Երբեմն այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ մեկնաբանությունները հեշտ և արագ են ծնվում: Երբեմն էլ ընդհանրապես չեն ծնվում: Դրա պատճառները ժամանակին փորձել եմ փնտրել իմ մեջ, բայց այդպես էլ օրինաչափություն չեմ գտել: Հավանաբար դա կապված է այն աշխատանքի հետ, որ պետք է ձեռնարկել տեքստն ըմբռնելու համար: Այն, ինչ հեշտ է յուրացնել, ավելի արագ էլ ընկալվում ու գնահատվում է:
Ինչն էր ընթերցանության ժամանակ բարդ ինձ համար
Գլխավորը՝ բաժինների հերթականությունն ու ծավալը: Ի՞նչը նկատի ունեմ: Տրամաբանական կլիներ, ըստ իս, հետևյալ դասավորությունը. պատմական ակնարկ, ընթացիկ խնդիրների վերլուծություն, զարգացման ընտրված (հնարավոր) ուղղությունները և արդիական նախագծերը, որոնք այս կամ այն չափով ծառայում են այդ նպատակների իրագործմանը: Տեքստում այդ ամենը կա, բայց ոչ միշտ հետևողականորեն: Երբեմն հայտարարված թեզերից հետո նորից վերադարձ է արվում նախկինում քննարկված որոշ թեմաների: Դա դժվարացնում է ընկալումը:
Առհասարակ պարզ և թափանցիկ թեզերն ընդհանուր առմամբ ավելի հեշտ է յուրացնելը: Խոսքը Ժիրինովսկու անվան պոպուլիզմի մասին չէ իհարկե, ոչ էլ բոլշևիկյան «իշխանությունը Սովետներին, ֆաբրիկաները՝ բանվորներին, հողը՝ գյուղացիներին» կարգախոսի մասին, թեպետ այն ծայրահեղ պարզունակ հռետորաբանության մեջ, ի թիվս այլոց, նաև որոշակի հաջողությունների բանալին կար:
Տեքստի այս գերահագեցածությանը ես կվերագրեի նաև ներդիրները, որոնք արվել են, ինչպես ենթադրում եմ, նախկինում հրապարակված հոդվածների կամ հարցազրույցների հիման վրա: Աչքի զարնող նման ավելորդ դրվագ է ակտիվների փոխանցման միջոցների և բարեգործության մասին պատմությունը (էջ 145-147):
Ի լրումն
Մի դիտարկում ու խնդիր կա, որն ինձ վաղուց է մտահոգում:
Սալվադոր Ալյենդեի հրապարակայնությունն ու ժողովրդավարությունն ավարտվեց Պինոչետի խունտայով: Լի Քուան Յուն և սինգապուրյան հրաշքը, ինչպես նշված է գրքում, նաև մեդալի հակառակ կողմն ունեն՝ ժողովրդավարության հետ կապված բարդ խնդիրները: Պետրոս Առաջինը Ռուսաստանը քարշ տվեց Եվրոպա և հասցրեց այն ժամանակվա առաջադեմ աշխարհին, բայց դա բացարձակապես ժողովրդավարական մոդել չէր: Թեև լիովին կիրառվում էին նոր ինստիտուտների ստեղծման մեթոդները, նոր աշխարհի կառուցման գործում հասարակության առավել եռանդուն շերտերի և երիտասարդության ներկայացուցիչների ներգրավումը, առաջադեմ գիտելիքների ուսուցումը, եվրոպական կրթությունը և այլն:
Այո, այդ դեպքերում հաջողություն եղել է: Բայց հաջողության առանցքում անհատն էր (առաջնորդ) և խիստ, երբեմն էլ դաժան մոդելը: Եվ դա վտանգ է: Ինչպե՞ս վարվել այս առումով:
Եվս մի խնդիր: Հետևելով ՏՏ ոլորտի տարբեր ծրագրերին, մասնակցելով դրանցից շատերին՝ ես հանդիպել եմ մի առանձնահատկության: Երբեմն շատ դժվար է վերարտադրել նախորդների կամ ուրիշ հաջողակ ընկերությունների/անհատների հաջողության մոդելը, քանի որ ամեն մի նոր նախագիծ, ջանքերի գործադրման նոր տեղ ի հայտ է բերում նոր հանգամանքներ, նոր պայմաններ. նույն գետը երկրորդ անգամ չես մտնի: Եվ նույն մեթոդներով հաջող արդյունքների հասնելը հաճախ անհնարին է դառնում: Փոխարենը շատ հաճախ կրկնվում են առաջացող խնդիրները: Փաստորեն այն իմացությունը, թե որոնք են ուրիշ նախագծերի անհաջողության պատճառները, պակաս արժեքավոր չեն, քան հաջողության սերտած սցենարները:
Կարևոր շեշտադրում
Ժամանակակից գերհագեցած տեղեկատվական աշխարհում յուրաքանչյուր հիպոթեզ, գաղափար, կարծիք միշտ էլ բազմաթիվ ընդդիմախոսների է հանդիպում՝ իրենց խիստ ծանրակշիռ փաստերով ու փաստարկներով: Մասնավորապես Հայոց ցեղասպանության թեմայի ընդդիմախոսների և նրանց առաջադրած հակափաստարկների քանակը Թուրքիայի կողմից շատ մեծ է: Ի թիվս այլոց, հնչում են և կարծիքներ, թե նման բնույթի ռեպրեսիաները սովորական երևույթ են, կրոնական պատերազմների պատմության էքսկուրսներ են արվում Քրիստոսի ծնունդից, խաչակրաց արշավանքներից ընդհուպ մինչև ստալինյան ազգային զտումները: Սովորական երևույթը պատմական հեռանկարում ընդդիմախոսների կարծիքն է:
Գիրքը, անտարակույս, այդ մասին չէ կամ այնքան էլ այդ մասին չէ: Բայց դրա շեշտադրումը շատ անհրաժեշտ ու կարևոր է: Այդ թվում և միավորման ու զարգացման գաղափարների տեսանկյունից:
Հարց հեղինակներին
Ձեռագրում՝ Ցեղասպանության մասին բաժնում, շատ հստակ է նկարագրված Ցեղասպանության թեմայի արծարծման էվոլյուցիոն գործընթացը: Ինչքան հեռանում են իրադարձությունները, այնքան թուլանում է հիշողությունը: Այդ դեպքում ինչի՞ համար է այդ հիշողությունը: Ինչի՞ համար է Ցեղասպանության փաստի ճանաչման լոբինգը: Ի՞նչ ճշգրիտ շեշտադրմամբ է հնարավոր զատել այն գլխավորը, որ բովանդակում է այդ թեման այսօրվա հեռավորությունից: Դա է, որ չի բավարարել ինձ:
Ամփոփում
Սկզբում կարծում էի, թե կարող եմ արագ ձևակերպել մեկնաբանություններս: Բայց գրքի բարձրացրած ալիքը շատ շերտեր ափ նետեց, որոնք նստվածք էին տվել անցած երեսուն տարիների ընթացքում: Սկսած վերակառուցումից և ժողովրդական պատգամավորների առաջին համագումարից, այն տարիների փոփոխությունների քամիներից, գաղափարներից հույսերից ու պատրանքներից: Այն տարիներին եկող տեղեկատվության ու գիտելիքների ալիքները: Խոսակցություններն իմ ընկերոջ հետ 90-ական թվականների սկզբին, թե Հայաստանը նոր պետություն ստեղծելու ուղի է մտնում, թե ինչ և ինչպես պետք է այնտեղ կառուցել ու իրականացնել: Իմ նախնիների, պապիս պատմությունը, որ մեկնել էր Ղարաբաղից երիտասարդ ժամանակ, հորս պատմությունը, որ ծնվել էր արդեն Թուրքմենստանում 1930 թվականին, հարազատներիս պատմությունը, որոնք մի ժամանակ ապրել են Բաքվում: Եվ Թաղլար գյուղը, որի մասին մի անգամ ինձ հանդիպած ծերունին ընդամենը մի բան ասաց. «Այնտեղ արդեն ոչ ոք չի մնացել»:
Շատ շնորհակալ եմ գրքի համար: