Լևոն
Չուգասզյան

Լևոն Չուգասզյան
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ

«Ճամփաբաժանին» ձեռագիրը վերջին տարիներին իմ ընթերցած թե՛ պատմական, թե՛ բելլետրիստական և թե՛ այլ գործերից ամենահետաքրքիրն էր: Ինձ համար այն կրկնակի գրավիչ էր, քանի որ ինքս էլ շատ եմ մտածել ձեռագրում բարձրացվող հարցերի, խնդիրների և դրանց լուծումների մասին: Սփյուռքում գտնվելիս, օտարազգիների հետ շփվելիս միշտ փորձել եմ պատասխաններ գտնել: Ուստի այն, ինչի մասին դուք գրում եք, շատ հոգեհարազատ է ինձ: Միաժամանակ, ինձ համար նաև նոր փաստեր բացահայտեցի: 

«Ճամփաբաժանին» ձեռագիրը վերջին տարիներին իմ ընթերցած թե՛ պատմական, թե՛ բելլետրիստական և թե՛ այլ գործերից ամենահետաքրքիրն էր: Ինձ համար այն կրկնակի գրավիչ էր, քանի որ ինքս էլ շատ եմ մտածել ձեռագրում բարձրացվող հարցերի, խնդիրների և դրանց լուծումների մասին: Սփյուռքում գտնվելիս, օտարազգիների հետ շփվելիս միշտ փորձել եմ պատասխաններ գտնել: Ուստի այն, ինչի մասին դուք գրում եք, շատ հոգեհարազատ է ինձ: Միաժամանակ, ինձ համար նաև նոր փաստեր բացահայտեցի: 

Ներկայումս ես զբաղվում եմ հայ ոսկերիչների աշխարհասփյուռ աշխատանքների ուսումնասիրությամբ և մեծաքանակ ոսկյա զարդեր եմ տեսել այլ երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում: Աշխատանքն ընթերցելիս հանկարծ նկատեցի, որ մի քանի հարյուր տարի շարունակ լեհահայերի ձեռքում է եղել Կարպատներից ոսկու արտահանումը. այս փաստը տարօրինակ կերպով վիրպել էր իմ տեսադաշտից:

Ստորև հերթականությամբ կներկայացնեմ ձեռագրի վերաբերյալ իմ դիտարկումները:   

Սկսենք հայ ժողովրդի միգրացիոն հոսքերի հետագծերից: Ուզում եմ նշել, որ հայերի արտագաղթի արևելաեվրոպական ուղին ձգվել է ոչ թե մինչև Ռումինիա, այլ մինչև Հունգարիա: Ահավասիկ, Հունգարիայի՝ ավստրիացիների դեմ ապստամբության հինգ առաջնորդներից երեքը հայ են եղել: Նրանց հուշարձանը այսօր էլ կանգնած է Հունգարիայի խորհրդարանի շենքի առջևում:        

Մի դիտարկում այն մասին, որ 1965 թ. «Պրավդա» օրաթերթը լույս է տեսել երկու տարբերակով. առաջինը Ցեղասպանությանը նվիրված հոդվածով՝ Հայաստանի համար, երկրորդն առանց այդ հոդվածի՝ Խորհրդային Միության մյուս հանրապետությունների համար: Ուզում եմ նշել, որ «Պրավդան» միշտ է երկու տարբերակով լույս տեսել. միշտ էլ եղել են բովանդակային տարբերություններ, պարզապես ժողովուրդը չի իմացել այդ մասին, թեև ժամանակի ընթացքում դա նկատվեց:

Դուք խոսում եք այն մասին, որ երիտասարդությունը սերնդեսերունդ ավելի անտարբեր է դառնում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ: Հոգեբաններն ասում են, որ մեծ արհավիրքներից հարյուր հիսուն տարի  անց ամեն ինչ մարում է ու մոռացվում: Ամեն ինչ վերջանում է: Հետևաբար, մեզ քիչ ժամանակ է մնացել:  

Ձեռագրում նշվում է, որ Սփյուռքի առաջին (մասամբ՝ նաև երկրորդ) սերունդը, գիտակցելով ազգային ինքնության պահպանման կարևորությունը, հիմնում էր հայկական դպրոցներ, եկեղեցիներ ու ակումբներ: Նշեմ, որ Ամերիկայում այդպես չի եղել. Ցեղասպանությունից փրկված առաջին սերունդն իր ողջ գումարն ուղարկում էր Մերձավոր Արևելք՝ հայկական դպրոցներին ու որբանոցներին: Առաջին սերնդի զավակները, որոնց թվում էին նաև իմ ազգականները, նույնիսկ հայերեն չիմացան. նրանք լրիվ կուլ գնացին ստեղծված իրավիճակին: Մելքոնյան կրթական հաստատության ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի փակումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այնտեղ հիմնականում կրթության էին ստանում Մերձավոր Արևելքի՝ Պարսկաստանի, Լիբանանի, հարուստ հայերի զավակները: Երբ ամեն ինչը տակնուվրա եղավ, նրանք լքեցին իրենց երկրները կամ կորցրին իրենց հարստությունները: Առհասարակ կարծում եմ, որ մերձավորարևելյան գաղութների կործանումը վերջին տարիների ամենամեծ հարվածն էր մեզ համար:        

Ինչպես իրավացիորեն նշվում է ձեռագրում, կարևորագույն հարցերից է սփյուռքահայության ներգրավումը ընդհանուր վերածննդի գործում: Ներկայումս յոթ միլիոն հայերից հազիվ մեկ միլիոնն է ներգրավված հայկական գործերում: Ինչպե՞ս նրանց հետաքրքրել և ներգրավել: Ֆրեզնո քաղաքի (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) քաղաքապետարանի դիմաց դրված է քանդակագործ Վարազդատ Սամվելյանի «Սասունցի Դավիթ» արձանը, որը հայ ինքնության ամենախոսուն խորհրդանիշերից մեկն է ԱՄՆ-ում: Այն շատ հետաքրիր հայեցակարգ ունի. Սասունցի Դավիթը մարմնով հետ է ընկած, սուրը մի կերպ է պահում ձեռքերում՝ ասես դիմադրելով ձուլման հզոր ուժին: Բայց նա զորություն է ստանում իր ոտքերից, իսկ ոտքերի տակ հայկական հողի փոխարեն հայկական մշակույթն է: Նրա ուժն ու զորությունը գալիս է Հայերենի այբուբենից, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց, մանրանկարներից և այլն: Հայկական մշակույթն է, որ նրան պայքարելու ուժ է տալիս: Այս սիմվոլիկան շատ կարևոր է, այն առաջնային նշանակություն ունի մեզ համար:     

Հայրենադարձությունը մեկ այլ կարևոր թեմա է, որին ուզում եմ անդրադառնալ: Ձեռագրում նշվում է, որ «հայրենադարձության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում Խորհրդային Հայաստան տեղափոխվեցին տասնյակ հազարավոր հայեր Հունաստանից, Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստան եկան նաև Ռումինիայից և Բուլղարիայից: Հայաստանում բազմաթիվ ռումինահայեր և բուլղարահայեր էին ապրում և մինչև հիմա էլ ապրում են: Ռումինահայերից շատ քչերը վերադարձան Ռումինիա, իսկ բուլղարահայերը հիմնականում մնացին այստեղ: Երբ սկսվեց ստալինյան հայրենադարձության քաղաքականությանը, Ստալինը մի քանի նպատակ ուներ. դրանցից մեկը ներժուխումն էր Թուրքիա, և պատահական չէր, որ մեծ քարոզչություն սկսվեց այդ ուղղությամբ՝ համեմված Թուրքիայից պատմական հողերը հետ բերելու կոչերով: Սակայն Ստալինի իրական նպատակը հայկական սփյուռքի թուլացումն էր: Նրա հայատյացությունը սահման չուներ, և նա որոշ չափով հասավ իր նպատակին: Ավելին՝ խորհրդային հայերն ավելի ու ավելի վատ էին տիրապետում հայերենին, ինչը լրջագույն խնդիրների բերեց: Այս առումով շատ կարևոր է գրաբարի ներմուծումը մեր կյանք, հատկապես, որ այն իր գեղեցկությամբ նաև կուլտուրա կբերի: Ներկայումս դպրոցներում դասավանդվում է Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Եթե դրան զուգահեռ գրաբար դասավանդենք կամ եկեղեցու պատմությունը մատուցենք գրաբարով, բոլորովին նոր որակի կրթություն կունենանք: Չիմանալով գրաբարը, չուսանելով այն դպրոցական նստարանից՝ մենք պարզապես կորցնում ենք անցյալի հետ մեր կապը, կտրում ենք անցյալը ներկային կապող թելերը:  

Ձեռագրում դուք իրավացիորեն խոսում եք այն մասին, որ խորհրդայնացումը և ոչ պակաս չափով Սառը պատերազմի տարիների գաղափարախոսական դիմակայությունը խոչընդոտեցին Էջմիածնի և Կիլիկյան կաթողիկոսությունների մերձեցմանը: Սա շատ կարևոր հարց է, որն ինձ մոտ էլ հարցեր է առաջացրել: Ես հիշում եմ, որ 80-ական թթ. Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից մեկին, որը հայրիկիս շատ մտերիմ ընկերներից էր, վրդովմունքս հայտնեցի երկու կաթողիկոսություն ունենալու առնչությամբ: Ի պատասխան՝ ասաց, որ դա անհրաժեշտություն է, քանզի կան հարցեր, որոնց լուծմանն իր «հատուկ» ներդրումն է բերում հենց Կիլիկյան կաթողիկոսությունը: Ստացվում է, որ այլընտրանք չունեինք:  

Կարծում եմ ձեռագրում արժեր անդրադառնալ նաև Արարատին և ճարտարապետական էկոլոգիայի խնդրին: Ցավոք, Հայաստանում շատերը նույնիսկ չեն էլ լսել ճարտարապետական էկոլոգիա երևույթի մասին, և, այլանդակ բարձր շենքեր կառուցելով, սպանում են բնապատկերի գեղեցկությունը: Ցավոք, հետզհետե մեր բնապատկերից անհետանում է Արարատ լեռը, այն պարզապես չի երևում:  

Ընթերցելիս «Ճամփաբաժանին» ձեռագիրը հասկացա, որ այն գրվել է մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, որովհետև հեղափոխությունից հետո մարդիկ սկսել են վերադառնալ Հայաստան:

Սփյուռքի հետ կապված մի լրջագույն խնդիր ունենք. Հայաստանում շատ քչերն են, որ իսկապես ճանաչում են Սփյուռքը: Դիցուկ, մատների վրա կարելի է հաշվել հայկական ինտելեգենցիայի կամ էլիտայի ներկայացուցիչների, որոնք առհասարական եղել են Սփյուռքի մեր գաղթօջախներում: Ես բազմից այցելել եմ ԱՄՆ քսաներկու նահանգներ, եղել եմ Կանադայում, Եվրոպայի հայ համայնքներում, Թուրքիայում, Լիբանանում: Եղել եմ ոչ միայն դասախոսություններ կարդալու, այլև տեղի հայերի հետ ապրելու, նրանց կենցաղն ու հոգսերը հասկանալու, պատկերացումներին ծանոթնալու նպատակով: Տեսել եմ նրանց զավակների վարք ու բարքը, վերաբերմունքը ծնողների հանդեպ: Ինձ քանիցս հարցրել են, թե ինչու չեմ տեղափոխվում այլ երկիր ապրելու: Շուրջ ինն ամիս ապրել եմ ԱՄՆ-ում, շրջել նահանգից նահանգ, այդ կենցաղն ինձ համար չէ:

Ինչ վերաբերում է «հաբ երկիր» զարգացման մոդելի ընտրությանը, շատ հետաքրքիր հայեցակարգ է, որին դեռ կանդրադառնամ: Բայց այս համատեքստում, ուզում եմ նշել, որ մեզ համար շատ կարևոր երկրներ են Չինաստանը և Հնդկաստանը:

Հայաստանն աշխարհին ներկայանում է որպես շախմատային գերտերություն: Այո՛, բայց այստեղ մի մեծ բացթողում ունենք. Հայաստանը ոչ միայն շախմատային, այլև արվեստի գերտերություն է: Մարդիկ չեն խոսում այդ մասին, որովհետև տեղյակ չեն: Հենց հիմա Հայաստանում ունենք հարյուրավոր նկարիչներ: Մի օր առիթ ունեցա լինելու հայ նկարիչներից մեկի արվեստանոցում, և նա ինձ ցույց տվեց ժամանակակից հայ նկարիչներից յուրաքանչյուրի մոտ հիսուն-վաթսուն նկար: Այդ օրը, կարծեմ, մի հինգ հազար նկար նայեցի: Ո՞վ պետք է տեր կանգնի այդ ժառանգությանը, որտե՞ղ պետք է դրանք ցուցադրվեն: Իմ կարծիքով դրանք պետք է ողողեն Հայաստանը, ցուցասրահների շղթա պետք է ստեղծել: Այնպես, ինչպես Փարիզն է ողողված ժամանակակից արվեստով: Ընդամենը մեկ հայկական մանրանկարչության գիրք թերթելով՝ կարող ենք ծանոթանալ շուրջ 600 հայ մանրանկարչի: Եվս երկու հատոր էլ անանուն մանրանկարիչների գործեր ունենք:  Էլ չասեմ, թե որքան արժանավոր անուններ ու աշխատանքներ են կորել պատմության մութ էջերում: Հազարներով խաչքարագործներ ենք ունեցել: Չորս հարյուրի հասնող շենքեր, եկեղեցիներ և մատուռներ են մնացել Թուրքիայի տարածքում: Ճարտարապետների, քանդակագործների, նկարիչների պակաս երբեք չենք ունեցել: Էլ չեմ խոսում գորգագործների մասին: Հիմա Սպահանի եկեղեցու և հարակից վայրերի գերեզմանոցներում հարյուրավոր հայ գորգագործ կանանց տապանաքարեր ենք հայտնաբերել: Ու՞ր են նրանց աշխատանքները: Ըստ ամենայն հավանականության հայ վաճառականները դրանք վաճառել են Եվրոպական երկրներին: Նույնիսկ սպահանյան գորգերով կաշառել են լեհ իշխաններին: Արձանագրություններ կան, թե ամեն մեկին քանի գորգ են նվիրել և ինչ նպատակով: Սա մի ահռելի ու անտեսանելի «արտադրություն» է եղել, որը մեր տեսադաշտից վրիպել է: Այժմ ես իմ ուսանողներից տապանաքարերի գծով մասնագետներ եմ պատրաստում, որ ուսումնասիրենք, թե Հայաստանում ինչ ունենք այս առումով: Թուրքերն ու ազերիներն ասում են, որ մենք գորգ չունենք, նույիսկ գորգի թանգարան չունենք,  թեև շատ ուրիշ թանգարաններ ունենք: Ցավոք, ամբողջը թալանվել է պատմության տարբեր շրջաններում: Միայն Բեռլինի իսլամական թանգարանում թալանված երեսուն գորգ կա, որոնք գերմանացի զինվորները տարել են պատերազմի տարիներին: Նրանք գորգերից զատ բազում այլ արժեքավոր իրեր են տարել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ամենը ցրվել է աշխարհով մեկ, քանի որ դաշնակիցներն էլ իրենց հերթին են թալանել Գերմանիան: Նույնիսկ Դանցիգում Արևելյան թանգարան ստեղծելու գաղափար է եղել, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարել է դրա իրականացմանը: Հետո Դանցիգն անցել է Լեհաստանին, դարձել Գդանսկ, և այսօր անհայտ է, թե ուր է կորել այդ ամենը: Երբ ես Գդանսկում էի, չգիտեի այդ մասին, գործընկերներս պատմեցին:  

Մեկ այլ կարևոր թեմա էլ կա, որին կուզենայի անդրադառնալ՝ հուշանվերների ինդուստրիայի հարցը: Զբոսաշրջությունը չի կարող զարգանալ առանց հուշանվերների արտադրության: Մենք պետք է բրենդային գործեր ստեղծենք: Մտնում ես Վիեննա, և քեզ դիմավորում է Մոցարտը, մտնում ես Լեհաստան, և քեզ դիմավորում է Շոպենը: Մենք էլ ունենք բավարար մշակութային արժեքներ ապրանքանիշ ստեղծելու համար, բայց պետք է լավ ճանաչենք մեր արվեստն ու զարդարվեստը, որպեսզի այն պատշաճ «վաճառենք» աշխարհին: Իմ աշակերտներից ոմանք արդեն սկսել են հուշանվերներ արտադրել, օրինակ՝ զարդերով տոպրակներ և այլն: Ես հետևում եմ նրանց գործունեությանը և անհրաժեշտության դեպքում ուղղորդում նրանց:    

Անդրադառնալով ձեռագրի «Ակտիվների փոխանցման միջոցներն ու բարեգործությունը» բաժնին, ուզում եմ նշել, որ Մանթաշևը (Ալեքսանդր Իվանի Մանթաշև) վճարում էր Գերմանիայում հայ աշակերտների ուսման համար: Այսօր բարեգործության վիճակը վշտացնող է: Բազմաթիվ բարեգործների զավակներն ու սերունդները չեն շարունակում իրենց նախնիների գործը: Այսօր Գերմանիայում ութ հազար վրացի է սովորում Գերմանիայի հաշվին: Դա նշանակում է, որ ապագայում Թբիլիսին լուրջ առաջընթաց է ունենալու, ինչպես 15-րդ դարում:  Ճիշտ է հայերն էլ են սկսել կրթության համար Գերմանիան ընտրել, բայց ընդհանուր առմամբ սա շատ լուրջ հարց է, և պետք է ուշադրության կենտրոնում լինի: Ես իմ լավագույն ուսանողներին ուղարկում եմ  դրսում ուսանելու՝ նույնիսկ օգտագործելով անձնական կապեր:

Խոսելով ապագայի տեսլականից՝ հասնում ենք ամենակարևոր հարցադրմանը՝ ի՞նչն է մեզ միավորում: Մեզ միավորում է միայն լեզուն: Երկիրը չի միավորում: Եթե լեզուն կորցնում են, կորցնում ենք ամեն ինչ: Բայց լեզուն էլ պետք է ճիշտ մատուցել. լեզուն առանց մշակույթի անկենդան է, այն հնարավոր չէ սերտել և կիրառել: Իսկ մշակույթի հոգևոր բաղադրիչը, կամուրջը դեպի մարդկային հոգի, երաժշտությունն է:  Երգարվեստի հարցը շատ լուրջ է Հայաստանում: Կոմիտաս վարդապետի 150-ամյա ծննդյան հոբելյանն է: Կոմիտասը Հովհաննես Թումանյան, Լևոն Շանթ կամ Երվանդ Օտյան չէ, որոնց հոբելյանները նույնպես այս տարի են: Հայ ժողովուրդը երեք բարձունք ունի. Մեսրոպ Մաշտոց, որն ստեղծեց հայ գիրը, Մխիթար Սեբաստացի, որը հայությանը հասանելի  դարձրեց տպագրությունը, և Կոմիտաս: Նա, ինչպես Մաշտոցն ու Սեբաստացին, միավորում է և՛ արևմտահայ, և՛ արևելահայ զանգվածները: Այսպիսով, երբ մենք արվեստ ենք ուսուցանում, արվեստի միջոցով սերմանում ենք նաև արժանապատվություն:  Իսկ արժանապատվությունը շատ հզոր գործոն է: Ոչ միայն ցեղասպանության ցավն է կապված արժանապատվության հետ, այլև դրա հաղթահարումը տեղի է ունենում հենց արվեստի միջոցով: Այդ մասին խոսել է նաև Արամ Խաչատրյանը: Ես նկատեցի դա, երբ դեռևս երիտասարդ էի: Ցավոք, այսօր մեր արվեստն անտեսված է, այն պարզապես «որբ» է: Այն դեպքում, երբ արվեստն է այն միջոցը, որով ներկայանում ես աշխարհին, «գրավում» օտարներին, վաճառում այն՝ զգալի ֆինանսական ներհոսք ստեղծելով: Մեր «մոդեռն արթը» պիտի վաճառվի, որպեսզի Հայաստան մեծ ներդրումներ գան:    

Ինչ վերաբերում է էլիտայի հարցին, կարծում եմ՝ մենք ունենք այն սահմանային երկու տոկոսը, որը կարևոր է մեր ազգի և առհասարակ որևէ ազգի գոյության համար: Սակայն, այն հղկման կարիք ունի: Այսպիսով ունենք էլիտա, բայց այն փոքր է և հղկման կարիք ունի: Ցեղասպանության ժամանակ վեց հարյուր հայ մտավորականների աքսորն ու ոչնչացումը կրիտիկական սահման էր. նրանցից պիտի ծիլեր տային հազարավոր ուրիշ ընտանիքներ: Ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած մտավորականներից էլ պիտի ծիլեր տային ուրիշ ընտանիքներ:  Ես հարազատներ ունեմ, որոնցից շատերն այսօր կորցրել են իրենց ճանապարհը. Սորբոնի համալսարանի պրոֆեսորի թոռը, որի կինն էլ գերմանացի ազնվականի թոռնուհի է եղել, այսօր խանութի վաճառող է: Սա նշանակում է, որ հետընթաց ենք ապրում:

Անդրադառնալով «Think to Connect. ցանցային սկզբունքներ» բաժնին՝ ուզում եմ նշել հեռուստատեսության դերի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող արբանյակային հեռուստատեսության մասին, որն ստեղծվեց առաջին հերթին սփյուռքահայաստանը Հայաստանի հետ կապելու համար: Սակայն, ստացվեց այնպես, որ սփյուռքահայաստանին գրավելու փոխարեն, սկսեցինք այնպիսի աղբ հեռարձակել, որը միայն վանում է նրանց: Սփյուռքահայ ընկերներիցս մշտապես լսում եմ, որ իրենց զավակներին արգելում են դիտել այդ սարսափելի սերիալները և դրանցում եղած բռնությունը: Թեև մի մասն էլ դրանք դիտում է, ինչը նույնքան աղետալի է: Սա լուրջ խնդիր է, բովանդակությունը պետք է լրիվ փոխել: Պետք է հասկանանք, թե ի՞նչպես ենք աշխատում մեր սփյուռքի հետ, ի՞նչ ենք տալիս ու ի՞նչ ակնկալում: Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջամտություն է ցանցային ազգ ստեղծելու ճանապարհին: Չէ որ մարդիկ նաև օգտվում են համացանցից, հեռախոսից: Պետք է լուրջ աշխատանք տանել այս ուղղությամբ:  Արբանյակային հեռուստատեսության մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև, որ ամեն երկրի հայ կրկնակի ինքնություն ունի. այդ մասին նշվում է ձեռագրում: Ցանկացած մեզ նման հայ, որը Ռուսաստանից է, մասամբ հայ է, իսկ մասամբ՝ ռուս: Եվ այդ փաստը պետք է ընդունել որպես առավելություն: Առավելություն, որը միանգամայն տեսանելի էր հայրենադարձությունից հետո, երբ հայրենադարձներն իրենց հետ բերեցին իրենց նախկին բնակության երկրների համն ու հոտը, սովորույթները և այլն: Ես հիշում եմ, թե Երևանն ինչպես էր ծաղկում: Ես ապրել եմ այդ ամենալավ ժամանակներում, իմ աչքով եմ տեսել այդ առավելությունը, բազմազան մարդկանց, շփվել եմ նրանց հետ:  

Ինչ վերաբերում է «Think to Create. խարսխային ծրագրեր» բաժնին և  աշխարհի տարբեր անկյուններում իրականացվող ծրագրերին, նշեմ, որ իմ նախաձեռնությամբ ամբիոնիս հինգ մասնագետ վեց տարի շարունակ Ռումինիայի տարբեր վայրերում արձանագրում են հայ արվեստը: Հասել ենք ընդհուպ մինչև Տրանսիլվանիա, որտեղ հայ կաթոլիկներն են: Թեև նրանք այլևս հայերեն չեն խոսում, բայց մեծ ոգևորություն կա նրանցում: Այս ծրագիրը կյանքի ենք կոչել տարբեր կառույցների և հովանավորների օժանդակությամբ: Ռումինիայի գիտությունների ակադեմիայի հետ երկու մեծ կոնֆերանս ենք կազմակերպել: Այս գործը հիմա էլ ենք շարունակում:

Երկրորդ խումբն աշխատում է Սպահանի ուղղությամբ: Սպահանի Ամենափրկիչ վանքի  ծխական խորհուրդը մեզ դիմեց, որ արդիականացնենք եկեղեցու թանգարանը: Երկու հոգի էլ գնացին հին ձեռագրերն ուսումնասիրելու: Եվս հինգ հոգի գնացին Նոր Ջուղա, երկուսն իրենց անձնական ճանապարհներով. նրանցից մեկը՝ աղջիկս, ուսումնասիրում է որմնանկարները, իսկ մյուսը՝ նոր արվեստը: Սրանք տարբեր խմբեր են, երբեք նման համակարգային աշխատանք չի իրականացվել:

Միաժամանակ, մենք աշխատում ենք ոչ միայն Ռումինիայի և Իրանի, այլև Լեհաստանի հետ: Այժմ Լեհաստանի տարբեր քաղաքների համալսարանների հետ ծրագրեր ենք իրականացնում, քանի որ լեհերն իրենք արդեն մի վեց-յոթ տարի է սփյուռքի հայ արվեստին նվիրված միջազգային համաժողովներ են անցկացնում:

Այս խմբերին ես միավորում եմ Արևելյան Եվրոպային նվիրված տարբեր համաժողովների շրջանակներում: Մենք Մոսկվայի Արվեստի ինստիտուտի հետ տարիներ առաջ արեցինք «Հայաստան-Ռուսաստան՝ երկխոսություն մշակութային հարթության մեջ» միջոցառումը, դրան հաջորդեց գիտաժողով Լեհաստանում, և Արմեն Խեչոյանը («Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի տնօրեն), որը եկել էր մեր գիտաժողովին, իսկույն որոշեց, որ մեկն էլ Միսկում կանի: Այնտեղ երկու գիտաժողով կազմակերպեց, ևս մեկն էլ՝ Մոսկվայում: Մեր նպատակն էր ցանցային գիտաժողովների, ցուցահանդեսների և միջոցառումների միջոցով խոսել նույն հարցերի մասին՝ տալով հստակ ուղերձներ: Ապա երկու գիտաժողով և ցուցահանդես էլ անցկացրինք Լեհաստանում և Հունգարիայում՝ «Կարպատներից միջև Արարատ» խորագրով: Վերջերս մի մեծ միջոցառում արեցինք ԱՄՆ-ում՝ ՅուՍիԷլԷյ (Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան) համալսարանի հետ: Այնտեղ միայն իմ թիմից տասնմեկ հոգի եկավ՝ թե՛ Ռումինիայից, թե՛ Լեհաստանից, թե՛ Հունգարիայից: Իմ նպատակը օտարներին հետաքրքրելն ու ներգրավելն է, որովհետև մենք ինքներս չունենք այն ֆինանսական կարողություններն ու ժամանակը, որն անհրաժեշտ է Արևելյան Եվրոպայի գաղթօջախների հայ արվեստն ամբողջովին ուսումնասիրելու և արձանագրելու համար: Այդ նպատակին են ծառայում բոլոր կազմակերպվող միջոցառումները, որոնց միջոցով նաև արժեքավոր ծանոթություններ ենք ձեռք բերում:

Ուզում եմ ասել, որ մենք փաստացիորեն զբաղվում ենք այն ամենով, ինչը որպես առաջարկ նշված է խարսխային ծրագրեր բաժնում, այդ թվում՝ օտարազգիներին համահայկական կարևորության ծրագրերում ներգրավելու տեսանկյունից: Այսօր և՛ երիտասարդ իտալացիներ են գալիս Հայաստան, և՛ երիտասարդ լեհեր, և՛ նույնիսկ ձուլված ռումինացիներ և այլազգիներ:

Հասնելով «Think to Act. փոխգործակցության պլատֆորմներ» բաժնին, անդրադառնամ արվեստի և վիզուալ մշակույթի դերին սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Ցավոք, մեր դեպքում այն բացակայում է: Վիզուալը շատ կարևոր է, քանի որ այն սնում է միտքը: Առավել ևս հիմա, երբ բոլորի միտքն ու աչքը համացանցում են: Հետևաբար, շատ կարևոր է, որ հեռախոսներում ամփոփված լինի այն ողջ վիզուալ մշակույթը, որը մեզ համար արժեքավոր է: Հեռախոսները պետք է «հնչեն» հայերեն: Մենք ունենք Շառլ Ազնավուր, Կոմիտաս վարդապետ: Ազնավուրն արդեն ունենք նաև հայերեն: Զարմանալի է, թե ինչպես կարելի էր ունենալ Ազնավուր և այսքան տարի չթարգմանել նրա պոեզիան: Նրա երգերը բարձրացնում են հայ երգարվեստի մակարդակը, և գուցե կարող են ազդեցություն ունենալ այօրվա պրիմիտիվ և անբովանդակ «երգերն» ավելի որակյալ դարձնելու վրա: Չէ որ խոսքերն են, որ իմաստ են տալիս երգին:  Մի խոսքով, հեռախոսների բովանդակության հայերենացումը շատ կարևոր է:

Հայերի մշակութային-պատմական հարուստ ժառանգության վերականգնման, պահպանման ու արդիականացման հարցերից զատ, պետք է զբաղվել դրա ցուցակագրմամբ (ռեգիստրացիա): Հայկական արվեստի բազմահազար գործեր այսօր ուրիշ ազգերի սեփականությունն են դարձել: Ահավասիկ, ամբողջ արծաթագործական արվեստը կամ ոսկերչական շուկան, որը Ստամբուլում վեց հարյուր տարի շարունակ հայերի ձեռքն է եղել:  Մենք անվանապես գիտենք հայ ոսկերիչներին՝ ընդհուպ տասնիններորդ դարի սկզբից: Ուրեմն հայ արվեստը բացահայտելու և արձանագրելու գործը, որն անում ենք Ռումինիայում և Լեհաստանում, պետք է տեղափոխենք նաև Հունգարիա և Բուլղարիա, որտեղ մենք նոր-նոր ենք սկսում մեր աշխատանքը: Մոլդովայում էլ անելիք ունենք, քանի որ այնտեղ Մանուկ Բեյ (Մանուկ Մարտիրոսի Միրզայան) ենք ունեցել: Տասը տարուց ավելի է աշխատանքներ են տարվում նաև Ուկրաինայում, որտեղ հարյուրավոր արվեստի գործեր են բացահայտվել:

Կարծում եմ, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործունեության ոլորտներում անհրաժեշտ է ներառել նաև արվեստի ոլորտը, որն այժմ, դժբախտաբար, բացակայում է:   

Լիովին համամիտ եմ, որ Սփյուռքի նախարարության փոխարեն անհրաժեշտ է ունենալ Հայրենադարձության նախարարություն: Համամիտ եմ, որ մեր ամենամեծ խնդիրներց է բնապահպանական խնդիրը, այդ թվում՝ հանքերի շահագործումը: Ողջունում եմ այնպիսի ենթակառուցվածքների ստեղծումը, որտեղ կաշխատեն բազմալեզու (պոլիգլոտ) երիտասարդներ, որոնք բարձր վճարվելով, լավ օրինակ կծառայեն մյուսների համար: Ես շուրջ քառասուն երիտասարդ եմ ուղարկել տարբեր երկրներ, որտեղ նրանք նաև օտար լեզուներ են սովորում, որովհետև մտածելակերպը պետք է փոխվի: Պետք է աշխարհը տեսնել ու հասկանալ, թե որն է դրա զարգացման այսօրվա տրամաբանությունը:  

Հրեաները, 1987 թվականին սկսեցին մեծաթիվ ցուցահանդեսների կազմակերպումը Մոսկվայում, որի արդյունքում ստեղծվեց ֆինանսապես ապահով էլիտա, որը կարող էր նույնիսկ իշխանության հավակնել:

 «Ներդաշնակ միջավայր» բաժնին անդրադառնալով՝ նշեմ, որ մարդը որպես այդպիսին Հայաստանում արժեք չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չգիտի, թե ինչ է նշանակում ապահովագրել սեփական կյանքը: Երբ կգա այն գիտակցումը, որը ինքը՝ իր մարմինը, արժեք ունի, կփոխվի նաև վերաբերմունքը կյանքի հանդեպ, կդադարեն համատարած ծխել ու կհրաժարվեն այլ վնասաբեր սովորություններից:  

Ինչ վերաբերում է արևելահայերենն ու արևմտահայերենը միավորելու հարցին, կարծում եմ՝ նման անհրաժեշտություն չկա: Նախ երկու հայերենների գոյությունը խոչընդոտ չէ ազգային միավորման ճանապարհին, և բացի այդ դրանցից յուրաքանչյուրն իր յուրովի գեղեցկությունն ունի: Այստեղ երևան է գալիս ավանդական ուղղագրության վերականգնման հարցը: Այն ոչ միայն թույլ չի տա, որ մենք կտրվենք մեր անցյալից, այլև առաջ գնալու ավելի ամուր հիմք կունենանք: Վերջիվերջո հին ուղղագրությունը նաև գեղեցկություն է աչքի համար:

Եվ վերջում ևս երկու դիտարկում այն մասին, թե ինչպե՞ս ներգրավել մարդկանց և ու՞մից սովորել: 1946-47 թթ., երբ սկսվեց հայրենադարձությունը, հայրենադարձներին գումար էին տալիս, որ տուն կառուցեին: Դա է միակ իրատեսական ճանապարհը: Երբ մրջյունը ձագ է ունենում, նրան ցորենի հյութ է բերում, որ դեռևս թույլ ձագը ձգտի շարժվել դեպի ցորենը:

Իսկ սովորել պետք է հազարամյա մշակույթ ունեցող Իռլանդիայից, Իսրայելից, ազգ-բանակի սկզբունքը լավագույնս կիրառող Շվեյցարիայից և բացառիկ զարգացման ուղի անցած Սինգապուրից: 

Լևոն Չուգասզյան

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ

 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։