Դավիթ
Հակոբյան

Դավիթ Հակոբյան
ՄԱԿ-ի նախկին աշխատակից

«Ճամփաբաժանին» դիսկուսիոն աշխատության մեջ Ռուբեն Վարդանյանը և Նունե Ալեքյանը Հայաստանի պատմության հրաշալի վերլուծություն են կատարում, ներկայացնում, թե ինչպես է 21-րդ դարում աշխարհին ներկայանում մի ժողովուրդ, որը դարեր ի վեր գոյապայքար է մղել` հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, ապա՝ առաջարկում ապագայի ոգեշնչող տեսլական:

Բացի այդ, առանձնակի գնահատականի է արժանի այն, որ խոսքը ոչ միայն ձեռագրի մասին է, այլև հարթակի ստեղծման, որտեղ մեր հավաքական միտքը կարող է շարունակել մտորել և ուրվագծել ապագայի տեսլական՝ հիմնվելով ձեռագրում ներկայացվող մտքերի վրա և ընդլայնելով ներկայացվող սցենարները: Ինձ համար շատ հաճելի էր ընթերցել ձեռագրի վերաբերյալ բազմաթիվ արձագանքները, որոնք հեղինակել են Հայաստանի ապագայի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող տարբեր մարդիկ: Սույն արձագանքով ցանկանում եմ ներդրում ունենալ այս կարևոր բանավեճում և տարբեր հարցերի շուրջ ստորև ներկայացնում եմ իմ  դիտարկումներն ու տեսակետները: 

Կարծում եմ՝ պատահականություն չէր, որ այս աշխատանքը ստեղծելու ընթացքը համընկավ 2018 թվականի ապրիլի Թավշյա հեղափոխության հետ, որը նշանակալի փոփոխություններ բերեց Հայաստան: Սա կարևոր ցուցիչ է, որը վկայում է, որ ժողովուրդը հասել էր մի կարևոր հանգրվանի և (կամ) ճամփաբաժանի, որտեղ փոփոխությունները սպասված էին ու ընդունելի: Հուսանք, որ ավելի բարեկեցիկ ապագային միտված այս բանավեճը և լայն ազգային քննարկումը կբացահայտեն հայ ժողովրդի ստեղծարար ներուժը, որի արդյունքում Հայաստանը կդառնա ավելի բարեկեցիկ ու զարգացած երկիր, իսկ հայերը՝ ավելի երջանիկ և առաջադեմ ժողովուրդ՝ իրենց բաժին ներդրումը բերելով աշխարհը ավելի լավը դարձնելու գործին: 

Միացյալ ազգերի կազմակերպությունում անցկացրած 26 տարիների ընթացքում ես աշխատել եմ շուրջ 15 երկրում, որտեղ մշտապես առնչվել եմ պետականաշինության տարբեր հարցերի: Ձեռագրի ընթերցանությունն ինձ համար նորովի բացահայտեց վաղուց հայտնի բազմաթիվ փաստեր՝ միաժամանակ ներկայացնելով նոր հորիզոններ: Հեղինակների դիտարկումները հայ ժողովրդի յուրահատկությունների մասին շատ հետաքրքրական են. օրինակ՝ գիտելիք ստեղծելու, կուտակելու և այն փոխանցելու հանդեպ հարգանքը, տաղանդ բացահայտելն ու այն կիրառելը, պետության բացակայության պայմաններում դարավոր ինքնակազ¬մա¬կերպ¬վա¬ծութ¬յունը¬¬, միմյանց փոխլրացնող համայնքների և գործարար շրջանակների տարանջատ էկոհամակարգը և այլն: 

Ահա մի շարք ճշմարիտ դիտարկումներ հայ ժողովրդի խառնվածքային յուրահատկությունների մասին՝

ա. քաղաքակրթությունների միջև եղած տարբերությունների խորքային ընկալում (յուրացնել օտար մշակույթները, բայց պահպանել սեփականը),

բ. ձգտում դեպի ավելի լայն հորիզոններ, 

գ. մրցակցային ոգի, բայց նաև ճկունություն կամ հարմարվողականություն:

Շատ կարևոր է, որ ձեռագրում փորձ է արվում մակրոտնտեսական մոդելավորման ստանդարտ դեղատոմսերից դուրս մտածել և դիտարկել պատմության, մշակույթի, անհատական և հավաքական վարքագծերի դերը ապագան սահմանելու հարցում, ինչը նոր գույներ է ավելացնում այս բարդ խճանկարին: Այն հարցադրումը, թե ո՞րն է առհասարակ պետության դերը և ի՞նչ կարող է պետություն ինստիտուտը տալ Հայաստանին և աշխարհասփյուռ հայերին, ենթակա է հետագա վերլուծության: 

Ինչ վերաբերում է անցյալի շուրջ մտորումներին, ապա անցյալը կարևոր է, բայց դա ապագայի միակ որոշիչը չէ: Հյուսիսային և Հարավային Կորեաների օրինակը լավագույնս վկայում է, որ նույնիսկ հազարամյա ընդհանուր պատմությունից հետո էլ ճանապարհները կարող են բաժանվել՝ նորից խաչվելու չնչին հնարավորությամբ: Որոշումները, որոնք մենք ընդունում եք ապագայի շուրջ, կենսական կարևորություն ունեն: Եվ այս հարթակը կարող է հրաշալի վայր դառնալ մտքերի ձևավորման, քննարկումների անցկացման և մոտեցումների մշակման համար:

Ճամփաբաժանին լինել նշանակում է լինել մի կետում, որտեղից կարելի է միտվել թե՛ դեպի ավելի լավ ապագա, թե՛ դեպի ավելի վատը: Ինչպես նշվում է ձեռագրում. «Եթե իրավիճակը չփոխվի, մեծ հավանականություն կա, որ 2041 թվականին մենք չենք տոնի մեր անկախության 50-ամյակը»: Ժամանակակից աշխարհում պետությունները մի օրում չեն անհետանում, այնուամենայնիվ, ուղեղների արտահոսքի, միգրացիայի, ցածր ծնելիության, տնտեսական լճացման, քաոսային կառավարման, թույլ զարգացած ինստիտուտների և վստահության պակասի մեկտեղման արդյունքում պետությունը կարող է անկում ապրել, և, եթե նաև հաշվի առնենք Հայաստանի աշխարհագրական հարևանությունը, վատագույն սցենարները չպետք է բացառել: 

Սփյուռքն էլ իր մարտահրավերներն ունի: Մի շարք երկրներում, որտեղ սփյուռքահայ ազդեցիկ համայնքներ կան, այսօր ուծացման լուրջ սպառնալիք է ստեղծվել: Սփյուռքի շատ կենտրոններում հայկական ազգային ինքնությունն էրոզիա է ապրում և, թերևս, արդեն իսկ սփյուռքահայերի ավելի փոքր հատվածն է ինքն իրեն նույնականացնում հայ լինելու կամ Հայաստանի հետ: 

Հայաստանը և Սփյուռքն ունեն միմյանց կարիքը՝ իրարով ուժեղ լինելու և փոխաջակցելու համար: Այս պարագայում «ցանցային ազգի» հայեցակարգը ենթադրում է ուժեղ պետություն և ուժեղ ծայրամաս կամ սփյուռքյան կառույցներ, որոնք միավորված են ընդհանուր նպատակի շուրջ:

Ինչ վերաբերում է մարդկության բարօրության մեջ ներդրում ունենալուն, ապա կարծում եմ, որ Ռուբենը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում իր գործընկերների հետ համատեղ, արել է ավելին, քան որևէ մեկը: «Ավրորայի» գաղափարն ինքնին եզակի է և Հայաստանին հնարավորություն է տալիս տեղ ունենալ աշխարհի առաջավոր երկրների հատուկ խմբում: Այս նախաձեռնությունը հայերի մտածելակերպը ազգային սահմաններից դուրս բերելու խիստ կարևոր առաջին քայլն է՝ ուղղված գլոբալ ներդրում ունենալուն: Այս իմաստով կարելի էր ավելին անել գիտության, արվեստի, կրթություն, բնապահպանության և այլ ուղղություններով:   

Այս ուղղությամբ ևս մի կարևոր քայլ էր Սիրիա (ք. Հալեպ) հայկական մարդասիրական առաքելութուն ուղարկելու որոշումը. առաքելությունը բաղկացած էր հարյուր ականազերծողներից և բժիշկներից: Առաքելության՝ Սիրիա ժամանելու օրերին, ես այնտեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարն էի: Անշուշտ, դա Հայաստանի կառավարության համար դյուրին որոշում չէր, բայց այդ շրջանում իմ բոլոր շփումներից կարող եմ փաստել, որ չկար մի սիրիացի, որն այդ որոշումը բարձր չգնահատեր: Նույնը վերաբերում է նաև շուրջ տասը տարի Աֆղանստանում ծառայություն իրականացվող հայկական զորախմբին, որն իր առաքելությունն իրականացնում է գերմանական զորամիավորման կազմում՝ հանուն Աֆղանստանի խաղաղության և անվտանգության: 

Այժմ անդրադառնամ այն հարցին, թե ինչպե՞ս են մեր ժողովրդին ճանաչում աշխարհում: Ես երկար տարիներ աշխատել եմ Մերձավոր Արևելքի երկրներում և ամենուր, որտեղ իմանում էին, որ ես հայ եմ, առաջին արձագանքն այն էր, որ հայերը աշխատասեր մարդիկ  են, իրենց համայնքներում հարգված մասնագետներ՝ դերձակներ, բժիշկներ, ոսկերիչներ, ճարտարապետներ, ինժեներներ, իրավաբաններ, գիտնականներ, արհեստագործներ և այլն:

Անդրադառնալով աշխատությանը և ներկայացվող ապագայի տեսլականին՝ նշեմ, որ լիովին կիսում եմ ձեր մոտեցումը, որ այսօր՝ 21-րդ դարում, անհրաժեշտ է կրկին Հայաստանի և հայ ժողովրդի օրակարգ բերել «ցանցային ազգի» հայեցակարգը. ցանցը, որպես ժողովուրդ, մեր հիմնական մրցակցային առավելություններից է, և այն առավել քան տեղին է դիտարկել ապագայի համատեքստում: Հարցն այն է, թե որտեղի՞ց սկսել և ինչպե՞ս:      

Ես քաջածանոթ եմ ցանցային մոդելի երկու օրինակի՝ Լիբանանին և Իսրայելին, և ուզում եմ ստորև ավելի մանրամասն անդրադառնալ դրանց. դա, կարծում եմ, թույլ կտա որոշ եզրակացություններ անել և ճիշտ ուղղությամբ շարժվել: 

Ձեռագրում քիչ է խոսվում Լիբանանի մասին, թեև համեմատելու շատ բան կա: Ահավասիկ, Լիբանանի բնակչությունը հինգ միլիոն է, իսկ լիբանանյան սփյուռքը՝ տասնհինգ միլիոն: Լիբանանի պատմությունը հինավուրց է՝ ձգվում է Փյունիկյան ժամանակների վաճառականներից և ցանցային քաղաքներից (Կարթագեն և այլն) մինչև 21-րդ դար: Այսօր Մեքսիկայի ամենահարուստ մարդը լիբանանյան արմատներ ունեցող Կարլոս Սլիմն է, մեկ այլ հայտնի անուն է Կարլոս Գոնը, որը վերադարձել է Լիբանան: Իմ գործունեության ընթացքում ես բազմաթիվ այլ լիբանանյան ծագմամբ հաջողակ գործարարների և քաղաքական գործիչների եմ հանդիպել աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում: Նրանք հսկայական կապեր ունեն, հաջողությունների են հասել և կապված են նաև իրենց հայրենիքին, սակայն, դա բնավ չի հանգեցրել Լիբանանի որակական վերափոխմանը: Լիբանանն այսօր էլ բազմաթիվ մարտահրավերներ ունի՝ կրոնական մասնատվածություն, տասնամյակներ շարունակվող քաղաքացիական պատերազմ, խնդրահարույց հարևաններ: Լիբանանի դեպքում մի կարևոր բացթողում կա՝ ցանցային ազգի երկարաժամկետ տեսլականի մշակումն ու սփյուռք ունեցող պետության ու ժողովրդի համատեղ ներդրման հարցը համընդհանուր բարօրության մեջ: 

Հաջորդ օրինակը Իսրայելն է: Ձեռագրում համեմատություն է կատարվում 20-րդ դարի Հայաստանի և Իսրայելի բնակչության աճի միջև, և թվերը մեր օգտին չեն խոսում: Սակայն, իրականում տարբերություններն ավելի խորքային են: Իսրայելը կորցրել է իր պետականությունը շուրջ 2000 տարի առաջ. 20-րդ դարի սկզբին փոքրաթիվ հրեաներ էին ապրում այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Իսրայել պետությունը: Հրեական մեծ համայնքներ կային Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկաներում, իսկ աշխարհում նրանց ընդհանուր թիվը շուրջ 10 միլիոն էր: Երբ, չնայած Ցեղասպանության բոլոր արհավիրքներին, ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայաստանը Իսրայելի տարածքին համարժեք տարածք ուներ՝ մեկ միլիոն բնակչությամբ: Երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարում ենթարկվել էին ցեղասպանության՝ հայերը կորցնելով մոտ մեկ ու կես միլիոն, իսկ հրեաները՝ ավելի քան վեց միլիոն բնակչություն: 1948 թվականին, երբ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան որոշմամբ ստեղծվեց Իսրայել պետությունը, մենք շատ ընդհանրություններ ունեինք, այդ թվում՝ համադրելի բնակչություն, տարածք և տնտեսություն: Ներկայումս Իսրայելն ունի ինը միլիոն բնակչություն, իսկ Հայաստանը՝ երեք միլիոն: Իսրայելի ազգային համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 400 մլրդ ԱՄՆ դոլար է (ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի բարձր է, քան Ֆրանսիայում կամ Միզացյալ Թագավորությունում), իսկ Հայաստանինը՝ ընդամենը 14 մլրդ ԱՄՆ դոլար: Երկուսն էլ իրենց հարևան երկրների հետ լուրջ խնդիրներ ունեն, նաև՝ ռազմական հակամարտություններ, այդուհանդերձ, Իսրայելը կարողացել է ստեղծել աշխարհում լավագույն զինված ուժերից մեկը, ավելին՝ ստեղծել է ժամանակակից պաշտպանական արդյունաբերություն, որը ոչ միայն ծառայում է Իսրայելի կարիքներին, այլև դարձել է երկրի հիմնական արտահանող ճյուղերից մեկը: Առանց Ռուսաստանի օգնության Հայաստանի՝ Թուրքիայի ռազմական ուժերին դիմակայելու կարողությունը խիստ սահմանափակ է, այն դեպքում, երբ Իսրայելը կարողացել է հաղթել երեք կարևոր պատերազմներում, որոնք մղել է իր հարևանների համատեղ ուժերի դեմ, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում էր մի քանի հարյուր միլիոնը: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հրեաները երբեք հայտնի չեն եղել որպես լավ մարտիկներ, փոխարենը՝ նրանք հայտնի էին որպես վաճառականներ, առևտրականներ, բանկիրներ: Սակայն, ինչպես իրավացիորեն նշվում է ձեռագրում, երբեմն ազգերը փոխում են իրենց զարգացման ուղեգիծը և մի մոդելից անցում կատարում մեկ այլ մոդելի: 

Նման տարբերությունների պատճառները բազմաթիվ են, և դրանք հասկանալու համար անհրաժեշտ է ավելի մանրազնին և համատեքստային վերլուծություններ կատարել: Միաժամանակ, տեսլականի վրա հիմնված կառավարումը, երկարաժամկետ պլանավորումը, պետության և սփյուռքի միջև արդյունավետ ու գործուն կապի հաստատումը և համատեղ աշխատանքը հաջողության կարևոր գրավականներ են: ՆԱՍԴԱՔ-ում Իսրայելը ԱՄՆ-ից հետո ամենաշատ ընկերություններ ունեցող պետությունն է. Սիլիկոնյան հովտում և Նյու Յորքում իսրայելական ընկերությունների տեղն ապահովվել է դրանց՝ հրեական սփյուռքի հետ կայուն կապի շնորհիվ: Մ¬եկ այլ կարևոր ձեռքբերում էր հրեական ծավալուն ներգաղթի ապահովումը դեպի Իսրայել. 1960 և 1970 թվականներին Մերձավոր Արևելքից և Եթովպիայից շուրջ 800 հազար, իսկ 1990-ական թվականների սկզբին Սովետական Միությունից շուրջ մեկ միլիոն հրեա տեղափոխվեց Իսրայել: Չնայած բազմաթիվ մշակութային տարբերություններին, նրանք միավորվեցին մեկ մշակույթի, մեկ պետության և մեկ ազգի շրջանակներում: 90-ականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած հայերը շուտով լքեցին Հայաստանը՝ բնակություն հաստատելով այլ երկրներում: Նույնը վերաբերում է նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո Հայաստան ներգաղթած հայերին. քչերը բնակություն հաստատեցին Հայաստանում: Մասամբ դա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը սահմանափակ տնտեսական հնարավորություններ ուներ, բայց դա նաև արդյունք էր նման մարդկային հոսքերը կլանելու և ինտեգրելու պետական քաղաքականության բացակայության:    

Աշխարհի բոլոր հայերին Հայաստանում հավաքելը երբևէ չպետք է դառնա մեր հեռահար նպատակը: Իսրայելի օրակարգում ևս երբեք նման նպատակն չի եղել, և պատահական չէ, որ ԱՄՆ-ում մինչ օրս ապրում է յոթ միլիոն հրեա, միլիոնավոր հրեաներ ապրում են Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և այլ վայրերում: Բայց կարևորն այն է, որ հրեաների համար, որոնք չեն կարողանում հաջողության հասնել օտար երկրներում, Իսրայելը բացում է դռները, և շարունակական կազմակերպված ներգաղթը շարունակվում է դեպի Իսրայել:  

Եթե լավ կազմակերպված ներգաղթը նպաստեր տնտեսական աճին, դա էլ իր հերթին կապահովեր մարդկային ներհոսք դեպի Հայաստան: Մի հրաշալի գիրք կա Իսրայելի մասին, որը կոչվում է «Ստարտափերի երկիր»: Ես ընդհանուր առմամբ հանգում եմ այն եզրակացությանը, որ Հայաստանի համար լավագույն մոդելը «հաբի» մոդելն է, բայց խոսքը զուտ առևտրային կամ տրանսպորտային, տարածաշրջանային կամ ֆիզիկական հաբի մասին չէ. խոսքը գլոբալ հաբ-երկրի մասին է, որը փոխկապակցված է իր սփյուռքի հետ, հանդիասնում է գիտելիքի և տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, միավորում է մշակույթները, տնտեսություններն ու տարածաշրջանները:

Մեր դերակատարումը տարածաշրջանում ևս կարող էր ավելի ակտիվ, նախաձեռնողական լինել: Շատ է խոսվում դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքային կամուրջ դառնալու մասին, բայց պրակտիկայում քիչ բան է արվում: Կարելի էր ընդլայնել Սիրիայում և Աֆղանստանում մեր առաքելությունները, որպես ազնիվ միջնորդ հանդես գալ Իրանի և Եվրոպայի միջև հարաբերություններում կամ դառնալ առևտրային միջանցք Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև: Պետք է ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս դիրքավորվել որպես խաղաղության և անվտանգության ջատագով փափուկ ուժ: Դա մեզ հնարավորություն կտա ներկայիս խրթին աշխարհաքաղաքական դաշտում տեղ զբաղեցնել մեզանից ավելի ծանրաքարշ երկրների խմբում: 

Մեր նորագույն պատմության մեջ լավ օրինակներ կան, որոնք վկայում են մեր ներուժի մասին: Հիրավի, Սովետական Միության կազմում Հայաստանը գիտության ոլորտում զիջում էր միայն ռուսներին և հրեաներին. Հանրապետությունը տեխնիկական առումով ամենազարգացած պետություններից էր, իսկ կրթությունը պատմականորեն կարևոր արժեք էր մեզ համար: Մենք ունեցել ենք միջնադարյան այնպիսի կրթահամալիրներ, ինչպիսիք էին Գլաձորը, Տաթևը, որոնք ժամանակի եզակի կրթօջախներ էին: Հայերեն առաջին նախադասությունը, որը նաև մեջբերված է արձագանքում, հիրավի խոսուն է. «Ճանաչել զիմաստություն և զխրատ...»:

Այսօր մենք ունենք Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA) և UWC Դիլիջանի միջազգային քոլեջը՝ երկուսն էլ սփյուռքյան նախաձեռնություններ, որ լավագույնս տեղավորվում են ցանցային ազգի հայեցակարգի շրջանակներում: Այնպիսի նոր նախաձեռնությունները, ինչպիսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է, ևս նոր որակ են բերում երկիր: Սակայն այս նախաձեռնություններից ոչ մեկը չունի այն թափը, որ կվերափոխեր մեր հասարակությանը: 

Լիովին համաձայն լինելով ձեռագրի հիմնական եզրահանգումներին՝ կիսում եմ ձեր կարծիքը, որ 21-րդ դարը կարող է դառնալ մեր դարը, եթե մենք համախմբենք մեր ժողովրդի մտավոր ներուժն ու մյուս բոլոր ուժեղ կողմերը, հենվենք մեր արմատների վրա և դրսևորենք մեր ազգային բնութագրի լավագույն որակները: 
 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։