Վերնագրից մինչև վերջին նախադասությունը հետաքրքրությամբ և ուշադրությամբ ընթերցելով ձեռագրի անգլերեն տարբերակը՝ նախ ցանկանում եմ շնորհավորել հեղինակներին. անզեն աչքով էլ տեսանելի է, որ այն սեփական աշխատանքի ու նաև գիտականության հանդեպ անկեղծ հոգածության ու նվիրվածության արդյունք է:
«Ճամփաբաժանին» վերնագրի ընտրությունն ամեն առումով լիովին համահունչ է աշխատության բովանդակությանը, հատկապես՝ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած քաղաքական զարգացումների լույսի ներքո: Այո՛, Հայաստանը կանգնած է մարտահրավերների և ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ, բայց միթե՞ դերակատարները, փոխանակ անտեսելու իրականությունը, կոչված չեն առերեսվելու դրան՝ կասեցնելով իներցիայի հաղթանակը:
Պետք է խոստովանեմ, որ Հայաստանն անհրաժեշտ չափ լավ չեմ ճանաչում ընդհանրական եզրակացություններ անելու համար, սակայն իմ կյանքում մշտապես ստիպված եմ եղել հաղթահարել բարդ իրավիճակներ և, հանգամանորեն ծանոթանալով այս աշխատությանը, կրկին ինձ համար նոր ու կարևոր եզրահանգումներ կատարեցի:
Կցանկանայի մի քանի դիտարկում ներկայացնել. դրանց մեծ մասը վերաբերում է ձեռագրի վերջին հատվածին, ինչը, բնավ, չի նշանակում, որ աշխատության առաջին հատվածը պակաս արժանահիշատակ է:
Օրինակ, «հայ ժողովրդի հայեցակարգը»՝ որպես այդպիսին, դուք ներկայացնում եք ձեռագրի սկզբում՝ ընդամենը մի քանի պարբերություն հետո, դրանում ներառելով թե՛ Հայաստանում ներկայումս ապրող հայերին, թե՛ Սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներին: Եվ շատ ավելի հետո՝ 173-րդ էջում, դուք պնդում եք կատարում, որ անկախ Հայաստանն այդպես էլ չդարձավ Սփյուռքի կենսական շահերի կենտրոնը: Այս երկու հղումների միջև անդրադարձի արժանի շատ բան է ասվում, որի մասին ես կխոսեմ մի փոքր ուշ:
Գոհունակությամբ եմ փաստում, որ 8-րդ էջում դուք խոսում եք «աշխարհակարգային» լուրջ ճգնաժամի մասին՝ մատնանշելով ինչպես գլոբալ էլիտաների, իշխանությունների և կարևոր հանրային ինստիտուտների հանդեպ նվազող վստահությունը, այնպես էլ ազգային ինքնության վերափոխվող հայեցակարգը: Անշուշտ, Հայաստանն անմասն չէ այս ամենին, և ես լիովին հասկանում եմ Հայաստանի համար հասանելի «հնարավորությունների հորիզոնի» շուրջ բովանդակային քննարկում նախաձեռնելու և խրախուսելու ձեր ցանկությունը:
Կանադացի պոետ Լյուիս Դուեկը գրել է, որ Կանադայի ապագան չպետք է մութ հեռանկար լինի, փոխարենը՝ այն պետք է ուրվագծի հնարավորությունների լայն հորիզոն, և ես կարծում եմ, որ ձեր աշխատությունը նույնպես կոչված է խրախուսելու հայությանը նման մոտեցում որդեգրելու սեփական երկրի ապագայի հանդեպ:
Զերծ կմնամ ձեռագրի առաջին գլխի վերաբերյալ կարծիք հայտնելուց գերազանցապես այն պատճառով, որ շատ մակերեսորեն եմ ծանոթ Հայաստանի պատմությանը, թեև արդեն շատ ավելին գիտեմ: Ես շատ օգտակար տեղեկատվություն ստացա Սփյուռքի տարբեր հատվածների ձևավորման մասին, և ուրախ եմ արձանագրել, որ դուք այս գլուխն ավարտում եք մի շարք կարևոր հարցադրումներով: Այդ փաստն ինքնին հիմնավորեց իմ եզրակացություններից մեկը, որին ես հանգեցի աշխատությանը հանգամանորեն ծանոթանալուց հետո:
Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ձեռագիրը հայեցակարգային բնույթ ունի, և լավ կլիներ, որ հասարակության լայն շրջանակներ ընթերցեին այն: Միաժամանակ, վստահ եմ, որ այն՝ իր հարցադրումներով, պետք է դառնա առանցք և ուղեցույց, որի հիման վրա կմշակվի Հայաստանի ապագայի շատ ավելի սեղմ ուրվագիր:
Սա, իհարկե, բոլորովին չի նշանակում, որ ձեռագրի առաջին մի քանի գլուխների բովանդակությունը պակաս օգտակար է: Ավելին, հավատացած եմ, որ այն պետք է ընթերցանության նյութ դառնա հայկական ավագ դպրոցներում, իսկ ուսուցիչներին էլ պետք է վերապատրաստել և խրախուսել ձեռագիրը ներառելու իրենց ուսումնական նյութերի փաթեթում:
Ի դեպ, այս միտքը գլխումս ծագեց այն ժամանակ, երբ ձեռքս ընկավ մի գիրք, որը վերջերս եմ ձեռք բերել իմ հայ ընկերներից մեկի համար: Գիրքը հեղինակել է Ավեդիս Հադջյանը՝ այն վերնագրելով «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայերը»: Դրանում մի քանի լուսանկար կա, որոնցից հենց առաջինում պատկերված են Սասունի (ներկայիս Թուրքիա) հայկական գյուղի բնակիչներ: Լուսանկարն արվել է 1973 թվականին. լուսանկարվելիս գյուղացիները լուսանկարչին խնդրել են տեղեկացնել հայ թագավորին, որ Սասունում դեռևս հայեր կան: Ըստ ամենայն հավանականության, նրանք, ի տարբերություն ինձ, որ Ավեդիս Հադջյանի շնորհիվ իմացա այդ մասին, այդպես էլ չէին իմացել, որ վերջին հայ թագավորը՝ Լևոն 5-րդը, գահընկեց էր արվել դեռևս 1375 թվականին:
Ուրախ էի արձանագրել, որ ձեզ համար, փաստորեն, անկարևոր չէ, թե երիտասարդ սերունդն ինչպես է ընկալում երևույթները: Ուզում եմ շեշտադրել ձեր՝ 62-րդ էջում կատարած այն դիտարկումը, որ երիտասարդ սերունդը չի ցանկանում ինքզինքը դիրքավորել որպես զոհի, փոխարենը ձգտում է ներկայանալ որպես «հերոսական անցյալ ունեցող հաղթանակած ժողովրդի» սերունդ: Այո՛, գուցե սա է ճիշտ ճանապարհը, բայց ուզում եմ հուսալ, որ մենք մեր այս մոտեցումներում, այնուամենայնիվ, որոշակի հավասարակշռություն կպահպանենք: Ես ինքս, ծնված և մեծացած լինելով Միացյալ Թագավորությունում, այսօր իսկապես ափսոսանքով եմ արձանագրում, որ իմ տարիքի չափազանց մեծաթիվ բրիտանացիներ բացառապես կենտրոնացած հենց այս՝ «հերոսական անցյալ ունեցող հաղթանակած ժողովրդի» սերունդ լինելու հանգամանքի վրա:
Նման խոստովանություն անելուց հետո, հանգիստ կարող եմ ասել, որ ազատ եք անտեսելու այն ամենը, ինչն ուզում եմ ասել ստորև:
Ինձ թվում է, որ շատ կենսական է ու, միաժամանակ, մարտահրավեր նետող այն գործընթացը, որի միջոցով հայ երեխաները ճանաչում են իրենց երկիրը՝ իր պատմությամբ և Սփյուռքով:
Ուզում եմ անդրադառնալ 69-րդ էջում տեղ գտած ձեր այն պնդմանը, որ Հայաստանը դադարել է լինել սփյուռքահայության մեծամասնության հետաքրքրության կենտրոնը: Աներկբայորեն համաձայն եմ այս դիտարկմանը, թեև շատ լավ հիշում եմ, երբ առաջին անգամ Կանադայից Լոնդոնի տարանցիկ թռիչքով Հայաստան էի ուղևորվում և գնացի «Էյր Կանադա» ընկերության հանգստի գոտի, այնտեղ աշխատող գործակալն ինձ հարցրեց, թե ուր եմ մեկնում: Պատասխանս լսելով պատմեց, որ ինքը հայ է, թեև ծնվել է Բրիտանիայում և երբեք Հայաստանում չի եղել: Կարծում եմ, որ նման շատ պատմություններ կան: Եվ շատ օբյեկտիվ է, որ Սփյուռքի գործոնը կարմիր թելի պես ձգվում է ոգևորություն արթնացնող այս ձեռագրի էջերով:
Անցյալին նայելով և արժանին մատուցելով եղած բոլոր դժվարություններին՝ ես էլ պետք է առերեսվեմ իմ սեփական ճանապարհին: Տարիներ առաջ ես մեծապես ներգրավված էի «հակամարտությունների հաղթահարման» և «հետհակամարտային վերակառուցման» գործընթացներում. խոսքս ճանապարհներ և շենքեր վերակառուցելու մասին չէ, այլ արժեքների և գործընթացների վերականգնման մասին: Այդ տարիներին ես ուշադիր հետևում էի Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի համակարգի այլ կառույցների աշխատանքներին, և հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի վերլուծությունների համաձայն՝ այն երկրները, որոնք մեծ սփյուռք ունեն, առավել հակված ենք կրկին ներքաշվելու հակամարտությունների մեջ, քան սփյուռք չունեցողները:
Մեկ այլ թեմայի էլ կցանկանայի անդրադառնալ, որը, գուցե, այնքան էլ ուղղակի առնչություն չունի Հայաստանի հետ, բայց անմիջականորեն կապված է ինձ հետ. այն շուրջ քսան տարի առաջ իմ՝ Սուդան գործուղման և այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի մասին է: Այդ ժամանակ Կանադայի անունից պատվիրակվել էի ղեկավարելու այն խմբի աշխատանքը, որի առաքելությունն էր ուսումնասիրել պատերազմի ազդեցությունը կանադական նավթային ներդրումների վրա: Կանադա վերադառնալուց հետո զեկույցս ընդգրկվեց խորհրդարանի օրակարգում, ապա ծավալուն բանավեճ առաջացրեց ողջ երկրում: Լավ հիշում եմ՝ մի հանրային քննարկման ընթացքում սուդանական սփյուռքի ներկայացուցիչներից մեկն ինձ հանդիմանեց, որ, ըստ իրեն, զեկույցը կազմելիս պակաս ուշադրություն էի դարձրել սուդանական սփյուռքին կամ բնիկ ցեղերին և չափից ավելի շատ ուշադրություն՝ այլոց:
Այսպիսով, զգացողություններս հակասական են, երբ խոսքը տարբեր երկրների սփյուռքերին վերաբերող հարցերի մասին է: Միաժամանակ, տպավորված եմ այն հաստատակամությամբ, որով դուք՝ յուրաքանչյուրդ առաձին, կարևորում եք հայկական այս գործոնն ու դրա բոլոր բաղադրիչները: Եվ այս համատեքստում կարևոր եմ համարում անդրադառնալ աշխատության 89-րդ էջում ձևակերպված հետևյալ տեսակետին. «Տպավորություն կարող է ստեղծվել, որ այսօր երկու տարբեր Հայաստաններ գոյություն ունեն»:
Լիովին կիսում եմ ձեր կարծիքը, որ ստեղծարար նորարարության կղզյակները բավարար չեն ամբողջ հարացույցը (պարադիգմ) փոխելու համար, բայց դրանք ժամանակ առ ժամանակ ազդեցության այնպիսի դրևորումներ կարող են ունենալ, որոնք պարզապես ապշեցնում են:
Որոշ ժամանակ առաջ, երբ ես ժամանեցի համալսարան, որը պետք է ղեկավարեի, ինձ համար միանգամից ակնհայտ դարձավ, որ այնտեղ՝ թե՛ համալսարանական (ուսանողական) քաղաքում և թե՛ առավել ևս դրա սահմաններից դուրս, գերակայում էր պահպանողական հենք ունեցող կենսամշակույթը. նույնպիսին էին նաև մարդկանց սպասումները: Սկսեցի պայքարել այդ երևույթի դեմ՝ երբեմն ծածուկ, երբեմն՝ բարձրաձայն: Ինձանից հաճախ էին լսում այն հորդորը, որ պետք է պահպանել ավանդույթները՝ միաժամանակ խթանելով նորարարությունը: Ժամանակի ընթացքում իմ ձայնը լսելի դարձավ: Այն իր հերթին նպաստեց այնպիսի միջավայրի ձևավորմանը, որը հնարավորություն տվեց զարկ տալու նորարարության խթանմանը:
Կարծում եմ՝ լիովին հասկանում եմ ձեր բարձրացրած խնդիրները, որոնց շուրջ, ի դեպ, ես քննարկում եմ ունեցել պարոն Տարոն Աճեմօղլուի հետ. նրա «հանքարդյունաբերության» տեսությունը դուք լավագույնս եք արտացոլել ձեր աշխատության մեջ: Գուցե սա է Հայաստանի առաջ կանգնած այն որոշիչ հարցը, որը ստիպում է ձեզ վճռական լինել՝ եղած հեռանկարների շուրջ հայերի միջև երկխոսություն խթանելու և նրանց ընտրության մղելու ձեր նպատակադրման մեջ՝ ի շահ կայուն ապագայի:
Պետք է խոստովանեմ, որ տեղեկացված չեմ, թե Հայաստանում ինչն էր լավ, իսկ ինչը՝ վատ մինչև «Փաշինյանի գարունը»: Սակայն, գրեթե վստահ եմ, որ դուք շատ ավելի ճշմարտացի եք, քան կցանկանայիք լինել, երբ աշխատության 97-րդ էջում գրում եք, որ «այսօրվա Հայաստանը փաստացիորեն աշխարհից կտրված է և ներամփոփ»: Մեր օրերում, երբ ստեղծվել են կրիպտոարժույթներ (բլոկչեյն) և տարատեսակ նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կարող են ծառայել դրական փոփոխությունների, հասունացել է այն պահը, երբ պետք է մտածել նոր բնույթի ազգային պետություն կառուցելու և հայաստանաբնակների ու սփյուռքի ներկայացուցիչների դերի վերաիմաստավորման մասին:
Դուք քննարկման եք դաշտ եք բերում նաև գոյություն ունեցող մտավախությունները և փորձում հասկանալ դրանք սփոփելու համար անհրաժեշտ քայլերը՝ միաժամանակ քաջ գիտակցելով, որ ամենահիմնական մարտահրավեր-սպառնալիքը համակարգային բնույթի վտանգ հանդիսացող մշակութային ուծացումն է:
Աշխատությունն ընթերցելիս հետաքրքիր էր նաև ծանոթանալ հասարակության վերափոխման մեխանիզմների ձեր ներկայացմանն ու այն եզրահանգմանը, ըստ որի՝ ո՛չ հեղափոխությունը և ո՛չ էլ բարեփոխումները չեն կարող երաշխավորել Հայաստանի բարեկեցությունը, որն էլ, իր հերթին, դեռևս բնավ բավարար չէ: Ինձ համար հատկանշական էր, որ սա է այն կետը, որն ուղղորդել է ձեզ դեպի Տարոնի (Տարոն Աճեմօղլու) և Ջեյմսի (Ջեյմս Ռոբինսոն) մատուցած «Փառավոր հեղափոխություն» (խոսքը Անգլիայում 1688 թ. տեղի ունեցած հեղափոխության մասին է, որին հեղինակները հղում են կատարում իրենց՝ «Ինչու՞ են ազգերը ձախողում» գրքում): Ես մշտապես ինձ նույնականացրել եմ այս իրադարձության հետ ոչ այն պատճառով, որ որևէ կերպ տեղեկացված եմ եղել «հանքարդյունաբերությունից» և (կամ) «էլիտաներից»: Ինձ համար դարի մեծագույն ձեռքբերումը 1689 թվականի «Իրավունքների մասին» անգլիական բիլլն (1689: The English Bill of Rights) է, որտեղ ասվում է. «... մինչդեռ խաղաղության ժամանակ միայն խորհրդարանի համաձայնությամբ է, որ Թագավորության մեջ կարող է ստեղծվել կամ պահպանվել մշտական բանակ»: Կարծում եմ, որ այս օրենքն իր տեսակով առաջինն էր աշխարհում:
Հայաստանի դեպքում խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, բազմաթիվ են, ինչպես նշում եք ձեռագրի 113-րդ էջում: Այս առումով միանաշանակ իրավացի եք, որ Հայաստանը պետք է կամուրջ դառնա և միավորի հայկական աշխարհը՝ բոլոր հատվածների միջև բազմակողմանի ստեղծարար գործընկերությունների ստեղծման միջոցով: Գուցե հիմա դա իրագործելի է, եթե աշխարհասփյուռ հայությունն իսկապես գիտակցում է դրա կարիքը:
Դուք մեծ նշանակություն եք տալիս տեխնոլոգիաներին, որոնք կարող են հնարավոր դարձնել վերափոխման գործընթացը, և ընթերցողներին հնարավորություն տալիս ձեռագրի միջոցով ծանոթանալու աշխարհի առաջատար հասարակությունների, այդ թվում՝ Սինգապուրի փորձին՝ նպատակ ունենալով մատնացույց անել, թե ինչ ձեռբերումների կարելի է հասնել:
Այս ամենը հիմնավոր և գրավիչ է միաժամանակ: «Գլոկալիզացիան», որի մասին խոսվում է 131-րդ էջում, հենց այդպիսի երևույթ է: Սակայն, կուզենայի հասկանալ, թե արդյոք հնարավոր է կրճատել այս բաժնի ծավալը՝ առանց վնաս հասցնելու աշխատության ամբողջականությանը: Այնուամենայնիվ, եթե ձեր նպատակադրումն է եղել ներկայացնել սեղմ «գործողությունների ծրագիր», ապա ես չեղարկում եմ այս դիտարկումս:
Մեծապես կարևորում եմ, որ նման ծրագիր ներկայացնելու դեպքում դրանում հատուկ շեշտադրեք 143-րդ էջի հղման հետևյալ հարցադրումը. «Ինչպես մենք կարող ենք մեր ժողովրդին և երկրին ինտեգրել գլոբալ միջավայրում՝ մրցակցության այդ հորձանուտի մեջ չկորցնելով մեր ազգային ինքնությունը»: Փաստացիորեն, սա մի հարցադրում է, որի պատասխանը դուք պետք է կրկին մշակեք: Արձանագրելով այն ջերմեռանդությունը, որով 145-րդ էջում դուք հորդորում եք ձեր հայրենակիցներին համատեղ կառուցել լուսավոր ապագա՝ ես հասկանում եմ, որ այս հարցի պատասխանը, անկասկած, ձեզ համար մեծ կարևորություն է ունենալու: Այն նաև առանցքային նշանակություն է ունենալու ցանցային ազգի ստեղծման գաղափարի համար, ինչի մասին դուք խոսում եք 157-րդ էջում:
Այս ամենին, անշուշտ, կարելի է հասնել միայն միասնական ջանքերով: Դուք լիովին իրավացի եք՝ ձեռագրի 149-րդ էջում շեշտադրելով առավելագույն ներգրավման սկզբունքի կարևությունը: Լիահույս եմ, որ այս խորքային դիտարկումներն ու կարևոր սկզբունքներն իրենց արտահայտումը կգտնեն տարբեր քննարկումներում և էլիտար շրջանակների հետ ձեր հանդիպումներում: Լիահույս եմ նաև, որ դրանց ընթացքում կանդրադառնաք հեռահար նպատակների սահմանման և դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզի մշակման կարևորությանը: Դա կարելի է անել տարբեր մակարդակներում և ձևաչափերով, այդ թվում՝ ձեր նախաձեռնությունների շրջանակներում՝ անկեղծ քննարկում ծավալելով այն բոլոր մարտահրավերների շուրջ, որոնց մասին դուք ահազանգում եք: Ձեռագրից տպավորություն ստացա, որ ձեր նախաձեռնությունները հենց այն հարթակներն են, որոնք կարելի է ծառայեցնել ապագայի ու տարբեր տեսլականների շուրջ քննարկումների անցկացմանը: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ «գլոբալ ցանցային ազգի» տեսլականը մեծ շրջանառություն ստանա, և այս հանգամանքն այսօր արդեն հրամայական է դարձնում գործընթացում մինչև իսկ դպրոցահասակ երեխաների ներգրավումը:
Իհարկե, նրանք արժանի են ավելի լավին, քան ունեն այսօր: Ինձ մտահոգեցին 178-րդ էջում ներկայացված Համաշխարհային բանկի այն տվյալները, որոնց համաձայն Հայաստանում շատ ցածր են երջանկության և եկամտաբերության ցուցիչները: Այդ մասին է վկայում նաև Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը (ՄՆԶԻ), որին դուք հղում եք կատարում 179-րդ էջում:
Լիովին հիմնավորված են համարում նաև համակարգային սպառնալիքների վերաբերյալ ձեր մտավախությունները: Սակայն, այսօրվա երեխայի համար պետք է ավելի կարևոր լինի իր ծնողներին մարզվելու մղելը, էլ չասած` երեխաներին առողջ ապրելակերպ ուսուցանելու անհրաժեշտության մասին: Երեխաների պայքարը հանուն առողջ մոլորակի և համախմբումը հանուն Հայաստանի՝ ահա ինչը կտանի դեպի «գլոբալ ցանցային ազգի» ստեղծում: