Նախ՝ շնորհակալություն Հայաստանի զարգացման հեռանկարի շուրջ այսքան շահեկան քննարկում-մտածումը սկսելու համար։ Գաղափարն առավել կենսական է՝ մի կողմից մեր ազգային դիսկուրսում այսպիսի տեսլականի, ազգային օրակարգերի շուրջ գրեթե գոյություն չունեցող վերլուծության, մյուս կողմից՝ գլոբալ համատեքստում ընթացող «փոթորիկների» ֆոնին։
Հիմնական հարցն էլ հենց այս երկու /ազգային և գլոբալ/ վեկտորների խելամիտ համադրման, ռիսկերի և արդյունքների գնահատման կարողությունն է, ճիշտ ճանապարհի ընտրությունը։ Համամիտ եմ ձեզ հետ՝ «փոթորիկից» խելոք և շահած դուրս գալու համար մի շարք նախապայմանների գոյությունն ուղղակի ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է։
Դուք ընդգծում եք, որ «դիտավորյալ եք հեռանում քաղաքական» դաշտից։ Հասկանում եմ․․․ միևնույն ժամանակ ընդգծում իմ համոզումը՝ երկրի զարգացման մոդելի կամ վեկտորի ընտրության հարցում տվյալ պետության ՈՐԱԿՆԵՐԸ և քաղաքական կլիման առանցքային նշանակություն ունեն։ Այս բաղադրիչի հետ պետք է օբյեկտիվորեն հաշվի նստել, նվազագույնը՝ գնահատել։ Դրական իմաստով հավակնոտ /ամբիցիոզ/, երկարաժամկետ ծրագրի որդեգրումն ու գործադրումը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻ գիտակցված համոզում և որոշում է պահանջում։
Եվ ոչ միայն քաղաքական էլիտայի․ նույնքան կարևոր է մյուս՝ բիզնես, մշակութային, ակադեմիական էլիտաների համոզումը։ Շատ կարևոր է, որ վերջիններիս նույն խնդրի շուրջ նույն խոսույթով արտահայտվելու հանձնառություն և պատասխանատվություն ստանձնեն՝ վերաիմաստավորելու ազգային պետության հոլովույթը։ Մենք լուրջ աշխատանք ունենք տանելու քաղաքացիական և ազգային ինքնագիտակցության բարձրացման դաշտում։ Ցավոք, պետական և հանրային ինստիտուտների կայացման ներկա մակարդակը ևս խոչընդոտների ցանկում կդնեի, ինչը բոլորովին չի նշանակում չերազել, չծրագրել ու առաջ չգնալ․․․։
Հիմա Հայաստանը պետության կառուցվածքի մոդելի որոնման գործընթացի մեջ է․ հուսանք, որ չի որդեգրվի ամենացնցումային տարբերակը, ինչը կարող է խոցելի դարձնել հանրային համախոհության մակարդակը, միջավայրի ներդաշնակության կամ անվտանգության զգացողությունը։ Սրանք խոչընդոտներ են, դեստրուկտիվ նախապայմաններ, որոնք կարող են թուլացնել ապագայի մտապատկերի համազգային տեսլականը, social contract-ը կամ դրա շուրջ համախմբումը /կոնսենսուսը։
Այս ճանապարհին կրթությունը /ֆորմալ և ոչ ֆորմալ/ շարունակում է մնալ կարևոր գործիքներից մեկը։ Կրթության մեջ ներդրումները, թեև դանդաղ հատուցվող են, բայց արդարացված են։ Դուք սա գիտեք և անում եք։ Զարգացման ցանկացած մոդելի որդեգրում շարունակ, non-stop կատարելագործվող մրցունակ գիտելիք և հմտություն է պահանջում։
Ձեռագրում անդրադարձ չկա Արցախի հիմնախնդրին։ Մինչդեռ սա այն հոգեբանական ստատուսն է, որ առկա է բոլոր մակարդակներում։ Բայց Արցախը դատավճիռ /verdict/ չէ, թեև այն անորոշության լուրջ ռեսուրս ունի։ Համահայկական հպարտության և հանձնառության աղբյուր լինելուց զատ, պիտի համազգային համոզում դարձնել այն մտածումը, որ Արցախը խոչընդոտ չէ, որ կարող ենք զարգանալ, պետք է զարգանանք և զարգանալու ռեսուրս ունենք նաև հանուն Արցախի։ Եվ Արցախը մեր ապագայի, ճիշտ ընտրված մոդելի բաղկացուցիչն է։
Որ Սփյուռքի ներուժը լավ չենք օգտագործում հստակ է։ Հստակ է նաև, որ սփյուռքահայերի համար առավելաբար հայրենիքն է ներշնչանքի աղբյուր, քան՝ Հայաստան պետությունը։ Սա սոսկ զգացական մոտեցում է, որի կապիտալիզացիան թույլ է։ Պիտի կարողանանք հասնել նրան, որ սփյուռքահայերի մոտ բարձրանա ՀՀ պետությանը պատկանելիության զգացումը։
Սա փոխկապակցված է գրավիչ, մրցունակ պետության իրողությանը, միևնույն ժամանակ ազգային անվտանգության ռեսուրս է և բաղադրիչ։ Դարձյալ քաղաքական արժեքների, քաղաքական համոզումների շարքից է․․․ մի տեսակ պաուզայի ռեժիմ է հիմա։
Մոդելի ընտրության հարցում, կարծես օբյեկտիվորեն ընտրությունը մեծ չէ, և դուք առաջարկում եք ամենաընդունելին։ Սա, իհարկե, չի նշանակում, որ համաշխարհային հրամայականներով պայմանավորված, չի կարելի դիմել որոշ հիբրիդային, ժամանակավոր լուծումների։
Բայց նախ՝ որակյալ պետության, արդյունավետ կառավարում, ազգը կոնսենսուսի տանելու ունակ քաղաքական իշխանություն, պատասխանատու էլիտաներ․․․ Ես հավատում եմ անհատին, նրա տաղանդին և տաղանդայնությանը․ այս էներգիայով շատ բան կարելի է փոխել։ Համաշխարհային հայերի ցանկում պիտի որոնում սկսել, կամ նպաստել դրանց ձևավորմանը` individuals to act։ Համեստորեն ձեր անունը չէիք ներառել այդ ցանկում…
Հետո այդ օազիսները` կպնում են իրար ու արդյունք տալիս․․․հավատում եմ։