Հարգելի՛ հեղինակներ, շնորհակալություն այս բովանդակալի և բազմաշերտ աշխատությանը հաղորդակից և մասնակից դարձնելու համար: Ամանորյա ամենամյա նույնական մտքերի, լավի անորոշ ցանկությունների ու հնամաշ խոհանոցային եռանկյունու (բլինչիկ, բուդ, դոլմա) մղձավանջից կտրվելու լավագույն ժամերն անցկացրի կարդալու, մտովի երկխոսելու, ինչ-որ տեսակետների չհամաձայնելու, սեփական մտքերն ու ցանկությունները խմբագրելու, վերանայելու ու հստակեցնելու համար: Հատուկ ուզում եմ նշել աշխատության գրագետ և մատչելի հայերենը:
Ընդհանուր առմամբ այս աշխատությունը խիստ կարևոր ուղենիշ է, փարոս, որը երբեք նման հիմնավոր հանգրվաններով չի եղել: Հայոց հազարամյա քաղաքակրթությունը սահմանափակվել է անհատների անձնական ձեռքբերումներով (սկսած Տիգրանի կայսրությունից և վերջացրած հայկական կապիտալով և ձեր սիրելի ցանցային վաճառականներով), որոնց գործը նույնիսկ որդիները չեն շարունակել: Երազանքը սահմանափակվել է որևէ կայսրության գեներալ, մինիստր, պալատական պաշտոնյա դառնալով, նույնիսկ բյուզանդական գահին նստած հայկական դինաստիան էր հակահայկական, հիշենք նաև ոչ հեռավոր անցյալի՝ ԽՍՀՄ-ի բարձրաստիճան հայ չինովնիկներին:
Հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ այդ կրկնվող շրջապտույտից դուրս գալու ուղիների, հաստատակամությամբ ու գաղափարով վարակելու և նոր մարդկանց ներգրավելու մասին: Ի դեպ, հայկական կենցաղային մտասևեռման գլխավոր գործընթացը սահմանափակվում է թոռան առկայությամբ, հասուն, փորձ և ճանապարհ անցած մարդիկ ինքնամեկուսանում են ասելով՝ «հիմա թոռներով եմ զբաղվում»: Իրականում այս երանության բերկրանքը խաբուսիկ նահանջ է, լուսանցքային մտայնության հաղթանակ: Ինչպես մարտունակ դարձնել ձեր մոտեցումները՝ կառաջարկեմ վերջում, այժմ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել աշխատությունում, ըստ իս, տեղ գտած մի շարք սրբագրա-խմբագրական սպրդումների վրա:
13-րդ էջում, երբ նշվում է Անատոլիայի և Հռոմի բնակչության թվի համեմատությունը, կարծում եմ՝ Հռոմ ասելով՝ պետք է հասկանալ ոչ թե քաղաքը, այլ Հռոմեական կայսրությունը, առավել ևս, որ նշված աղբյուրը հենց կայսրությունը նկատի ունի:
21-րդ էջում սփյուռքահայ համայնքների ստվարացման քաղաքների անունների ցանկում ցանկալի կլիներ Ստամբուլի փոխարեն նշել Կ.Պոլիս ձևը կամ երկուսը միասին, առաջինը՝ փակագծերում:
81-րդ էջում Խորհրդային Հայաստանի տեխնոլոգիական վերելքի նշանավոր լոկոմոտիվներից էին նաև Արտեմ Ալիխանյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Վիկտոր Համբարձումյանը (Բյուրականի աստղադիտարան): Այս հանգամանքը նշում եմ ոչ որպես փաստ, այլ վկայություն այն իրողության, որ ֆիզիկոս դառնալը դարձել էր երազանք, Հայաստանի նույնիսկ հեռավոր լեռնային համայնքների շատ երիտասարդներ իրենց ապահով ապագան տեսնում էին հենց այս ոլորտում: Տասնամյակների ընթացքում ձևավորվեց հսկայական ինժեներա-տեխնիկական պոտենցիալ: Այսօր այդ ներուժը ցրվել է, ինստիտուտները անգործության են մատնվել, մարզային համայնքներն էլ զրկվել են երազանքից: Մի ժամանակ շատերը կրթության էին մեկնում Մոսկվայի Լազարյան ճեմարան, քչերն էին վերադառնում, իսկ վերադարձողներն իրենց չէին «գտնում» կայսրության գավառում:
166-րդ էջում որպես հայ ժողովրդի գոյատևման մոդելի դրսևորում եք մատնանշում հայկական խոհանոցը`ղաուրմա, բաստուրմա և այլն: Կարծում եմ՝ սա լոկ գոյատևման մոդել չէ, այլև ստեղծագործ մոտեցում, վերարտադրության, մի մթերքից այլ բան ստանալու ունակություն: Ըստ իս, եթե մեքենայի ներքին այրման շարժիչին կարելի էր հասնել տրամաբանորեն, ապա երևակայությունից բացի, դժվար տրամաբանություն գտնենք խակ ու դառը կանաչ ընկույզից համեղ մուրաբա պատրաստելու հայտնագործության մեջ: Եթե Կոլումբոսն իր նավերում չունենար խամոնի քանակություն, դժվար հատեր Ատլանտյան օվկիանոսը: Մոնղոլներն արշավանքի ընթացքում թամբի տակ չորացնում էին ճանապարհին ընկած ձիերի միսը, ինչը հնարավորություն էր տալիս, արշավանքները չընդհատելով, հենց ձիու վրա սնվել ու հատել հարյուրավոր կիլոմետրեր: Եվ շատերի կարծիքով՝ Բրիտանական նավատորմի հաջողությունը ոչ միայն նորագույն թեթև թնդանոթներն էին, այլև նավաստիների սննդակարգի հիմնական բաղկացուցիչ վարսակաձավարի շիլան: Հետևություն՝ նայած թե ինչ խնդիրներ են հետապնդում ազգերը:
Ինչպես սկզբում էի նշել, աշխատության մեջ քննարկվող շատ գաղափարներ դեմ են երեկվա և այսօրվա հայկական կարծրատիպին, ազգային հոգեկերտվածքի դոգմաներին, ապագան սեփական ուժերով կերտելու չկամությանն ու Աստծու, քավորի կամ բարի տիրոջ սպասմանը: Անազատ մարդը միշտ մեղավոր է փնտրում`սկսած աշխարհագրական դիրքից մինչև անբարենպաստ եղանակը: Կրթության ձգտող մեր ազգը երբեք աչքի չի ընկել լիդերային հատկանիշներով, բարեհաջող գոյատևել է ստեղծված համակարգերի սարդոստայնում՝ չունենալով գործողության երկարաժամկետ նախագիծ: Հակառակ օրինակ է 20-րդ դարասկզբին մասնատված Օսմանյան կայսրության փլատակների վրա հայտնված գնդապետ Մուստաֆա Քեմալը, որը ապագա Թուրքիայի հստակ նախագիծ հայտարարեց: Մենք բավարարվեցինք Խորհրդային կայսրության կողմից նետված կրճոններով` Երևանի նոր թաղամասերը պատմական Հայրենիքի տեղանուններով անվանակոչելով` Արաբկիր, Զեյթուն, Մարաշ, Կիլիկիա, Արեշ… Ու ի՞նչ եք կարծում, մոտեցա՞նք Հայրենիքին: Ըստ իս հեռացանք:
Մենք չենք կարդում, չենք վերլուծում, մեր հանրակրթական և բուհական համակարգը եվրոպականի թշվառ պատճենն է`անմրցունակ ու սին: Հետևանքը՝ նոր հազարամյակի հեղափոխական սերունդը (միլենիալները), որը դեռ չի կարողանում ձևակերպել ապագայի իր տեսլականը:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
– Այս աշխատությունն արագ նշանակետին հասցնելու համար ինտերնետ հարթակում ստեղծել կարճ հարց ու պատասխան: Q&A:
– Հարցեր, որոնք հնչում են գրքում: Պատասխանում են տարբեր ազգի փորձագետներ, տարբեր լեզուներով (հասկանալի է, որ դա ապահովված կլինի թարգմանությամբ):
– Հարթակին մասնակից դարձնել հասարակության լայն շերտերին:
– Ես պատրաստ եմ դառնալ այս շարունակության ղեկավարը, որպեսզի երազանքը կրկին չվերածվի
մշտական հուսախաբության:
Հ.Գ. Ձեր աշխատության մեջ մի քանի անգամ միջբերում կա Կոստան Զարյանից, որը 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ հայտնի հազվադեպ հայերից է: «Անցորդը և իր ճամփան» վեպում նա գրում է. «Մենք փնտրում ենք Հայրենիքը, ինչպես թիթեռն է փնտրում ճրագը, որի վրա պետք է այրվի»:
Կարծում եմ՝ այրվելու մարդ էլ չի մնացել: