Լորդ
Արա
Դարզի 

Լորդ Արա Դարզի 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն 

Ռուբեն Վարդանյանն ու Նունե Ալեքյանը արժեքավոր վերլուծություն են ներկայացում Հայաստանին սպառնացող մարտահրավերների վերաբերյալ:  Ըստ հեղինակների՝ հիմնական հարցադրումն այն է, թե ինչպես աշխարհասփյուռ հինավուրց ժողովուրդը, որը վերջերս է վերականգնել իր պետականությունը, կարող է վերագտնել իր կենսունակությունն ու բեկում մտցնել սեփական զարգացման ճանապարհին՝ նշանակալի դերակատարություն ստանձնելով քաղաքակրթական զարգացման գործընթացում:

Պատասխանելով այս հարցադրմանը՝ նրանք իրավացիորեն նշում են, որ բարեկեցությունը, անվտանգությունն ու հայկական ազգային ինքնության պահպանումը պետք է առաջնահերթություն լինեն: «Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը պահպանման մոդուսից անցնի բարեկեցության մոդուսի»,- ասում են նրանք: Բարեկեցություն, որը կլինի բոլորինը: 

Ռուբեն Վարդանյանն ու Նունե Ալեքյանը, անշուշտ, իրավացի են՝ հույս հայտնելով, որ 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում առաջացած հզոր «հանրային էներգիան», որը Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, իմաստալի փոփոխությունների եզակի հնարավորություն ստեղծեց: Սա հնարավորություն է, որ չպետք է կորցնել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև տարաբնույթ մարտահրավերներ են կանգնած՝ Ռուսաստանի հետ խրթին հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի երկարաձգված հակամարտության հանգուցալուծումը, տնտեսական աճի խթանումը և կոռուպցիան, որն իր ուրույն դերն ունեցավ Փաշինյանի իշխանության գալու հարցում:     

Այնուամենայնիվ, իմ արձագանքում ես ցանկանում եմ կենտրոնանալ այն բանի վրա, ինչը կենսական եմ համարում Ռ. Վարդանյանի և Ն. Ալեքյանի սահմանած նպատակին՝ Հայաստանի թվային փոխակերպմանը հասնելու ճանապարհին:    

Իմ երեսնամյա բժշկական կարիերայում բազմիցս ականատես եմ եղել թվային տեխնոլոգիաների զարգացման օրինակների՝ Միացյալ Թագավորության առողջապահական ազգային ծառայության թվային ակադեմիայի հիմնումից մինչև առաջնային թվային նորարարություններ, որոնք օգնում ենք վերափոխել բժշկական պրակտիկան: 

Միաժամանակ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են թվային նորարարությունները վերափոխում մեզ շրջապատող աշխարհը և մեզ բոլորիս՝ Նյու Յորքում աշխատանքի շտապող մարդուց, որը ձգտում է ամենակարճ ճանապարհով հասնել աշխատավայր, մինչև Մալավիում ապրող ձկնորսը, որը նույնպես ձգտում է կիրառել ձկնորսական լավագույն փորձը: Հայաստանում սոցիալական ցանցերի դերը առանցքային եղավ հազարավոր աջակիցների մոբիլիզացնելու գործում, որոնք այլ հավասար պայմաններում գուցե չմիանային ցուցարարներին՝ իշխանության բերելով Նիկոլ Փաշինյանին: 

2017 թվականի նոյեմբերին հրապարակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարական ծրագիրը կենսական է երկրի ապագայի համար: Կառավարությունը նախատեսում է 100 տոկոսով թվայնացնել գործարար համայնքի հետ առնչությունները և 80 տոկոսով՝ հանրային ծառայությունները՝ այդպիսով 50 տոկոսով կրճատելով կառավարության վարչարարական ծախսերը: 

Ինչպես հայտարարում են, թվային լուծումները կարող են բարձրացնել վարչարարական արդյունավետությունը, զարգացնել տրանսպորտային ոլորտը, բարելավել միջավայրը, խնայել էներգիան, նպաստել հանրային անվտանգությանը և գյուղատնտեսական արտադրանքի աճին: «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարական ծրագիրը շեշտադրում է կատարում հետևյալ հիմնական բաղադրիչների վրա՝ թվային կառավարում, թվային հմտություններ, ենթակառուցվածքներ, կիբեր անվտանգություն, մասնավոր հատված և ինստիտուցիոնալ հիմքեր: 

Անհրաժեշտ է առանց երկարաձգելու կյանքի կոչել այս ծրագիրը: Բայց նաև կարևոր է խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: 

Ինչպես ծախսերի կրճատման արդյունքում արդյունավետության բարձրացման պարագայում, կառավարության թվայնացումը կայունացնող գործոն կդառնա. այն թույլ կտա ստեղծելու «անսահման» երկիր, եթե ամեն ինչ լինի թվային և տեղանքով չկաշկանդված: Էստոնիայում կառավարությունը մեկնարկել է թվային «քաղաքացիության» ծրագիր, որն արտասահմանցիներին թույլ է տալիս գրանցվել և օգտվել մի շարք ծառայություններից, օրինակ՝ բանկային, այնպես, ինչպես տեղացիները: Այս ամենը թույլ է տվել ստարտափներին վիրտուալ արմատներ ստեղծել: Թվային «քաղաքացիության» ծրագիրն այնպիսի հաջողություն է ունեցել, որ գերազանցել է բոլոր ակնկալիքները: 

Հայաստանի համար, որի բնակչության թիվը նվազում է, քաղաքացիները սփռված են, իսկ 10 միլիոն հայերից 7 միլիոնն ապրում են արտասահմանում, ավելի սերտ կապը թվային տեխնոլոգիաների միջոցով կարող է շրջադարձային լինել: Դա կարող է սփյուռքի համար հայրենիքի հետ կապի վերականգնման նոր խթան դառնալ, ներդրումների նոր հնարավորություններ ստեղծել և խթանել նորարարությունը: 

Պետականության սահմանումը վերաիմաստավորվում է, քանզի ժողովուրդներն առավել քան երբևէ դինամիկ են դարձել: «Նյու Յորքեր» ամսագրի հոդվածներից մեկը նկարագրում է ապագան, որտեղ ազգությունը որոշվում է ոչ այնքան բնակության, որքան առցանց գրանցման վայրերով: Որոշ ժամանակ առաջ դա գիտական ֆանտաստիկա կհամարվեր, այժմ՝ ոչ: 

Հայաստանի զարգացման ապագայի տարբերակներից Ռ. Վարդանյանն ու Ն. Ալեքյանն առաջարկում են հաբ երկրի տարբերակը, որը որգեդրել են Հարավային Կորեան և Սինգապուրը՝ նպատակ ունենալով երկրի զարգացումը խարսխել սփյուռքի կապերի և ներուժի վրա, ներգրավելով ներդրումներ, նորարարական տեխնոլոգիաներ և բարձորակ մասնագետների: 

Այսպիսով, Հայաստանը կարող է հենվել իր ամենաուժեղ կողմերից մեկի՝ ցանցային փոխգործակցության ավանդույթի վրա, որը ժամանակակից աշխարհի կենսական հմտություններից է: Բայց դրան հնարավոր չէ հասնել առանց թվային գործիքների, որոնք այսօր էական են գլոբալ շարժուն հասարակություններում փոխգործակցության հաստատման համար: 

Հեղինակները հղում են կատարում «տաղանդայնության» դարաշրջանին և այն կարևոր դերակատարմանը, որ կրթությունն ունի ստեղծարար ներուժ ունեցող հմուտ աշխատուժ ձևավորելու գործում՝ հանուն ավելի լավ աշխարհի: Քանզի աշխատուժը դառնում է ավելի շարժուն, նրանց հմտությունների համար մրցակցությունն էլ ավելի է մեծանում: Հայաստանը պետք է հնարավորինս արագ հասնի անհրաժեշտ թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներին վերապատրաստելու և ներգրավելու համար: 

Խոսքը Հայաստանը Սիլիկոնային հովիտ դարձնելու մասին չէ: Հաճախ թվում է, թե թվային տեխնոլոգիաներն ինքնանպատակ են. սա սխալ ընկալում է, քանզի տեխնոլոգիան չէ, որ կարևոր է, այլ այն, ինչին կարելի է հասնել դրա միջոցով: 

Որպես հաբ երկիր, որը փոխկապակցված է աշխարհին, առաջարկելով բարձրորակ մասնագետների և առաջատար տեխնոլոգիաներ, Հայաստանը փոքր մասնատված ազգից կարող է դառնալ սփյուռքի համար սուվերեն կենտրոն՝ միաժամանակ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ նպաստելով տարածաշրջանային հավասարակշռության պահպանմանը: 

Տասնամյակներ շարունակ հայերին միավորել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունը և այն ցավն ու տառապանքները, որոնք եղել են դրա հետևանքով: Ինչպես նշում են հեղինակները, այսօր նրանք կարիք ունեն «ընդհանուր հպարտության նոր առիթների» և երկրի ապագայի վերաբերյալ լավատեսական գիտակցության: 

Նուբար Աֆեյանը սեղանին է դնում դրական տեսլական՝ հենված «գլոբալ ցանցային ազգի» ստեղծման գաղափարի վրա, որը համախմբվում է Հայաստանի՝ որպես հաբ երկրի շուրջ. այդ Հայաստանը պետք է լինի ազգի հզորության աղբյուր, գաղափարների գեներատոր և նորարարության դարբնոց: 

Այս տեսլականի կյանքի կոչման գործում թվային փոխակերպումը կենսական է: Այն պետք է դառնա երկրի ապագա զարգացման առաջնահերթություն:

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։