Սիրակ
Մարտիրոսյան,

Սիրակ Մարտիրոսյան,
Տավուշի զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար

Խորապես մտահոգ մեր ազգի ճակատագրով, կարդալով մեծարգո Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի «Ճամփաբաժանին» գիրքը՝ անմիջապես բանավեճի մեջ եմ մտնում իմ նկատառումներով:

Հայ ազգը, ունենալով բազմաթիվ վերելքներ ու անկումներ, ներկայումս հասել է սահմանագծին և կանգնած է հետագա զարգացման վեկտորի ընտրության առջև՝ հստակ գիտակցելով, որ պատասխանատվություն է կրում ապագա սերունդների առջև:

Գրքի բովանդակությունն ահռելի աշխատանքի արդյունք է, որ ընդգրկում է հայերի և Հայաստանի կենսագործունեության բոլոր կողմերը:

Այսօր ավելի քան կարևոր է խոսել ապագայի մասին, քանի որ իշխանության նկատմամբ վստահության մակարդակի բերումով Հայաստանում նոր իրականություն է ստեղծվել՝ փխրուն իր նորությամբ և խոստումնալից իր ոգով: Համաձայն եմ հեղինակների հետ, որ կատարվել է համարձակ քայլ՝ առանց փոփոխությունների վախի, սակայն կարծում եմ՝ կարևոր է խուսափել հաջողության գլխապտույտից, իմաստավորել, կշռադատված և անշտապ ազգի ներուժը հավաքագրել: Համակարծիք եմ հեղինակներին, որ հատկապես XXI դարում է մեր ազգին սպասում ուծացումը, իսկ երկրին՝ անկախության հնարավոր կորուստը, այսինքն՝ գլոբալ աշխարհում որպես սուբյեկտ հանդես գալու կորուստը:

Միանգամայն համաձայն եմ այն պնդմանը, որ հայերը, հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ապրողները, պատրաստ չեն ցավոտ թեմաների շուրջ համբերատար բանավիճելուն, մենք պետք է յուրացնենք բանավեճի ու տարբեր լեզուներով հաղորդակցվելու մշակույթը:
Որպեսզի այսօր գտնենք մեր տեղը փոթորկոտ գլոբալ աշխարհում, համընթաց զարգանանք և բարգավաճենք, Հայաստանը պետք է կանգնի տնտեսության սրընթաց վերելքի ռելսերի վրա՝ իր հիմքում ունենալով քաղաքական և տնտեսական ինստիտուտների վերընթաց ներառականությունը:

Գրքում հետաքրքիր և համոզիչ է նկարագրված հայության կենսունակության բնույթը՝ հիմնված համամարդկային ձգտումների ըմբռնման և համաշխարհային պատմության վրա, ինչը իմաստավորելով պատմական համատեքստում՝ «համոզվում ենք, որ հայերին օդի պես անհրաժեշտ է մասշտաբայնությունը», քանի որ գտնվում ենք բարդ տարածաշրջանում, իսկ գլոբալ աշխարհում թռիչքը կարող է տեղի ունենալ փոփոխություններին և մրցակցությանը պատրաստ լինելով, որի գրավականը նաև հայերի անհատականությունն է, թեպետ եթե դասեր չքաղենք պատմությունից, այդ  խառնվածքը կարող է չար բախտ դառնալ:

Կփորձեմ պատասխանել գրքում առաջադրված հետևյալ հարցին. «Արդյոք մշակո՞ւյթն է կանխորոշում քաղաքական-տնտեսական ինստիտուտների […] բնույթը, թե՞ հակառակը՝ կայացած ինստիտուտներն են փոխում մշակութային մատրիցաները»: Ակնհայտ է, որ դրանք ազդում են միմյանց վրա, հետևաբար դրանք պետք է համատեղ զարգացնել: Սակայն համարձակվում են պնդել, որ հայ հասարակության համար շատ ավելի տեսանելի են ինստիտուտների բացասական կողմերը, ուստի ներառականության մտադրություններում պետք է շեշտը դնել դրանց կատարելագործման և հեղափոխական վերափոխումների վրա:

Համամիտ եմ գրքի հեղինակների՝ Հայաստանի բարգավաճման տեսլականին վերաբերող տեսակետին, այն է՝ համայն ազգի ընդգրկում՝ իր ամբողջականությամբ և բազմազանությամբ, ծրագրման 25 և ավելի տարվա հեռանկարով:

Վիճելի է այն եզրահանգումը, թե Հայաստանում վարվում է անհեռանկար անձնավորված միկրոկառավարում: Մի երկիր, որ հիբրիդային պատերազմի պայմաններում է, ստիպված է երկարաժամկետ հեռանկարը փոխարինել միջնաժամկետով, ինչի մասին են վկայում պայմանագիրը Ռուսաստանի հետ, նախորդ կառավարության պետական ծրագրերը, այդ թվում և ժողովրդագրական, Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը:

Համոզիչ չէ նաև Հայաստանի կառավարության նախաձեռնության քննադատությունը, որ ուղղված է ՌԴ-ում հիմնադրված ընկերությունների հարկմանը: Հենց միայն «Տաշիր» խմբի ծրագրերը կարող են «ստեղծարար ավերման» համար պայմաններ ստեղծելու դրական օրինակ լինել:
Ցավոտ թեմա է կոռուպցիան: Համաձայն եմ հեղինակների հետ, որ հնարավոր չէ հաղթահարել դա սոսկ օրենքներով ու իրավապահ մարմինների ջանքերով: Ավելի շուտ հասարակության հասունությունը կարող է հանգեցնել կոռուպցիայի անմտության ըմբռնմանն ու արմատախիլ անելուն:

Համոզիչ են արդյունավետ դրդապատճառների ակունքների մատնանշումները, ինչպիսիք են սերը, վախը և ամոթը: Վախը, որ կարող ենք կորցնել ամեն ինչ և անհետանալ որպես ազգ՝ սուբյեկտից վերածվելով օբյեկտի:

Գրքում հիմնավոր է նկարագրվում է XXI դարի նոր իրականությունը. աշխարհակարգի խոր փոխակերպումների պայմաններում կարևոր է չհայտնվել լուսանցքում և չդառնալ «տեխնոլոգիական գաղութատիրության» առարկա: Համաձայն եմ, որ Հայաստանի՝ վստահությունը կորցնող ավանդական ինստիտուտների սուղ պայմաններում առաջին գիծ է մղվում սփյուռքի դերակատարների պահանջարկը, ինչին կարող են նպաստել ճշմարիտ ժողովրդավարությունը և համերաշխությունը հասարակությունում (մի բան, որ առայժմ չկա, և հարկ կլինի դրան երկար սպասել), ինչպես նաև Հայաստան-սփյուռք ցանցային և իրական փոխգործակցությունը՝ երկկողմ շահեկանությամբ: Մենք անցել ենք գոյատևման մոդուսը, այժմ պահպանման մոդուսի պայմաններում ենք, և հարկ է առաջ նետվել ու անցնել բարգավաճման մոդուսին: Մեր գիտակցության մեջ չպետք է այլևս իրարից զատենք Հայաստանի քաղաքացիներին («սևեր» և «սպիտակներ»), Արցախի և սփյուռքի հայությանը, որպեսզի ուրվագծենք ապագայի ընդհանուր լավատեսական տեսլականը, այլապես դա հղի է ձուլմամբ և անհետացմամբ:

Համոզիչ են փաստարկները համաշխարհային կործանարար աղետների հավանականության մասին, որոնք կարող են երկրի երեսից ջնջել սփյուռքի հայերին, ասենք՝ նաև Հայաստանի: Դրանից կարելի է խուսափել բաժան-բաժան եղած ազգի միավորմամբ և համընդհանուր ցանցի վերածնմամբ՝ առավելագույն ներառականության սկզբունքի և կացութակերպը պետություն-հաբ վերածելու հիման վրա: Այդ նպատակով անհրաժեշտ է ընդլայնելՀայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի խորհրդատուների կազմը տարբեր երկրների ներկայացուցիչներով:

Պարկուճը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել, անհեռանկար է այն առումով, որ անխուսափելի է այդ դեպքում մեկուսացումն արտաքին աշխարհից: Հաբ-պետության ամենայն գրավչությամբ հանդերձ՝ ինձ համար ավելի սրտամոտ է մետրոպոլիայի ծայրամասի մոդելը, այսինքն՝ Ռուսաստանի և Իրանի՝ Հայաստանի և Ռուսաստանի ձգտումով դեպի Եվրոպա և Իրանի՝ դեպի ԵվրԱզԷՍ:   Հայկական հարցի լուծումը և հողերը չվերադարձնելը, որ պնդում են Թուրքիան և Ադրբեջանը, այնքան երկարաժամկետ է, որ Հայաստանի զարգացումը, թեպետ ոչ ցանկալի տեմպերով, համեմատաբար անվտանգ է թվում հատկապես ԵվրԱզԷՍ-ում, որը ընդլայնվելու միտում ունի:

Տեխնոլոգիական մակարդակը և Հայաստանում գործող չափորոշիչները, սփյուռքի դանդաղ ներգրավումը, Հայաստանի բնակչության՝ համընդհանուր գործընթացներին խանգարող  մտածելակերպը և թերձևավորված քաղաքական դաշտը, վերնախավի՝ օլիգարխների վարքագծային դրսևորումները, ազգային հարցերի լուծման գործում մտավորականության ցածր պահանջարկը, ռուսական և հայկական հասարակությունների հայացքների նմանությունները, Ռուսաստանի՝ սփյուռքահայության հետ կապեր հաստատելու շահագրգռությունը իմ տեսակետն առավել պրագմատիկ են դարձնում, համենայն դեպս՝ մի 20-30 տարով: Հայաստանի և համայն հայության հետագա ճակատագիրը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե որքանով արգասաբեր կլինի մտավոր ուժերի համախմբումը և որքանով կհաջողվի ազգային համաձայնության միջավայրի ապահովումը:

Գրքի անգնահատելի արժանիքն այն է, որ պատասխան է տալիս բոլոր հնարավոր հարցերին, որոնք կարող են ծագել հասարակ բնակչի, ակտիվ քաղաքացու, վերնախավի և բիզնեսի ներկայացուցչի, երիտասարդության և ուսանողության, գյուղացիության, գիտնականների և սպայակազմի մտքում:

Իհարկե, ոչ բոլոր եզրակացություններն են անվիճելի, սակայն պարտադիր եմ համարում նույնպիսի բծախնդրությամբ, ինչպես հեղինակներն են վարվել, ծանութեթև անել բոլոր թեր և դեմ կողմերը, հրաժարվել ծածկամտությունից, անցողիկ ձեռքբերումների գայթակղությունից: Հաբ երկրի հրապուրիչ գաղափարը պետք է մեկնարկի ներքին և սփյուռքյան ուժերի համախմբումից և ներառական էկոհամակարգի ստեղծումից հետո, երբ երևան կգան առաջնորդներ, որոնք կվայելեն հայկական աշխարհի վստահությունը: Եվ դա պետք է տեղի ունենա էվոլյուցիոն ճանապարհով ու կարճ ժամկետում, քանի որ Հայաստանի կյանքում սփյուռքի լայնամասշտաբ ներգրավմանը, ներառականության ապահովմանը, թեկուզ հանրաքվեի մասնակցելու առումով, պատրաստ չեն թե՛ Հայաստանը, թե՛ սփյուռքը, մինչդեռ Հայաստանը բարգավաճող դարձնել հնարավոր է միայն այն դեպքում, եթե խնդիրը համընդհանուր ազգային նախագիծ դառնա, իսկ Հայաստանը՝  բոլոր հայերի կենսական շահերի կենտրոնակայան:

Առաջնորդի գործոնն ինձ  չափազանց կարևոր է թվում: Հենց թեկուզ առաջնորդի գլխավորությամբ ղեկավար ու գործադիր վերնախավի և գլխավոր դիրիժորով երաժշտական նվագախմբի համեմատությունը վկայում է, որ տաղանդավոր կատարողներն առանց տաղանդավոր դիրիժորի (առաջնորդ) չեն կարող  տալ ակնկալվող արդյունքը:

Համաձայն եմ հեղինակների հետ, որոնք կարևոր են համարում սփյուռքի համայնքների խոր ուսումնասիրությունները Հայաստանից նրանց սպասումները վեր հանելու նպատակով:

Իմ պատկերացմամբ՝ հաբի մոդելի ճանապարհին հանգրվաններից մեկը պետք է լինի հանրաքվեի միջոցով չափանիշների հաստատումը Հայաստանի քաղաքացու համար (հավատը, լեզուն, պատկանելության զգացողությունը, խառը ծագումը և այլն):

Գերակա ճյուղերի վերանայված ցանկում ես կընդգրկեի ռազմարդյունաբերական համալիրը:

Ներառական էկոհամակարգի ստեղծման, այսինքն՝ հաբ երկրի հիմքը գցելու համար առաջին հերթին  (թեպետ Հայաստանի համար բոլոր նախագծերն էլ անհետաձգելի են) հարկ է փոխել կրթական համակարգն այնպես, որ ընդունելությունը դպրոց և բուհ կատարվի սելեկտիվ կերպով, իսկ  ավարտեն միայն ըստ գիտելիքների: Բոլոր կողմնակի ուսումնարանները, քոլեջները և կրթական գործընթացի այլևայլ նմանակները պետք է մանրազնին վերստուգվեն և կրճատվեն, քանի որ  ավելորդ բեռը վնաս է հասցնում թե՛ առաջընթացին, թե՛ կրթված մարդ լինելու շահախնդրությանը:

Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս կառավարությունն իր ռազմավարությամբ առաջնորդվում է Հայաստանի այն հայեցակարգով, որ ձևակերպված է «Ճամփաբաժանին» գրքում, բայց մասամբ խոսքով միայն, քանզի քիչ չեն շեղումները հռչակված ազգային համաձայնությունից և ներառականության ճանապարհից:

Ես լավատեսությամբ եմ նայում մեր ապագային (դրա գրավականը՝ ԳԻՐՔԸ): Չէ՞ որ մենք ապրում ենք տաղանդիզմի դարաշրջանում, իսկ հայերը մեկ անգամ չէ, որ ելք են գտել անելանելի վիճակից իրենց ՏԱՂԱՆԴԻ շնորհիվ:
 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։