Հրանտ
Բագրատյան

Հրանտ Բագրատյան
Տնտեսագիտության դոկտոր, Գլոբալ զարգացման և մեգաէկոնոմիայի գիտա-կրթական կենտրոնի ղեկավար, Ռուս-հայկական համալսարան, Երևան

Մեծ ուշադրությամբ կարդացի «Ճամփաբաժանին» ձեռագիրը: Կարծում եմ՝ սա շատ հետաքրքիր գիրք է: Մեծ մասամբ համամիտ չեմ հեղինակների հայացքներին: Բայց անկասկած սա Հայաստանի և հայության անցյալին, ներկային ու ապագային հայացք գցելու, որոշակի վարքագծային նորմերի առաջադրման և ապագա մարտահրավերների նախազգուշացման լավ փորձ է:

Ես կուզենայի ասելիքս բաժանել երեք մասի: Առաջին՝ քաղաքակրթական զարգացման էությունը, սոցիալ-տնտեսական կառույցների դիալեկտիկայի ընդհանուր ռազմավարությունը և սոցիալական կացութակերպերի էվոլյուցիան: Երկրորդ՝ ինստիտուցիոնալ զարգացման էությունը և հայ պատմական փորձը: Երրորդ՝ դատողություններ հընթացս տեքստի ընթերցանության: 

Քաղաքակրթական զարգացման էությունը, սոցիալ-տնտեսական կառույցների դիալեկտիկայի ընդհանուր ռազմավարությունը և սոցիալական կացութակերպերի էվոլյուցիան

Ազգ ես անվանում եմ այն ժողովրդին կամ ազգությանը, որը պետություն ունի: Որևէ այլ սահմանում մեզ տանում է սուբյեկտիվ դատողությունների խորխորատը: Իմ տեսակետով` յուրաքանչյուր ազգ սոսկ հանդիսանում է քաղաքակրթականության հավակնորդ: Հետևելով Ա. Թոյնբիի և Ս. Հանթինգթոնի տրամաբանությանը՝ հարկ է քաղաքակրթություն համարել ազգերի այն նյութական և ոչ նյութական գործունեության արդյունքները, որոնք գործածել են նաև ուրիշները: Քաղաքակրթականությունն առավել վառ է դրսևորվում լեզվաբանության մեջ: Հույներն անգլերենին տվել են 34 հազար բառ, իսկ հայերը՝ ընդամենը մի երկու տասնյակ, այլ հավասար պայմանների դեպքում սա է հենց հույների և հայերի քաղաքակրթականության հարաբերակցությունը: Չէ՞ որ բառը էությունն է, որի հետևում  կարող է լինել նյութական կամ ոչ նյութական  արդյունք, ինստիտուտ, հարաբերություն և այլն: Հայերը քաղաքակրթական քիչ բան են ստեղծել: Քրիստոնեական եկեղեցիների ձևավորումը համայն աշխարհում, Խորենացու պատմությունը քաղաքակրթական արդյունք են: Առանց դրանց ուրիշ ազգերը չէին կարողանա գլուխ հանել (ասենք, մեր եկեղեցական ճարտարապետությունն էլ ընդօրինակված է ասորիներից, Օսրոենից՝ աշխարհում առաջին քրիստոնեական պետությունից): Այնպես որ չարժի չափազանցնել հայերի քաղաքակրթական ավանդը: Անկախության շրջանում, ըստ իս, Հայաստանի միակ մասնակի քաղաքակրթական ավանդը հողային բարեփոխումն էր: Ահա, ԱՊՀ Միջկառավարական ագրոարդյունաբերական համալիրի հարցերի խորհրդի 25.07.1995 թ. որոշումով 6 պետություն (Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա, Տաջիկստան, Ռուսաստան) ճանաչեց հայկական հողային բարեփոխման հաջողությունը, այդ բարեփոխման կիրառելիությունն իրենց մոտ: 

Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ազգերը, որպես կանոն, մեկ քաղաքակրթություն են ապրում, և դա կազմում է 1000-1200 տարի: Դրանից հետո, եթե չեն մեռնում, խղճուկ գոյություն են քարշ տալիս: Հայերը տակավին մեկ քաղաքակրթություն են ունեցել՝ մ.թ.ա IVդարից մինչև մ.թ. V դարը: Մնացած ժամանակ մենք այնպիսի արժեքներ չենք ստեղծել, որոնց կարիքն ուրիշ ազգերն ունենային: Եղել են առանձին տաղանդների առանձին ներդրումներ ուրիշ քաղաքակրթությունների արդյունքների հիմքի վրա (Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուր և այլք): Սակայն քաղաքակրթությունը ստեղծում են սեփական հողի վրա, սեփական պետությունում: Օտարության մեջ դա հնարավոր չէ ստեղծել: Ընդ որում, եթե դու արդյունքներ ես ստեղծում, որոնց կարիքն ունեն ուրիշները, ապա դա քեզ իրավունք է տալիս օգտագործելու ուրիշ քաղաքակրթությունների արգասիքները: Իսկ դա նշանակում է տնտեսական աճ, բարեկեցություն: 

Իմ հաշվարկներով, նկատի ունենալով նաև Հակոբ Մանանդյանին ու Թադևոս Ավդալբեկյանին,  V դարից հետո, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (առանց PPP-ի) կազմել է ներկայիս 5000 ԱՄՆ դոլար, հայերը խոշոր քաղաքակրթական հաջողություններ չունեն: Այդ տեսանկյունից  ես կվերանայեի, կխմբագրեի առաջին գլխի այնպիսի հատվածներ, ինչպիսիք են «Հայերի էթնիկ ընդհանրության ամրապնդումը» և «Ազգային ինքնության հենասյուները»: Դե ինչպե՞ս կապացուցեք, որ հայության ամրապնդումը պայմանավորված է եղել «քրիստոնեության հռչակմամբ» կամ երկրի բաժանմամբ: Այբուբենի ստեղծումը, այո, քաղաքակրթական արդյունք է: Ստորև ես կվերադառնամ հայ եկեղեցու թեմային:

Սոցիալ-տնտեսական կառույցների դիալեկտիկան պարույրաձև է: Մարդկությունն առաջ է գնացել՝ մերթ կենտրոնացնելով ռեսուրսներն ու կառավարումը, մերթ ապակենտրոնացնելով դրանք: Այդ մշտական սեղմումներն ու թուլացումները զարգացում են ապահովում: Խնդիրն այն է, որ քաղաքակիրթ երկրներն այդ անցումներն անում են էվոլյուցիոն ճանապարհով, իսկ ոչ քաղաքակիրթները՝ հեղափոխական: Հեղափոխությունների առկայությունը հասարակությունների քաղաքակիրթ չլինելու նշան է: Տ.Աճեմօղլուի և Դ. Ռոբինսոնի «Ինչու են որոշ երկրներ հարուստ» գրքում «կենտրոնացում» և «ապակենտրոնացում» բառերի փոխարեն գործածվում են «էքստրակտիվ» և «ներառական» ինստիտուտներ եզրույթները:  Ընդ որում, տեղ է գտել «ներառականության» ոչ այնքան ճիշտ մեկնաբանություն. նման ինստիտուտները խթանում են բնակչության մեծ խմբերի մասնակցությունը տնտեսական ակտիվությանը… Ներառական ինստիտուտների մի մասն անպայման մասնավոր սեփականության պաշտպանված իրավունքներն են…(էջ 105): Սա գործընթացների շատ կիսատ-պռատ մեկնաբանություն է: Էքստրակտիվության ուժեղացումը, ըստ Աճեմօղլուի և Ռոբինսոնի, վատ է: Ներառականությունը՝ լավ: Մինչդեռ կենտրոնացումն անընդմեջ ուժեղանում է բոլոր երկրներում, այդ թվում և արևմտյան, մարդկության առաջընթացն էքստրակտիվության համընդհանուր ուժեղացում է պահանջում: Օրինակ՝ երբ ԱՄՆ-ն թռավ Լուսին, կառավարման և ռեսուրսների կենտրոնացման կտրուկ ուժեղացում տեղի ունեցավ:  Ողջ խնդիրն այն է, որ կենտրոնացման դեպքում քաղաքակիրթ հասարակությունները սահուն, էվոլյուցիոն կերպով ապակենտրոնացնում են ռեսուրսներն ու կառավարումը: Հիմա արդեն ոչ թե Լուսին, այլ Մարս են թռչում Ի. Մասկի սարքերը: Ահա սոցիալ-տնտեսական կառույցների էվոլյուցիայի էությունը: Այդ կապակցությամբ, կարծում եմ, օգտակար ու տեղին չէ ներառականություն և էքստրակտիվություն եզրույթների հիշատակումը: Ինչպես տեսնում ենք, Աճեմօղլուի և Ռոբինսոնի գիրքն անթերի չէ:  

Ինստիտուցիոնալ զարգացման էությունը և հայ պատմական փորձը

Երբ ուզում ենք գնահատել այս կամ այն ինստիտուտների արդյունավետությունը կամ դերը, ապա պարտավոր ենք դրանց դրությունը դիտարկվող պատմական շրջանում համեմատել այն կացութակերպերի, վերը նշված ինստիտուտների հետ, որոնք, ըստ ուրիշ ժողովուրդների պատմության, տվյալ ժամանակ արդյունավետ աճ, մրցունակության պատշաճ մակարդակ են ապահովել: Այդ առումով V դարի կեսերից հայ իրականությունում սկսվում է հակասությունը ներքին ինստիտուտների և այն էտալոնայինների միջև, որոնք պետք է լինեին: 

Առաջին: Քրիստոնեությունը, որ սկզբում առաջընթաց էր ապահովում, զարգացման խոչընդոտ դարձավ: Հարկը` 7%-ով կամ տասանորդը խլում էր հասարակությունից ընդլայնվող վերարտադրության բոլոր ռեսուրսները: Դրանից եկեղեցական կալվածքները սկսեցին  արագ ընդարձակվել: Սկզբում եկեղեցին  թագավորական տան դեմ դուրս եկավ, ավելի ուշ՝ նախարարների: 

Արևմտյան Եվրոպայում, որտեղ քրիստոնեություն ընդունվեց 300-400 տարի հետո, դա արագ գիտակցվեց և միջոցներ ձեռնարկվեցին իրադարձությունների նման զարգացման դեմ: Շվեդներն իրենց պատմության ընթացքում երեք անգամ եկեղեցուց վերցրել են հողերը: Հենրիխ VIII-ը հրաժարվել է Վատիկանի ծառայություններից ու կանոններից (ամուսնալուծությունը սոսկ պատրվակ էր), Պետրոս Առաջինը 1702 թ. փաստորեն պետականացրեց եկեղեցին և փրկեց երկիրը: Այնտեղ, որտեղ հաղթել են եկեղեցին և ինկվիզիցիան (Իսպանիա, Իտալիա և մասամբ Ֆրանսիա) առաջընթացի տեմպի կտրուկ նվազում սկսվեց, հետամնացություն: Նապոլեոնի պատմական ավանդն այն է, որ կաթոլիկ եկեղեցուն զրկեց խոշոր հողատիրոջ կարգավիճակից, և սկսած XIX դարից՝ համակողմանի տնտեսական առաջընթացը մատչելի դարձավ փաստացի ողջ Եվրոպայում: 

Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է եղել: Եկեղեցին աստիճանաբար խոշոր սեփականատեր էր դառնում, վերցնում էր կրթության և առողջապահության, միջազգային ասպարեզում բանակցությունների վարման գործառույթները: 428-652 թթ. Հայաստանում որևէ իշխանություն չի եղել, բացի եկեղեցականից: Մեր բախտավորությունը կամ դժբախտությունն է, որ այդ շրջանում ոչ ոք չի հարձակվել մեզ վրա:  Երբ 1861 թ. Ռուսական կայսրությունում սկսեցին հողային բարեփոխման իրականացումը, Հայաստանում բարեփոխման բան չկար. բոլոր հողերը պատկանում էին եկեղեցուն: Մոկսում և Շատախում  հայերը մահմեդական էին դառնում, որպեսզի խուսափեին առաքելական եկեղեցու հալածանքից: Բայց ահա վրա հասավ օգնությունը՝ արաբները: Ի բարեբախտություն հայերի  նրանք խլեցին նախարարների և եկեղեցու հողերը, տվեցին գյուղացիներին տուրք ստանալու նպատակով: Տնտեսությունն աշխուժացավ: Շուտով՝ VIII դարասկզբին,   նրանք քայքայեցին բոլոր նախարարական տները: Բագրատունիները փրկվեցին, ինչը նրանց հնարավորություն տվեց վերականգնելու անկախ թագավորությունը (մրցակից նախարարներ չկային, բացառությամբ Վասպուրականի և Սյունիքի իշխանների): Բայց նրանք շուտով հիմարություն արեցին, սկսեցին պետականացնել հողերը: Արտադրողականությունն ընկավ, գյուղացիները սկսեցին գաղթել Հայաստանից (մասնավորապես՝ Կիլիկիա): Շքեղության համար մեծ ծախսերը,  կառուցված եկեղեցիների անչափ մեծ քանակությունը սնանկացրին թագավորությունը: Հարկ եղավ աստիճանաբար ամեն ինչ վաճառել եկեղեցուն, որպեսզի գանձապետարանում փող լիներ: Հարստացած եկեղեցին, բնականաբար, սկսեց իր տեսանկյունից ավելի հզոր տեր փնտրել: Եվ գտավ այն ի դեմս Բյուզանդիայի:

Երկրորդ: Եկեղեցին թույլ չէր տալիս խոշոր նախարարական, իշխանական տները  մասնատել ազնվականականների: Հայաստանի պատմության մեջ հերթը ազնվականներին չհասավ: Իվան Ահեղը օպրիչնինայի միջոցով ունեզրկեց կալվածատեր իշխաններին, Ֆրանսիայում Լյուդովիկոս XI-ին հաջողվեց ասպետների միջոցով թուլացնել դուքսերին և այլն: Հայ ազնվականները, սեպուհները, այդպես էլ շոշափելի դաս չկազմեցին: Վահրամ Պահլավունին իր զորքով հեռացավ Վրաստան, իսկ մյուսները՝ Կիլիկիա: Այդ իսկ պատճառով ի հայտ եկավ Թամարի և Դավիթ Շինարարի ուժեղ վրացական պետությունը: Իսկ Կիլիկայի թագավորությունը երևան եկավ բյուզանդական հույների հողերի վրա, որտեղ գերակշռում էր հողի պետական սեփականության համակարգը:

Երրորդ: Հայկական պետականությունն արդեն չորս անգամ պատմության մեջ ընդհատել է գոյությունը  (չհաշված Կիլիկիայի թագավորությունը): Ընդ որում, երկու դեպքում (8 թ. և 1045 թ.) թագավորության ընդհատումը տեղի է ունեցել արական գծով անմիջական ժառանգի բացակայության պատճառով: Եվրոպայում և Ռուսաստանում այդ խնդիրը հեշտ էին լուծում. թագավորի կամ արքայի փոխարեն կարող էր թագուհի լինել: Այ այդպես, և դեռ համարձակվում ենք մեր դժբախտությունների համար ուրիշներին մեղադրել:

Այժմ կարո՞ղ ենք դեռ ապավինել Ի. Դյակոնովի կամ Վ. Բրյուսովի տեսությանն այն մասին, որ  հայ պետականության ընդհատման պատճառը վատ աշխարհագրական շրջապատն է, արտաքին թշնամին:  Այդ պարզունակ կանխավարկածի վրա է կառուցված ողջ հայ «պատմական գիտությունը»: Ամեն ինչի համար մեղավոր են հռոմեացիները, պարսիկները, արաբները, թուրքերը, ռուսնե՞րը: Հեշտ է, չէ՞, սեփական ձախողումները բացատրել արտաքին թշնամիով՝ մեղքը գցելով  վատ տեղանքի վրա: Իսկ գուցե, եթե չլինեին այդ արտաքին թշնամիները, մենք առհասարակ անհետանայի՞նք երկրի երեսից: VII-IX դարերում, երբ գլուխ բարձրացրեց վաղ հայկական ռեֆորմացիան՝  թոնդրակեցիները և պավլիկյանները, խոշոր իշխանական տներից ազնվականության անցնելու անհրաժեշտություն կար, հայ եկեղեցին մեկ անգամ չէ, որ օգնության է կանչել բյուզանդացիներին ու արաբներին՝ զորքերով: Սպանվել է 2,5 մլն մարդ: Ուրեմն հնարավոր կլինե՞ր սելջուկյան ներխուժումը, եթե այդ մարդիկ ողջ մնային և կյանք տային նոր սերունդներին:

Քաղաքակրթությունների տեսության տեսանկյունից, նախքան արտաքին արշավանքների հետևանքով առանձին երկրների անկումը անպայման պետության քաղաքակրթության կտրուկ նվազում է տեղի ունենում, սոցիալական կացութակերպերի պահանջների համեմատ, սոցիալական ինստիտուտների անհամարժեք զարգացման պատճառով: Այդ առումով ես ամբողջովին կխմբագրեի գրքի առաջին գլուխը: «Ճամփաբաժանին» աշխատությունը հայերին վերագործարկելու, մեզ ցանցային ազգ դարձնելու նպատակ ունի: Մեր համառոտ վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկ է արդիականացնել պետությունը, ազգի ուղղությամբ աշխատելու բոլոր փորձերը դատապարտված են տապալման:  Հատկապես հայկական պետությունը, սոցիալական կացութակերպերը և ինստիտուտները պետք է արդիականացվեն:  Կարիք չկա ինչ-որ գերբնական բան մտածել: Պետք է կիրառել այն, ինչ մարդկությունը վաղուց ձեռք է բերել: Պարզապես եկեք նախ նորմալ պետություն ստեղծենք, ինչպես Սլովակիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Ալբանիայում, Վրաստանում և այլուր, չասենք արդեն զարգացած պետությունների մասին: «Կովկասյան վագրի թռիչքը» (2007 թ.) գրքում Համաշխարհային բանկի նշանավոր տնտեսագետ Լ. Ֆրեյնկմանը գրել է. «Հայկական տնտեսական բարեփոխումները 90-ականների սկզբին (բարեփոխումների առաջին սերունդը) գերազանցեցին  ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև Արևելյան Եվրոպայի բոլոր հետխորհրդային երկրներին»: Եկեք թեկուզ դա կրկնենք, մինչ կմտածենք, թե ինչպես համաշխարհային ազգ դառնանք:

Դատողություններ հընթացս տեքստի ընթերցանության

Էջ 7 – Շատ ճիշտ է, որ ազգային ինքնության հիմքում դրվում է Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը: Կարևոր միտք այն մասին, որ  քաղաքակրթական հաջողություններն ի հայտ են գալիս այնտեղ, որտեղ խաչմերուկ կա, առևտրային ուղիներ: Սա ընդդեմ Դյակոնովի և Բրյուսովի «տեսություններին»:

Էջ 13 - «Իրենց գոյության փաստով իսկ հայերը հերքում են Գումիլյովի
և Շպենգլերի տեսությունները»: Դուք ճիշտ չեք. միևնույն ժողովուրդը կարող է մի քանի քաղաքակրթություն ունենալ:

էջ 16 և հետագայում – Առաջին երեք պարբերությունները եկեղեցու դերի և ընտանեկան կացութաձևերի մասին չեն հիմնվում իրերի խոր վերլուծության վրա:

էջ 23 – Առաջին պարբերությունն այնքան էլ ճիշտ չէ: Արաբները դրամական հարկեր էին մտցրել և ուրիշ ոչնչի չէին խառնվում: Դա ծնունդ տվեց մասնավոր հողատիրության. նախարարները հողեր էին վարձակալության տալիս գյուղացիներին: Հայաստանը սկսեց զարգանալ: Շուտով այդ զարգացումը երևան բերեց պավլիկյաններին ու թոնդրակեցիներին: Հետագայում հայ եկեղեցին արյան մեջ խեղդեց նրանց:

էջ 27 – Անիի թագավորության կործանման անհաջող բացատրություն. մահացավ Հովհաննես-Սմբատը, և կայսրը պահանջեց կատարել կտակը: Այդպես չի լինում: Եկեղեցին և Պետրոս Գետադարձը երկիրն աղքատության հասցրին: Ակնհայտ է, որ մարդիկ պարզապես ուզում էին թեկուզ այդպես ազատվել նրանցից: 

էջ 30 – Ցավում եմ, որ «Համաշխարհային ցանց» ենթագլխում հիշատակված չեն Վահան Բայբուրթյանը և և նրա հիանալի գիրքը Միջնադարի հայ առևտրական տների մասին: 

էջ 39 –Հանցագործություն է խոսել Լվովի մասին և չնշել XVII դարի Յան Մարտիրոսյանի հայկական բանկի մասին: Հնարավոր է, որ դա ամենահին առևտրային բանկն է Եվրոպայում (բացվել է ավելի վաղ, քան Անգլիայի բանկը կամ «Ռիկսբանկը» Շվեդիայում): Դա գտնվում է նույն տեղում՝ հայկական փողոցում՝ հայկական եկեղեցու հետևում: Ներկայումս այնտեղ սրճարան է: Բայց սեփականատերը խնամքով պահպանում է բանկի ամբողջ կահկարասին, փայտե դեպոզիտ արկղերը, XVII դարի մուրհակներն ու հաշիվները:

էջ 58 - «Տիգրան Մեծ՝ հայոց օրինակելի տիրակալ». ոչ ոք չգիտի, թե ինչու է մեծ: Սկսել է կառավարել 400 հազար քկմ-ի վրա և ավարտել է 360 հազար քկմ-ի վրա: Կորցրել է Փոքր Հայքը, Ծոփքը: Երբեք չեմ հասկացել այդ պարադոքսը. հայերը նրան մեծ են անվանում, իսկ Թ. Մոմզենը և կարծեմ Է. Գիբբոնը՝  վախկոտ:

էջ 62 – Եզրահանգումը հայերի անմիաբանության մասին հիմնավորված չէ: V-XI դարերում քրիստոնեության ոչ ճիշտ ընկալման և մեկնաբանության հետևանքով հայերը հեռացան համաշխարհային սոցիալական կացութակերպերից ու ինստիտուտներից և թանկ հատուցեցին դրա համար:

էջ 65 – Հայաստանի ազգային միատարրությունը լուրջ խնդիր է: Շատ ճիշտ է: Սակայն բազմազգությունը կարող է շատ ավելի մեծ խնդիր լինել: Բայց և այնպես դա պետք է: Նման խիստ միատարրությամբ ազգը կարող է գենետիկորեն աստիճանական անկում ապրել:

էջ 70 – Վառ անհատականությունները սփյուռքում ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում: Ճիշտ է: Որովհետև օտարության մեջ սոցիալական ինստիտուտների ներկայիս դասավորության պայմաններում հնարավոր չէ և պետք էլ չէ քաղաքակրթության արդյունքներ ստեղծել: 

էջ 73 -Աշխարհն անտարբեր կդառնա հայերի նկատմամբ: Սա ի՞նչ արտահայտություն է: Գլոբալ աշխարհում բոլորը պարտավոր են մտածել իրենց մասին: 

էջ 78 - « Սակայն սփյուռքի վերնախավը, հակառակ սպասումներին, մասնակցություն չունեցավ պետական ու տնտեսական ինստիտուտների արդիականացման
սկզբունքային հարցերի լուծման գործում…»: Եվ փառք աստծո: Երկրի ինքնիշխանության աղբյուրը քաղաքացիներն և միայն նրանք: Քաղաքացիական ինստիտուտների լղոզումը սփյուռքի համայքներով կհանգեցնի պետության կորստյան:

էջ 81 – Այստեղ բերված վիճակագրությունը՝ Հայաստանի և ՌԽՖՍՀ-ի համեմատությունը, լրիվ անհեթեթություն է: ԽՍՀՄ-ի անկման ժամանակ Հայաստանը հետ էր մնում ՌԽՖՍՀ -ից 1,5 անգամ: Բնակչության մեկ շնչին ընկնող ազգային եկամուտը Հայաստանում 2945 ռուբ. է եղել, ՌԽՖՍՀ-ում՝ 4300 ռուբ., Վրաստանում՝ 2760 ռուբ. և Ադրբեջանում՝ 2170 ռուբ.: Խորհրդային 15 հանրապետությունների շարքում Հայաստանն այդ ցուցանիշով յոթերորդն էր: Բանն այն է, որ  վիճակագրական ծառայության ներկայիս ղեկավարը, ԱԵ-ի ցուցանիշից  անցնելով ՀՆԱ-ի, նվազեցրել է մինչև 1990 թ. տվյալները:

էջ 86 – ՀԱԵ-ն 70 տարում չի ոչնչացել: Նրանից վերցրել են հողերը, ունեցվածքը, և փառք աստծո: Ռուսները մեր եկեղեցու հետ վարվեցին այնպես, ինչպես իրենց եկեղեցու հետ: Եվ դա մեզ զարգանալու հնարավորություն է տվել: Հիշեք «Սարոյան եղբայրներ» ֆիլմը: Հիշեք, թե ինչպես էր սպան  ալյուր մուրում հոգևորականից:

էջ 89 - «Կայսրության ժառանգությունը. հնարավորություններ և պարտականություններ» ենթագլուխը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Խորհրդային տնտեսությունը սկսեց կտրուկ անկում ապրել սկսած 1989 թ. ապրիլից, երբ ազատականացվել էր արտաքին առևտրի գործունեությունը: Պարզվեց, որ ողջ երկրում այն չեն արտադրել, ինչ պետք էր: Ի՞նչ չհաջողվեց մեզ՝ այն ժամանակվա կառավարողներին: Տնտեսության անկումը Հայաստանում 90-ականների սկզբին կազմել է 47%, Ուկրաինայում՝ 59%, Ադրբեջանում` 57%, Մոլդովայում՝ 69%, Վրաստանում՝ 72% և Ռուսաստանում՝ 44%: Եվ այդուհանդերձ մենք հաղթեցինք պատերազմը: Կ. Բենդուկիձեն ասում էր՝ 2000-ականների սկզբին մենք կրկնեցինք այն բարեփոխումները, որոնք անցկացվել էին Հայաստանում 90-ականների սկզբին: 1994 թ. Հայաստանը՝ առաջինը ԱՊՀ երկրների մեջ, ապահովել է 6,9% տնտեսական աճ: Ես արդեն վերը նշել եմ Համաշխարհային բանկի՝ այդ բարեփոխումներին տված գնահատականը: Իսկ թե ինչ էր տեղի ունենում 80-ական թթ. ԽՍՀՄ-ում, կարելի է ծանոթանալ Ե.Գայդարի «Կայսրության անկումը» գրքում:

էջ 91 -  Վստահ եմ՝ մեզ պետք չեն համընդգրկուն, համազգային նախագծեր: Զարգացման տվյալ փուլում մեզ ավելի շուտ պետք է ոչ թե նպատակ, այլ վարքականոններ:

էջ 95 -  «Մետրոպոլիայի ծայրամա՞ս» ենթագլխի առաջին պարբերության վերաբերյալ. ինչ էլ որ լինի, նոր հայ իրականության (որը հաջողության դեպքում քաղաքակրթություն կդառնա) առաջին զինվորը և պաշտպանը Հայաստան պետությունն է: Ո՛չ հայ ազգը, ո՛չ սփյուռքը և այք, այլ հենց պետությունը:

էջ 97 – Հողի սեփականաշնորհման մասին կարելի էր ավելի շատ խոսել: Վերջին 100 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը գյուղատնտեսական արտադրանքի նետտո-արտահանող է:

էջ 98 – Չպետք է հենց այնպես համեմատել ներդրումները Վրաստանում և Հայաստանում: Դրամական փոխանցումները նույնպես մասնակիորեն ներդրում են: Խնդիրը նաև այն է, որ հայկական օրենսդրությունը չի սահմանում, թե ինչն է ներդրում: Դրամական փոխանցումների մի մասը, ակնհայտորեն, ծախսվել է հիմնական կապիտալի տարրերը ստեղծելու վրա:

էջ 99 – Երրորդ պարբերությունը վերևից. կարելի էր հետաքրքրվել, թե քանի հաջողակ գյուղատնտեսական տնտեսություն է ի հայտ եկել վերջին 26 տարվա ընթացքում:

էջ 117 - Ամոթ է Հայաստանի վերաբերյալ բերել Համաշխարհային բանկի նշած Ջինիի գործակիցը: Բոլորը գիտեն՝ դա ծաղր է:

էջ 126 – Աշխատությունում ամենուրեք տեղի-անտեղի գործածվում է ներառականություն և էքստրակտիվություն բառերը: Եթե անգամ համաձայնենք Աճեմօղլուի և ուրիշների դիրքորոշմանը, իսկ ես ընդհանուր առմամբ համաձայն չեմ նրանց տեսակետին, ապա միայն երրորդ գլխում այդ բառերը հիշատակվում են 24 անգամ:

էջ 131 – «Աշխարհը XXI դարում. նոր իրականություն» գլուխն առավել հաջողվածն է գրքում:

էջ 135 - «Արդյոք կպահպանվե՞ն ազգային պետությունները» ենթագլուխը չի ստացվել: Իրականում չկա որևէ օբյեկտիվ կասկած, որ դրանք կվերանան: Վերջ ի վերջո, եթե 100 տարի առաջ 53 պետություն կար, ապա հիմա՝ 208: Մեր մեգաէկոնոմիկայի տեսության մեջ, որում միգրացիային վերագրվել է հիմնական դերը համաշխարհային տնտեսությունում հավասարակշռության հաստատման խնդրում, ասվում է, որ միայն ազգային պետության առկայության դեպքում է ազգը քաղաքակրթության նյութական ու ոչ նյութական ակտիվներ ստեղծելու հնարավորություն ստանում: 

էջ 136 – Այնքան էլ ճիշտ չի մեկնաբանված համաշխարհային միգրացիան. եթե կապիտալը չի գնում մարդկանց մոտ, ապա մարդիկ են գնում դեպի կապիտալը: Տնտեսական աճի ընդունելի մակարդակ ապահովելու միակ հնարավորությունը: Եթե դա չկա, ապա պատերազմներն անխուսափելի են:  

էջ 168 – Ես ավելին էի սպասում այս վերջին գլխից: Բայց 4-րդ գլխի հաջողությունները չեն զարգացել:

էջ 169 - «Վերջ տալ Հայաստանի և սփյուռքի հայերի տարանջատմանը»: Ինքնիշխանության ակունքը քաղաքացիությունն է: Բարոյական ի՞նչ իրավունքով նրանք, ովքեր ծառայում են բանակում՝ վտանգելով իրենց կյանքը և լրացնում են երկրի բյուջեն, իրենց իրավունքներով պետք է հավասարվեն նրանց, ովքեր դրա հետ որևէ առնչություն չունեն:

էջ 172 - «Մինչդեռ մեր հավաքական հիշողությունն այսօր էլ պահպանում է այն ժամանակների հուշը, երբ Հայաստանը բուռն ծաղկում էր ապրում տնտեսության, գիտության, մշակույթի բոլոր ոլորտներում»: Բայց չէ՞ որ դա ԽՍՀՄ-ի համար էր զարգացել: Ինչքա՞ն պիտի ողբանք դա: Ցույց է տրվել արդեն, որ անկումը և տնտեսական փլուզումները մեզանում զգալիորեն ավելի ցածր մակարդակում են եղել, քան մյուս հանրապետություններում: Ինչո՞ւ քննարկել մի բան, ինչը մեզանից չէր կախված:

էջ 174 – "Think to Connect". արհեստականորեն մտահղացված ենթագլուխ:

էջ 175 – "Think to Create".  հասկանալի չէ, ինչի՞ համար է սա:

էջ 180 – "Think to Act". ինչի՞ համար, եթե պետք է պարզ բաներ արվեն:

էջ 184–187 –Իրար հետևից երկու ենթագլուխ. անհասկանալի է, ռոմանտիկ, արհեստական:

էջ 195 – «Հաբ երկիր». հետաքրքիր է ենթագլխի կեսը: Միայն թե վերջում շատ է պարծենկոտությունը:

էջ 206-207 – Մենք պետք է սովորենք ազնիվ վարվել ցեղասպանության հետևանքների առնչությամբ: Այնտեղ երեք մակարդակ կա:  Առաջին մակարդակը ճանաչումն է, դա նորմալ է: Երկրորդ մակարդակը՝ ռեստիտուցիա: Սա արդեն բարդ է: Եթե ռեստիտուցիայի պահանջ կա, ապա ճանաչումը, ամենայն հավանականությամբ, չի լինի: Հնարավոր է, որ ճանաչումից հետո ժամանակի ընթացքում որոշ ռեստիտուցիաներ լինեն: Երրորդ մակարդակը հողերի վերադարձման պահանջն է: Այդ դեպքում հարկ կլինի մոռանալ և՛ ճանաչման, և՛ ռեստիտուցիայի մասին: Մենք հո չենք կարող ազգային փոքրմասնություն դառնալ մի երկրում, որտեղ 25 մլն բնակչության 22 մլն-ը մահմեդական են:

էջ 212-221 – Ինձ համար անհասկանալի ու անհամոզիչ շարադրանք է: Անհասկանալի է թվաբանությունը 135-րդ էջի վերևում: Այդ ինչպե՞ս եք հաշվել: Որպես կանոն, Հայաստանում (25 տարվա դիտարկումների արդյունքներ) ներդրումների 2,4 միավորը տալիս է ՀՆԱ-ի 1 միավոր աճ:

Եվ  վերջում:

Ես հարցազրույց եմ ունեցել Պ. Գյուրջյանի հետ 2020 ծրագրով: Այժմ կյանքի եք կոչում 2031-ը և այլն: Խոսք չկա, լավ է, հետաքրքիր: Բայց ձեր ծրագրերում դուք բուն կառավարության մակրոտնտեսական քաղաքականությունը շփոթում եք նրա՝ նյութական և ոչ նյութական ակտիվների ստեղծման գործունեության հետ: Հետևաբար հարկ էր ուշադրություն դարձնել կառավարության 1992 թ. բարեփոխումների ծրագրին և 2009 թ. «100 քայլ» ծրագրին:

Ընդհանրապես շնորհակալություն հետաքրքիր գրքի համար:

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։