանխատեսել ու դիմագրավել վտանգները:

Մեր ունեցածը Ռուսաստան-Եվրոպա-Պոլիս-Օսմանյան կայսրության ծայրամասեր հորիզոնական ցանց էր, որը քաղաքականություն որպես այդպիսին չուներ: Օտար էթնոսի առևտրային կապիտալի գերիշխանությունը քաղաքական ազգերի կայացման փուլում ուղղակի մարտահրավեր էր թուրքական ազգային պետության համար. այն նույնպիսի մարտահրավեր էր վրացիների համար Թիֆլիսում, թաթարների համար Բաքվում, որը պիտի վերացվեր և վերացվեց։ Այդ ամենն ամենուրեք ավարտվեց ունեզրկմամբ ու կոտորածով։

Իսկ դիմադրության կարողություն չկար. քաղաքական ազգը կայացած չէր, և վերնախավը, փոխանակ ժողովրդին առաջնորդելու այդ ներքին տրանսֆորմացման գործում, երազում էր երանելի սուլթանների մասին, որ որպես հավատարիմ միլիեթ՝ «հաբ», փող աշխատեն՝ չհասկանալով, որ կայացած քաղաքական ազգերին աշխարհի հետ հարաբերվելու համար միջնորդներ պետք չեն։ 
Ռուբեն Վարդանյանի ցանցը մենք արդեն ունեցել ենք, և այն ապացուցել է իր քաղաքական սնանկությունը, ազգի առջև ծառացած խնդիրները լուծելու անընդունակությունը, ինչն ավարտվել է ազգային աղետով։

Էջ 185-ում հեղինակը հարց է տալիս. սկզբունքորեն կարելի՞ է արդյոք ժամանակակից հայերի գոյությունն արձանագրել որպես ցանցային ազգ: Իմ պատասխանն է. բարեբախտաբար՝ ո՛չ։ Հայերն իրենց բնակության երկրների քաղաքական ազգերի մասերն են, իսկ գլոբալ ցանցային ազգի ստեղծման փորձերը, այսինքն՝ հայ քաղաքական ազգի կայացման խնդրի տապալումը հանգեցնելու է միայն պետության կորստի։

Գրքի էջ 111-ում հեղինակը շշմեցնող եզրակացությունների է հանգում.
«Հայաստանի Հանրապետությունն ազգային առումով ամենամիատարր երկրներից մեկն է. հայերն այստեղ կազմում են բնակչության 98 տոկոսը: Վերջին յոթ դարերի ընթացքում առաջին անգամն է, որ քսանյոթ տարի շարունակ ապրում ենք ինքնիշխան ազգային երկրում: Դա մեծ առավելություն է, բայց և միաժամանակ՝ թերություն: Ժամանակին հայերը կամուրջ էին քաղաքակրթությունների միջև, իսկ հիմա հաճախ ցածր հանդուրժողականություն են դրսևորում…».

Հարգելի պարոն Վարդանյան, հայ ժողովուրդը տարբեր քաղաքակրթությունների միջև կամուրջ է հանդիսացել ոչ թե այն պատճառով, որ մեր մեջ ապրում էին, օրինակ, թուրք թալանչի, կեղեքիչ, մարդասպան բռնաբարողները, այլ այն պատճառով, որ հայերն ապրել են Մադրասում, Կահիրեում, Ռոստովում ու Լոնդոնում, և եթե այժմ մենք այդ գործառույթը չենք իրականացնում, ապա պատճառն այն է, որ այլ ազգերը կատարել են զարգացման ահռելի թռիչք և Լոնդոն գնալու համար բնավ մեր կարիքը չունեն, իսկ մեր բազմամիլիոնանոց Սփյուռքն ապրում է հիմնականում իր կյանքով, և մի քանի հազար անհատ հայրենասերների ազդեցությունը մեզ նման փոքր երկրին թույլ չի տալիս դառնալ միջնորդ շատ ավելի խոշոր խաղացողների միջև։ 

Ինչևէ։ Իսկ ցածր տոլերանտության մասին մեղադրանքն ընդամենը միջոց է արտաքին կառավարման պայմանների ապահովման համար։ 

Հետաքրքիր է, որ հեղինակը, էջ 195-196-ում, համեմատելով զարգացման մոդելները,  վախենում է «պարկուճ» կարգավիճակից, բայց մտահոգություններ չունի մեզ համար շատ ավելի իրական ներկա ու ապագա ներկայացնող «մետրոպոլիայի ծայրամաս» կարգավիճակից և չի դիմում ազգային ինքնության ուժեղացման հարցերին, որպեսզի երկիրը պատրաստ լինի իր երրորդ նախընտրելի տարբերակին։ Հեղինակն ընդհանրապես չի տեսնում նեոգաղութացման վտանգը և արտաքին ազդեցության հակակշիռների ու զսպանակների ստեղծման ներդրված մեխանիզմներ չի առաջարկում: Հակառակը՝ առաջարկում է լեգալացնել ու լեգիտիմացնել արտաքին միջամտության մեխանիզմները, այդ մեխանիզմները մտցնել ազգի մարմնի մեջ, որոնցով զանազան Միհրանյաններ, Կուրղինյաններ և այլ գործիչներ չեն  վարանի իրենց տեսլականները փաթաթել հայ ժողովրդի վզին: Կարող եմ միայն հուսալ, որ հեղինակը չի տեսնում այդ վտանգները: 

Անտեսելով նեոգաղութացման վտանգը՝ հեղինակը նախընտրելի կարգավիճակ է համարում հաբը, ընդ որում՝ օգտագործում է Շվեյցարիայի օրինակը, որը ռազմական վտանգ չունի։ Ինձ հետաքրքիր է՝ իսկ ժամանակակից Իսրայելն ինչպե՞ս կբնութագրի հեղինակը։ 

Եվ ինչպե՞ս է պատկերացնում հեղինակը Հայաստանի «հաբ» կարգավիճակը հարևան երկու պետությունների հետ կոշտ առճակատման հանգամանքներում, կարո՞ղ է նման ռազմաքաղաքական իրողություններ ունեցողը լինել «հաբ», թե՞ այդ մոդելը ենթադրում է նման իրողություններից դուրս քաղաքական ու հետևաբար՝ ազգային զարգացում։ Կամ՝ ո՞ր մի երկիրն է հանդիսանալու նման «հաբ»-ի ռազմաքաղաքական հովանավորը և ի՞նչ է փոխարենը պահանջելու այդ պաշտպանության դիմաց, որովհետև պաշտպանությունը ենթադրում է նաև գերիշխանություն: Այդ հարցերի պատասխանը ես գրքում չգտա, իսկ չասվածը, լռությունը տարակուսանք են առաջացնում, թե ընթերցողներն ինչպես կհասկանան գիրքը՝ առանց այդ հարցերի հստակ պարզաբանման։
Քաղաքական խնդիրներից ու պայքարից խուսափելու համար քաղաքական ամբիցիաներ չունեցող ազգ-ցանցն ավելի շատ կարելի է անվանել ազգ-բարմեն կամ ազգ-մատուցող, ազգ բառը, իհարկե, վերցնելով չակերտների մեջ։

Պարզ չէ, թե ինչ նկատի ունի հեղինակը՝ գրելով. «Եթե հաշվի առնենք ինքնության այսօրվա ճգնաժամը ներփակ ու ազգային առումով միատարր երկրում և հայ ենթաէթնոսների միջև առկա խզումները, բուն այդ ինքնակայությունը բավականին խնդրահարույց է», էջ 196։ Հայաստան երկրում ինքնության ոչ մի ճգնաժամ գոյություն չունի, համայնքային ժողովուրդը դառնում է քաղաքական ազգ, իսկ թե ովքեր են հայ սուբէթնոսները, ինձ մնում է անհայտ։ 
Այս իմաստով ուզում եմ հեղինակին հիշեցնել և կիրառել ցանցային ազգի   պարագայում Ս. Բ. Պերեսլեգինի «Տրանսպորտային տեսությունը», որը հաստատում է, որ նահանգն անջատվելու է պետությունից, եթե տեղեկատվական ու տրանսպորտային կապվածությունը կենտրոնի ու ծայրամասի միջև կամ ներնահանգային կապվածությունն էականորեն նվազել են այդ ծայրամասի և արտասահմանյան կենտրոնի կապվածության համեմատ։
Եթե կենտրոնի ու ծայրամասի տեղեկատվության փոխանակման ժամանակը գերազանցում է կենտրոնից կառավարման ենթակա գործընթացների ժամանակը, ապա մեր պարագայում հորիզոնական ցանցը տրոհվելու է։

Եթե ծայրամասի ու կենտրոնի միջև տեղեկատվական, տրանսպորտային, տնտեսական զարգացման արագությունը սկսում է հետ ընկնել ծայրամասի սեփական տնտեսական զարգացման արագությունից, ապա մեր պարագայում հորիզոնական ցանցը տրոհվելու է։

Հայկական Սփյուռքի, այդ թվում հայ բիզնես-դասի կապերն աշխարհի հետ զարգանում են ավելի արագ, իսկ կապերը Հայաստանի հետ արդեն իսկ խնդրահարույց են, և ոչ մի ազգային ինքնության նենգափոխում, բիզնեսին ծառայելու նպատակով պետության ստորադասում մինչև ցանցի շարքային անդամի կարգավիճակ՝ չի կանգնեցնելու այդ օտարացումը։ 

Մեր երկրի խնդիրները պահանջում են արագ արձագանքում, ուժերի կենտրոնացում ըստ գործող օրակարգի, իսկ մեր օրակարգերի և շահերի համաձայնեցումների ժամանակը Մոսկվայում ու Լոնդոնում գտնվող ցանցային կենտրոնների հետ (տեղական հատուկ ծառայությունների հետ ևս) տեխնոլոգիապես այնքան մեծ է լինելու (եթե շահերի առումով տեսականորեն այն առհասարակ հնարավոր է), որ ուշացած ու տապալված այդ գործընթացն առաջացնելու է ազգային ինքնության ճգնաժամի մասին խոսակցություններ Սփյո՛ւռքի պարագայում, ոչ թե Հայաստանի։

Դրոշ ընտրելու ժամանակն է։

Գիրքն առանց դրա էլ գերծանրաբեռնված է հարցադրումներով, բայց առաջարկվող լուծումներից մեկը ևս խնդրահարույց է։ Հայաստանն ըստ ամենայնի, բարեբախտաբար, չի կարողանա ընտրել Իրանի, Եվրամիության ու Ռուսաստանի միջև, ինչպես առաջարկում է հեղինակը։ 

Մենք մնալու ենք կոմպլեմենտարիզմի գծի մեջ, որովհետև յուրաքանչյուր ընտրություն այդ երեք կամ այլ կենտրոնների միջև՝ հանգեցնելու է մեծ խնդիրների, և, նկատի ունենալով մեր աշխարհագրական դիրքը, Հայաստանը մնալու է այդ և մյուս ուժային կենտրոնների միջև ինքնուրույն գործող անձ։ Ի դեպ, «հաբ» դառնալու հեղինակի առաջարկն ու կանխատեսումը, որ Հայաստանը պիտի գնա թվարկված երեք կենտրոններից մեկի հետ ինտեգրման, իրար հակասում են։ Եվրամիությունը նշանակում է Հյուսիս-ատլանտյան դաշինք և կոշտ առճակատում նույն Իրանի ու Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի հետ հետագա խորացված ինտեգրումը խնդիրներ կառաջացնի մյուսների հետ, Իրանի հետ ինտեգրումն էլ ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է։ Եվ այլն։ Հայաստանը չունի ինքնուրույնության ու կոմպլեմենտարիզմի քաղաքականության այլընտրանք:

Գրքում բազմաթիվ մանր ու ոչ մանր հարցեր կան, որոնց արժեր անդրադառնալ, սակայն այդ դեպքում իմ գրառումը  կդառնար գրեթե գիրք։ Բայց մեկ հարց չեմ կարող անտեսել. այո, պետական ծառայողները, պետության պաշտոնյաները պիտի տիրապետեն հայոց լեզվին։ 
Հենց պետական պաշտոնյաների հարցում ընդհանրապես որևէ կասկած ու պրեֆերենցիա թույլ տալ չի կարելի, որովհետև եթե մարդն իսկապես մտահոգ է հայկական խնդիրներով, ապա առնվազն պիտի իր այդ հայրենասիրական ոգին արտահայտի հայերեն իմանալով, կարդալով և դեռ իր երեխաներին էլ սովորեցնելով։ Ավելին, եթե պարոն Վարդանյանը ենթադրում է, որ նման հայրենասեր ու գործի համար պիտանի մարդիկ կան, որոնց արժե պաշտոն տալ, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այդպիսի արժեքավոր կադրը չհասկանալ, որ Հայաստանը հասկանալու, ճանաչելու համար անհրաժեշտ է կարդալ հայերեն և կարդալ հայկական գրականությունը, մեդիան, ցանցերը, առանց որոնց երկրի ու ժողովրդի մասին պատկերացում կազմելն անհնար է։ Եվ կասկած չունեմ, որ պաշտոնի արժանի մարդը պիտի որ այնքան ուղեղ ունենա, որ հավակնորդ լինելու դեպքում մեկ տարում հայերեն սովորի այս տողերի հեղինակից լավ։

Եթե դրսի հայերը դրոշին հավատարիմ չեն ու լեզու չգիտեն, ինչո՞ւ են պաշտոն (որոշումներ կայացնելու իրավունք) ուզում: Մի՞թե այլ կարգավիճակով չեն կարող օգտակար լինել:
Այս պարզ բացատրության ֆոնին հեղինակի ոտնձգությունը լեզվի նկատմամբ, հայերին հատուկ ազգային ինչ-որ բացասական կողմերի ակնարկներով, ազգայինի դեմ շարունակական հարցադրումներով այն տպավորությունն է ստեղծում, որ հեղինակը, չհասկանալով մեզ հատուկ խնդիրների համակարգային, սոցիալական, քաղաքական արմատները, դրանց բացատրությունն իր համար գտել է ազգայինի մեջ։ 

Գիրքը գերծանրաբեռնված է ավելորդ տեղեկատվությամբ, հարցերի ցանկը նույնիսկ մի քանի գրքի ծավալից շատ է և ոչ թե ստիպում է ընթերցողին մտածել, այլ ավելի շատ խճճում է, և ոչ այնքան բացատրում է գրքի նպատակը, որքան ընթերցողներին տարբեր ընկալումներ է տալիս, որոնք բերելու են հիմնականում մեկ պարզունակ բացատրության. Սինգապուր կամ ոչ Սինգապուր, որը հայ արդի հանրային քննարկումներում դարձել է արդեն բացասական իմաստով մեմ:

Ավարտելով գրառումս՝ կփորձեմ պատասխանել գրքի վերջաբանում գրված մեկ հարցի. Էջ 230-ում գրված է. «Ինչպե՞ս ձևավորել ազգային պատասխանատու վերնախավ»։

Մեր ճանապարհը քաղաքական ազգի կայացման մեջ է, որտեղ ազգային վերնախավի կարգավիճակն ընծայվում է այն մարդկանց, որոնք ընտրել են հայկական դրոշը, որտեղ ազգի ներքին կառուցվածքում վերնախավը հստակորեն կապված է իր հողին ու ջրին և իր որոշումների համար պատասխանատվություն է կրում ու կարող է զրկվել վերնախավի կարգավիճակից և ոչ միայն կարգավիճակից, եթե գործում է ազգային շահերի դեմ։

Պարզ է, որ պետք է փնտրել և գտնել նոր տիպի քաղաքական ազգի մոդել, բայց հիասթափեցնեմ պարոն Վարդանյանին. հաշվի առնելով աշխարհում ընթացող զարգացումները՝ այն լինելու է է՛լ ավելի կուռ ու պակաս ինկլյուզիվ, ձևավորելու է ազգի վերնախավ, որը ցանցի հետ խոսելու է տիրոջ դիրքերից և չի հանդուրժելու արտաքին կառավարման, ընտրողների կամքից անկախ քաղաքական ազդեցության ու պետության քաղաքական մենաշնորհը վիճարկող դրսևորումներ։

Եթե նախկին ռեժիմի օրոք դասական ֆեոդալիզմը ցանցային ֆեոդալիզմով փոխարինելու առաջարկը կարող էր որոշ միամիտների հետաքրքրել, ապա ապրիլյան հեղափոխությունից հետո ֆեոդալիզմի էջը փակված է, և այդ էջը վերաբացելու բոլոր փորձերն ավարտվելու են այնպես, ինչպես եղավ 2018 թ. մայիսին, երբ Կարեն Կարապետյանին «բերելու» փորձը պսակվեց քրեստոմատիկ խայտառակությամբ։
 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։