«Ճամփաբաժանին» գիրքը համարում եմ մեծ ներդրում Հայաստանի ապագա եվրոպականացման կամ արդիականացման մեջ: Ցավոք, Հայաստանի բնակչության ընդհանուր մակարդակը կամ, գիտական լեզվով ասած, «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» կտրուկ անկում է ապրում: Այսօր գերակա դիրք է զբաղեցնում արևելյան գավառական մշակույթը՝ արևմտյան pop մշակույթի աղավաղված փայլով:
Գյուղական հարսանիք հիշեցնող համերգները, մարդկանց ընդհանուր մշակույթն ու արտաքին տեսքը, հատկապես երիտասարդների և հատկապես տղամարդկանց, խոսելու ոճն ու բառապաշարը, այդ թվում և քաղաքական «վերնախավի» լեզուն, և, ի վերջո, գավառական բանասերների կողմից գերհայաֆիկացված նորահայոց լեզուն էլ ավելի են օտարացնում Սփյուռքում բնակվող հայ մտավորականների զգալի մասին, որն արևմտյան մշակույթի կրող է դարձել ռուսերենի միջոցով:
Տեղական քաղաքական «վերնախավն» ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որ Սփյուռքի վառ ներկայացուցիչները մասնակցեն հանրապետության կառավարման քաղաքական գործընթացին, ի տարբերություն հարևան Վրաստանի, բալթյան և ետխորհրդային այլ պետությունների: Որպես արդյունք, մեր հինավուրց մշակույթ ունեցող ազգի համար միջազգային հարաբերություններում ներկայացվածությունը նվաստացուցիչ ցածր մակարդակ ունի:
Այսօր ավելի, քան երբևէ Հայաստանի վրա կախված է ինքնիշխանության վերջնական կորստի վտանգը: Հանրապետության քաղաքական վերնախավն արտաքին քաղաքական վեկտորի ուժեղացման փոխարեն զբաղված է «ներքին հարցերի լուծմամբ» երկրի նախկին ղեկավարության հետ, որը, ի դեպ, իսկապես մասնակցել է Ղարաբաղի ազատագրման գործընթացին: Սա առաջին միջադեպն է ետխորհրդային քաղաքական փորձում, որը խիստ բացասաբար է ընկալվել միջազգային հանրության կողմից:
Այս նախադեպը սպառնալիքի տակ է դնում սահմանադրական ժամկետներում հանրապետության ղեկավարության ժողովրդավարական ռոտացիայի հնարավորությունն առհասարակ։
Ժողովուրդը դեգրադացվում և փախչում է երկրից: Ցավոք, կիսակիրթ, մի քանի պոպուլիստական հայրենասիրական կարգախոսներով զինված ղեկավարությունը լավ չի ընկալում իրավիճակի ողջ ողբերգականությունը: Այսօրվա Հայաստանը ավելի ու ավելի է կորցնում մեծ Սփյուռքը միավորող մշակութային ու հոգևոր Կենտրոնի գրավչությունը:
Հարկ է նշել, որ Հայաստանը տեսանելի ապագայում մնալու է ռուսաստանյան քաղաքական ու մշակութային ոլորտում՝ դրա սահմաններն ընդլայնելու բնական ցանկությամբ: Դա դեռևս հնարավոր միակ տարբերակն է:
«Ճամփաբաժանին» աշխատության հեղինակների նախաձեռնությունը կարող է հաջողություն ունենալ հեռուստատեսության օգնությամբ: Կարելի է սկսել սեփական հաղորդման, ապագայում գուցե և հեռուստաալիքի բացմամբ: Դա կարելի է անել և՛ Մոսկվայում, և՛ Երևանում. նման ձևով մտածող մարդիկ կան: