Մեծ հետաքրքրությամբ կարդացի աշխատությունը։ Կիսում եմ տրված գնահատականների մեծ մասը։ Անգամ եթե կան տարաձայնություններ, դրանց մասին գրել չեմ ցանկանում, որովհետեւ, վերջին հաշվով, հեղինակի, ձեր դեպքում՝ հեղինակների իրավունքն է իրենց ուսումնասիրություններից անել իրենց եզրակացություններն ու ըստ իրենց պատկերացումների էլ շարադրել տեքստը։ Մի բան հստակ է՝ դուք յուրահատուկ մոտեցում եք ցուցաբերել պատմությանը։ «Համաշխարհային ցանց», «Սփյուռքահայ համայնքներ», «էթնիկ փոքրամասնություն կայսրությունների կազմում» բաժիններում շատ հետաքրքիր եզրահանգումներ են արված, որոնք կարող են նորություններ համարվել։ Այստեղ ես ձեր համախոհն եմ։
Առաջ անցնելով ասեմ, որ խորհրդային շրջանի մասին խոսելիս շատ լավ, տեղին ու ճիշտ նկարագրված է սովետիզացիայի ազդեցությունը մեր այսօրվա մարդու վրա՝ աշխարհի ու պետության մասին ունեցած պատկերացումների համատեքստում ։
Մեկ խնդիր կա, որի վրա կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը։ Դուք ձեր գրքում հատուկ շեշտում եք, որ հայերին անընդհատ ուղեկցել է սեփական պետություն ունենալու մղումը։
Սեփական պետություն ունենալու ձգտման մասին խոսելիս արդարացիորեն շեշտում եք, որ բոլոր ժամանակներում էլ այս կարեւոր խնդիրը լուծելուն լծված են եղել առանձին անհատներ:
Բայց ահա, երբ հասնում եք խորհրդային ժամանակներին, այս մասին որեւէ խոսք չկա։ Ձեր գրքում բացակայում է խորհրդային շրջանում անկախության եւ սեփական պետություն ունենալու համար մղված պայքարը։ Ես այստեղ միտում չեմ տեսնում, բայց հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա։ Տարօրինակ կլիներ, եթե սեփական պետություն ունենալու ծրագրեր մշակող անհատներ չլինեին նաեւ խորհրդային շրջանում։
1920-1953 թթ․ ընթացքում նման ծրագրեր ունեցող անհատների ու կազմակերպությունների մասին չկան հստակ տեղեկություններ ուսումնասիրությունների բացակայության պատճառով, բայց անկասկած է, որ այդպիսիք եղել են։ Ուղղակի նրանք տարրալուծվել են բռնադատվածների հսկա բանակի մեջ եւ նրանց ի հայտ բերելու համար լուրջ ուսումնասիրություններ են պետք։
Իսկ 1953-1988 թթ․ ընթացքում այդ խնդրով տարված մարդիկ հայտնի են։ Հայտնի են կազմակերպությունները, որ ընդհատակի պայմաններում նման ծրագրային խնդիր են ունեցել, հայտնի են անհատները։ Ինքս 2014 թ․ հոկտեմբերին հրապարակել եմ այս խնդրին վերաբերվող «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը, որն այժմ ռուսերեն թարգմանության փուլում է։
1953-1988 թթ. ծավալած հակախորհրդային գործունեության համար 168 մարդ է դատապարտվել, որոնց մի հսկայական հատվածը անկախ պետականության կողմնակիցներ են։ Սրանք խիստ մոտավոր հաշվարկներ են։ Միայն հայտնի անուններն են ներառված։
1963-1988 թթ. ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել մեզ հայտնի 34 քաղաքական դատավարություն։ Այս 34 դատավարությունների հետեւանքով դատապարտվել է 91 մարդ, որոնց գերակշիռ մասն այսպես կոչված «անկախականներ» են:
Լավ կլիներ կամ՝ ճիշտ կլիներ, որպեսզի գրքում այս մասին նույնպես հիշատակվեր։
Վստահ եմ՝ գիրքը հետաքրքրությամբ կընթերցվի ու քննարկումների թեմա կդառնա։