Իմ ակադեմիական գործունեության ընթացքում մի ժամանակ ներմուծվել էր ընթերցածն իմաստավորելու նոր ժանր, որը ես անվանել էի «գրախոսելով գիրքը՝ որպես ճակատագիր»: Դրանք գրախոսություններ էին գրքի հեղինակի ճակատագրի մասին, այսինքն՝ գիրքն ինքնին այն հենքն էր, որը թույլ էր տալիս խորհելու մարդու կյանքի մասին, որն իրեն արտահայտել էր խոսքի միջոցով: Հիշենք Բորիս Պաստեռնակի խոսքերը. «Գիրքը ոչ այլ ինչ է, քան այրվող, ծխացող խղճի մի խորանարդ մասնիկ»:
Իմ ակադեմիական գործունեության ընթացքում մի ժամանակ ներմուծվել էր ընթերցածն իմաստավորելու նոր ժանր, որը ես անվանել էի «գրախոսելով գիրքը՝ որպես ճակատագիր»: Դրանք գրախոսություններ էին գրքի հեղինակի ճակատագրի մասին, այսինքն՝ գիրքն ինքնին այն հենքն էր, որը թույլ էր տալիս խորհելու մարդու կյանքի մասին, որն իրեն արտահայտել էր խոսքի միջոցով: Հիշենք Բորիս Պաստեռնակի խոսքերը. «Գիրքը ոչ այլ ինչ է, քան այրվող, ծխացող խղճի մի խորանարդ մասնիկ»:
Հենց այդպիսի զգացողություն ունեցա «Ճամփաբաժանին. որոշումների ժամանակը» գիրքն ընթերցելիս: Սակայն տվյալ դեպքում իմ դիտարկումները չեն վերաբերի հեղինակների ճակատագրերին, որոնք, վստահ եմ, հետաքրքիր են և հաջողակ, եթե կարողացել են այսպիսի գիրք գրել: Իմ դիտակետում Հայաստանի ճակատագիրն է, քանի որ հենց այն է ինտելեկտուալության աստիճանի խելացի, դաժանության աստիճանի ազնիվ, ոչ ականջահաճոյութան աստիճանի օբյեկտիվ այս հետազոտության հիմնական առարկան:
Ընթերցելիս ստիպված էի հաղթահարել զգայական երկու պոռթկում: Առաջինը, որպես անփույթ աշակերտ, պատասխանների մասը նայելու ցանկությունն էր՝ առանց ամբողջ գիրքը կարդալու համար ջանք գործադրելու: Ինչ մեղքս թաքցնեմ, տպագրված մակուլատուրայի ծավալն այնքան է մեծացել, որ տարիների հետ զարգացել է մասնագիտական զգոնություն տարատեսակ գիրք-նախագծերի հանդեպ, թե ինչպես Երկիր մոլորակում, Ռուսաստանում կամ Հայաստանում դրախտ ստեղծել և այսպես շարունակ: Կարդացի գրքի վերջին էջերը, հպանցիկ ծանոթացա մի քանի էջերի բովանդակությանը և հասկացա, որ ոչ միայն պետք է վերադառնամ սկիզբը, այլև, ինչպես ասում են, գիրքը կարդամ՝ մատիտը ձեռքիս: Ընթերցողի առաջ գիրք-նախագիծ է, իսկ դրա յուրաքանչյուր մասը գլխավոր թեմայի՝ Հայաստանի և համայն հայության ապագայի ծրագրի ներածական:
Երկրորդ պոռթկումը, որը նույնպես ստիպված եղա հաղթահարել, արթնացավ գրքի բովանդակությունից, երբ դու կարդում ես ոչ միայն քեզ անհանգստացնող հարցերի, այլև հենց քո մտածած պատասխանների մասին, որոնք շարադրված են պարզ, հստակ, խորքային և հիմնավոր:
Ռուբեն Վարդանյանը գրքում հիշատակում է իր կյանքի երեք շրջան: Որպես խորհրդային ժամանակաշրջանի զավակ` ես էլ այս կամ այն չափով ապրել եմ դրանք: Բայց կյանքի բերումով ստիպված եմ եղել ոչ միայն բախվելու ճակատագրի եռաչափ զարգացումներին, այլև դրա եռաչափ հետևանքներին հետխորհրդային տևական ժամանակաշրջանում, երբ միաժամանակ ստիպված էի զբաղվել մասնագիտական գործունեությամբ, համայնքային գործերով և սոցիալ-մարդասիրական ծրագրերով: Սա նշում եմ միայն այն պատճառով, որ ընդգծեմ ոչ թե իմ՝ որպես հայի ապրիորի հետաքրքրասիրությունն ազգի ճակատագրի և ապագայի վերաբերյալ գրքի հանդեպ, այլ որպես հետազոտող, որը գտնվում է սեփական վերլուծության առարկայի տիրույթում, որը հնարավորություն է ունեցել և ունի ներքին դիտարկումներ կատարելու: Դա թույլ է տալիս կարդալ գիրքը և գնահատել հետազոտության առարկայի շուրջ հեղինակների գիտելիքը, դրա գիտական արժեքն ու առաջարկվող լուծումների գործնական կիրառելիությունը: Գիրքը համապատասխանում է բոլոր նշված չափանիշներին: Ավելին, գրքի առավելություններից է պարզ և մատչելի լեզուն, որով շարադրված են շատ բարդ թեմաներ և խնդիրներ:
Հեղինակներին հաջողվել է մեծ վարպետությամբ գրքի, թերևս, ոչ մեծ ծավալի մեջ ընդգրկել երեք տարբեր ձևաչափեր՝ պատմության սեղմ դասագիրք, Հայաստանի և հայության ապագայի ճանապարհային քարտեզ և բիզնես ծրագրերի համար տարաբնույթ հարթակների օրինակներ: Նշենք, որ նյութը շարադրված է ի շահ ընթերցողի և թույլ չի տալիս մի կողմ դնել գիրքը, եթե մտահոգված ես ոչ միայն սեփական հայրենիքիդ, այլև ընտանիքիդ և սեփական ճակատագրով:
Չէի ցանկանա հիացած և պերճախոս ընթերցողի տպավորություն թողնել, բայց ինչ անել, եթե հասկանում ես, որ երևան է եկել մի տարբերվող գիրք-խոհ, գիրք-ծրագիր, որը պատասխանում է ժամանակակից ողջ հայության առաջ կանգնած գլխավոր հարցին՝ ի՞նչ անել: Իհարկե, կան քննարկման ենթակա և մեթոդաբանական տեսանկյունից խոցելի պահեր: Օրինակ, ներկայի դիրքերից խորհրդային անցյալի չափից ավելի ինքնավստահ գնահատականը: Կոպիտ ասած. «Հետին թվով մենք բոլորս խելացի ենք»: Ավելին, որոշ գնահատականներ բավականին վիճելի են. թվում է, թե հեղինակները հայտնաբերել են միայն իրենց հասանելի ճշմարտությունների մի ծով և չեն նկատում, որ հայտնվել են կարծրատիպերի և ոչ միանշանակ պնդումների ծուղակում: Սակայն, այդ ամենն անհամեմատելի է նրա հետ, ինչը հեղինակներին հաջողվել է անել:
Հեղինակները լիովին արդարացիորեն հայտարարում են, որ իդեալական փոթորկի և աշխարհակարգի ճգնաժամի ժամանակը ոչ միայն կորուստների շրջան է, այլև հնարավորությունների, և հենց հայերից է կախված, թե արդյոք նրանք կկարողանան օգտվել այդ հնարավորություններից: Արդյո՞ք կվերականգնեն իրենց սուբյեկտայնությունը, որն ունեցել են նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց պատմական հողերում զրկված են եղել պետականությունից և ինքնիշխանությունից: Միջնորդ-ազգի, լայն իմաստով թարգմանիչ-միջնորդի պատմությունը վստահորեն փաստում է, որ հաջողությունը հնարավոր է: Կորցնելով պետականությունը՝ ժողովուրդը գտավ իր տեղն աշխարհում նրա առջև բաց լինելու շնորհիվ: Վաճառականների նախաձեռնողականությունն ու սփյուռքի ցանցային համակարգը պատմական այդ ժամանակաշրջանում լավագույնս իրացվեցին: Սակայն 18-րդ դարի կեսերին նա սկսում է կորցնել իր սուբյեկտայնությունը և մինչ օրս չի կարողանում վերականգնել այն՝ չնայած պետականության վերականգմանը:
Կտրուկ, դիպչելով ամենացավոտ զգայարաններին, հեղինակները մի ողջ ժողովրդի ու ամեն հայի տալիս են լուրջ աշխորոշում առ այն, որ «մեր ներկան չունի ապագա»: Վիճարկելու հնարավորություն չեմ տեսնում: Գրքի հեղինակների նման առաջարկում եմ սա ընդունել որպես փաստ: «Սակայն մեր բոլոր անձնական վախերը խամրում են ավելի ընդհանուր, բարձր կարգի վախի առաջ: Գրքի հեղինակներին վախեցնում է այն միտքը, որ մեկ-երկու սերունդ հետո հայերն իբրև ազգ կարող են անհետանալ: Նման տխուր վախճանի հավանականությունը մեծ է. մեր սփյուռքը ձուլվում է, մեր մշակույթը թոշնում է, մեր ազգային ինքնությունը ջնջվում է: Եվ հայերի ֆիզիկական ոչնչացման վտանգն այսօր ամենևին ավելի պակաս չէ, քան հարյուր տարի առաջ. չէ՞ որ մենք առաջվա պես ապրում ենք աշխարհաքաղաքական անկայունության գոտում՝ շրջապատված ոչ բարեկամ պետություններով: Սարսափելի է մտածել, որ կարող ենք կորցնել մեր պատմական հողերը, կարող ենք կորցնել Արցախը. այդ դեպքում մեր բազմաչարչար ժողովուրդը կկորցնի իր քաղաքական ինքնիշխանությունը: Սարսափելի է պատկերացնել, որ մի որ ստիպված ենք լինելու ներողություն խնդրել մեր զավակներից և ապրել մեր սերունդների նկատմամբ մեղքի զգացումով, քանի որ չենք արել ամեն հնարավորը՝ պահպանելու համար հայկական ժառանգությունն ու սերունդների հաջորդականությունը:
Պետք չէ մեղադրել հեղինակներին իրավիճակը դրամատիզացնելու մեջ: Ես ինքս ինձ հանգստացնում էի այն մտքով, որ եթե մի դուռ փակվում է, բացվում է մյուսը: Ինձ արդարացումներ էի գտնում, թե զուր էին Գերմանիայում սպաները գնդակահարում իրենց քառասունհինգ թվականի մայիսին, իսկ ճապոնացի սամուրայները՝ խարակիրի անում, քանի որ նրանք էլ չէին տեսնում իրենց և թշնամու կողմից գրավված իրենց երկրի ապագան: Չէ՞ որ ամեն ինչ անցավ:
Գրքի հեղինակները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ մեզ համար իրավիճակը գոյաբանական է և շատ ավելի բարդ: Ութ տարի ղեկավարեով Ղրիմի հայկական համայնքը՝ մինչև հիմա ոչ միայն հստակ պատկերացնում եմ իրավիճակը, այլև վերապրում այն: Ըստ 2014 թ. մարդահամարի տվյալների՝ հայերի մոտ տղամարդկանց շրջանում միջէթնիկական խառն ամուսնությունները (ըստ էության՝ ասիմիլացիա) կազմում են 60 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 40: Սա պետք է նախազգուշացում լինի ոչ միայն սփյուռքի, այլև հենց պետության համար, քանի որ աղոտ ինքնությունը նոր ու գիտակցաբար ընդունված ինքնություն չէ:
Առանց աշխարհի առաջ բացվելու, առանց սեփական տեղը գտնելու, այսինքն՝ աշխարհում սեփական սուբեկտայնությունը տեղորոշելու, առանց բացառիկ զարգացման բեկում մտցնելու ոչ երկիրը, որ հայերը, ոչ էլ հայությունն ամբողջությամբ չունեն որևէ հեռանկար: Այս կարևոր թեզը կարմիր թելով անցնում է հեղինակների մտորումներում: Գրքի առանձնահատուկ նշանակությունն այն է, որ այն չի մնում «տեխնիկական առաջադրանքի» կամ նախագծի մակարդակում, այլ ցույց է տալիս տպավորիչ, ինչն ավելի կարևոր է, էֆեկտիվ արդյունք՝ տարբեր բիզնես ծրագրերի իրագործմամբ, որոնք, ըստ էության, առաջ են բերում նախապես մշակված հարթակներ: Իրենց հերթին, դրանց առանձնահատկությունը մուլտիպլիկատիվ արդյունավետությունն է, երբ, սկսելով բարեգործությունից՝ ծրագիրն անցնում է վենչուրային աջակցության փուլ, իսկ հետո, ըստ տարբեր ռեսուրսների ներգրավման աճի, այդ թվում՝ նաեւ մարդկային, վերածվում է ավելի ու ավելի ընդլայնվող կլաստերային տիպի ծրագրի (իրագործված նախագծեր՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ Ամերիաբանկ, զբոսաշրջության ոլորտում՝ «Տաթևի վերածնունդ», բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ FAST, կրթության ոլորտում՝ UWC ցանցի Դիլիջանի քոլեջ): Համագործակցությունն ստանում է մասնավոր-պետական բնույթ: Ավելին, ծրագրերը կարող են իրագործվել հորիզոնական համագործակցության համակարգում, մեծ հաշվով, դրանք կարիք չունեն հիերարխիկ կառավարման և ունեն թափանցիկության բարձր աստիճան:
Գիրքն օրինակ է, թե ինչպես է հեղինակների գլոբալ մտածողությունը զուգորդվում լոկալ բնույթի փոխակերպումներով: Գլոբալիզմն առանցքային հասկացություն է նրանց համար: Հաճելի էր տեսնել մեթոդաբանական այն նույն մոտեցումը, որն արդեն երկար տարիներ ինքս եմ օգտագործում: Լոկալ վերափոխումների մեթոդին պետք է նախորդի ռազմավարությունը: Այս բաղադրիչներից մեկի բացակայությունը ցանկացած ծրագիր վերածում է պարզապես նախագծի:
Իմ կարծիքով, ճիշտ չէր լինի վերլուծել գրքի յուրաքանչյուր գլուխը, դրա բոլոր գլխավոր գաղափարները: Իմ գրառումների նպատակն այլ է՝ ուշադրություն հրավիրել այս ոչ սովորական գրքին՝ գիրք-մանիֆեստին: Գրեթե երեք տասնամյակ մենք թափառում ենք մեր պետականության անգիտության և սփյուռքի մեկուսացման ոլորաններում: Հայտնվել է գիրք-ուղեցույց, որը պետք է օգնի մեզ բոլորիս:
Այն ընթերցելով՝ ես ինձ համար գործողությունների ծրագիր կազմեցի: Որպես «Լույս» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ ես այն կառաջարկեմ գործընկերներիս և համայնքի ղեկավարությանը: Հնարավոր է՝ սկսենք փոքրից, օրինակ՝ Սուրբ Խաչ վանքում երիտասարդների համար ամառային դպրոցից: Անհրաժեշտ է գրքում արծարծվող գաղափարները հասցնել սփյուռք, երիտասարդների միջավայր, ստեղծել ցանց սփյուռքում: Փնտրել նոր մարդկանց, նոր գաղափարներ, նոր ներկա, որպեսզի ունենանք արժանապատիվ ապագա հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի համար: Գործնականում դա նշանակում է ստեղծել ժողովրդի ցանցային կառույց՝ օգտագործելով սփյուռքի գոյության անգնահատելի փորձը:
Ցեղասպանության զոհ դարձած ազգից մենք պետք է վերածվենք հաղթող ազգի: Մենք ունեցել ենք հաղթանակներ անցյալում, ունենք նաև ներկայում: Պարտվելով Ավարայրի ճակատամարտում՝ մենք կարողացանք այն հաղթանակի վերածել թշնամու նկատմամբ, քանի որ պահեցինք հայի տեսակը՝ հավատը, լեզուն եւ միասնականությունը:
Ո՞վ է այն հայը, որին ոչ միայն ուղղված է գիրքը, այլև որի հետ կապում են Հայաստանի փրկության և նրա ապագայի կերտման հույսեր: Հեղինակները հստակ պատասխանում են այդ հարցին. «Մենք սահմանազատում չենք մտցնում արյան, լեզվի, դավանանքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության առկայության հիմունքներով և համարում ենք, որ հայ լինելն այսօր առաջին հերթին ազատ ինքնորոշում է, մարդու գիտակցված ընտրություն, որը պատրաստ է ինքն իրեն կապելու ազգի հետ և մտածողությամբ դուրս գալու մասնավոր շահերի նեղ սահմաններից։ Մասնատված հայության միավորման սկիզբը, ըստ մեր համոզման, կարող է դրվել այնպիսի մարդկանց համատեղ գործունեությամբ, որոնք ձգտում են կենսագործել ապագայի իրենց ընդհանուր տեսլականը»։ Ինքս իմ հերթին ժամանակին տվել եմ հետևյալ սահմանումը. «Հայը նա է, ով իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի պահպանվի հայությունը»:
Դժվար է չհամաձայնվել գրքի հեղինակների հետ. «Մենք փախչելու տեղ չունենք, մեզ ոչ ոք չի պաշտպանի, մենք իրավունք չունենք նստել-սպասելու՝ մինչև հերթական անգամ մեր ճակատագիրն ուրիշները որոշեն մեր փոխարեն. այդպես արդեն պատահել է բազմիցս, և մենք լավ գիտենք այն գինը, որ ստիպված ենք եղել վճարելու: Այո, մենք փոքր ժողովուրդ ենք, բայց իդեալական փոթորկի ժամանակ փրկվում է ոչ թե ուժեղագույնը, այլ նախապես առավել ադապտացվածը. ունակություն, որը պայմանավորված չէ ո՛չ քանակով, ո՛չ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամտի ծավալով»:
Մեր առաջ նոր Ավարայրի գիրք-մարտահրավերն է, և մեզնից յուրաքանչյուրը՝ ռազմի դաշտում, թե սեփական ընկերությունում կամ գրասենյակում, համալսարանում կամ գիտական լաբորատորիայում, Հայաստանում իր տանը կամ Հայաստանի սահմաններից շատ հեռու, պետք է ընտրություն կատարի, թե արդյոք պատրա՞ստ է կերտել Հայաստանի ապագան՝ որպես սեփական երեխաների ապագա:
Եթե Աստված մեզ պահպանել է, ուրեմն առաքելություն ունենք:
Վարդանանք, որպեսզի այն իրագործեին, ստեղծում էին հայկական աշխարհը:
Օլեգ Գաբրիելյան
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վ.Ի. Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան