Անդրեաս
Հայնեկե

Անդրեաս Հայնեկե
Գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր, Dialogue Social Enterprise

Ընդհանուր դիտարկում 

Շատերիս համար Սինգապուրը սուրբ երկիր է, քանի որ Լի Կուան Յուն և նրա ընտանիքն իրենց ղեկավարության ընթացքում կարողացան կառուցել ապշեցուցիչ ենթակառուցվածքներով ժամանակակից պետություն: Սինգապուրը փոքր երկիր է, հարուստ չէ բնական ռեսուրսներով, սակայն կարողացել է հաղթահարել գաղութացումն ու օկուպացիան: Այն իմ իմացած միակ պետությունն է, որն ունի կրթության երկու նախարար, և այս հանգամանքը տպավորիչ կերպով մատնանշում է կրթության կարևորությունը կառավարության համար: Սինգապուրը ստեղծել է բնավորության ձևավորման ուսումնական պլան տարրական և միջնակարգ դպրոցների համար, և, անկասկած, արժե վերլուծել, թե այս մոտեցումը որքանո՛վ է կիրառելի Հայաստանի համար: 

Իրական սուրբ երկրից՝ Իսրայելից բացի, սուրբ երկիր է նաև Ռուանդան: Երեք ազգերն էլ (Հայաստան, Իսրայել և Ռուանդա) ցեղասպանությանը հաջորդած տրավմայի ընդհանրությունն ունեն: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ծաղկում համեմատաբար փոքրիկ այս երկրները, հատկապես Ռուանդան: Դա հրաշքի պես մի բան է: Զարմանալի է տեսնել, թե ինչեր են կատարվել երկրում: Փոլ Կագամեն նման է ինքնակալ առաջնորդ Լի Կուան Յուին: Երկիրը խստորեն վերահսկվում է, որպեսզի չվտանգվի մարդասիրական աղետը հաղթահարելու մեծ ծրագիրը, մեղմանա նախկին թշնամիների միջև առկա անջրպետը, աշխատանքներ տարվեն նրանց հաշտեցման ուղղությամբ, ամրապնդվի վերապրածների միջև կապը, և հնարավորություն ստեղծվի ձևավորելու ազգային ինքնություն: Եթե ազգակերտման չափանիշ փնտրեք, ներշնչման աղբյուր կդառնա, անշուշտ, Ռուանդան։ 
 
Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը 
 
Հայաստանը եզակի երկիր է: Արտերկրում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, քան Հայաստանում, և սփյուռքում ապրողների համար մեծ մարտահրավեր է ազգային ու մշակութային ինքնության պահպանումը: Այն հայերը, որոնք մնացել են հայրենիքում, բախվում են գաղթելու գայթակղությանը, քանի որ կյանքի հեռանկարները դրսում ավելի գրավիչ են թվում: Պետությունը ներքաղաքական մարտահրավերներ ունի հաղթահարելու, մեծ խնդիր է կոռուպցիան, և երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական դժվարին դիրքում` Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրների հարևանությամբ կամ մերձավորությամբ: Քաղաքացիների երջանկության մակարդակով աշխարհի 156 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 121-րդ տեղում, իսկ Կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն Հայաստանը 180 երկրների շարքում 107-րդն է: Միջին օրական 24 ԱՄՆ դոլար եկամուտը բացահայտում է հայերի ճնշող մեծամասնության առջև ծառացած տնտեսական մարտահրավերները: 
 
Ուստի Հայաստանի առջև ծառացած չորս  հիմնական մարտահրավերներն են 
— մշակութային, հոգևոր, պատմական ու ազգային կապի բացակայությունը՝ հատկապես երիտասարդության շրջանում,  
— երիտասարդ տաղանդավոր ուղեղների արտահոսքը և հայրենիք վերադառնալու գայթակղության բացակայությունը, 
— լեզվական ցեղասպանությունը, քանի որ լեզվին սպառնում է ոչնչացում, 
— քաղաքական անկայունությունը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում։ 
 
Այս բոլորը դժվարին նախադրյալներ են, և համաշխարհային ազգ ստեղծելու, լեզուն պահպանելու, հարևան պետությունների հետ խաղաղ գոյակցություն ապահովելու և երկիրը լքել կամ վերադառնալ ուզողների համար Հայաստանն ապրելու ցանկալի տեղ դարձնելու նպատակները մեծ ջանքեր են պահանջում։ 
 
Հայաստանը եզակի երկիր է, քանի որ կարողացել է դիմակայել դարավոր ճնշումներին, վերապրել և մնալ որպես հանուն աշխարհի կարևոր ավանդ ներդրողներից մեկը: Հայերը հպարտ ազգ են՝ ամուր համախմբվածությամբ, բարձր ինքնասիրությամբ, դիմացկուն՝ թե՛ ազգային և թե՛ միջազգային առումներով: Սոցիոլոգիական հանրահայտ տեսությունը պարզաբանում է, որ արտաքին ճնշումն ուժեղացնում է ներքին կապը: Գոյություն ունի ամուր կապ, սակայն, գլոբալիզացիայի ներկայիս նախադրյալների առկայությամբ, այն քայքայման վտանգի տակ է: 
 
Մի քանի առաջարկություն 
 
Սովորենք անցյալից՝ ապագան փրկելու համար 
 
Ջորջ Սանտայանան իմաստուն խոսք ունի. «Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են կրկնելու այն»: Ցեղասպանությունն իր դաջվածքն է թողել  հայերի մտքի ու հոգու մեջ: Զոհերի ազգին պատկանելու հանգամանքը հոգեբանորեն դժվար է հաղթահարել: Ցավալի է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների սոսկ մի փոքր մասն է պաշտոնապես ընդունում ցեղասպանությունը: Թուրքիան որպես գլխավոր ոճրագործ դեռևս ժխտում է իր պատասխանատվությունը և պաշտոնապես ներողություն չի հայցել: 
 
Կարևոր է հիշողությունը վառ պահելը: Նախագծերը, որոնք հաստատում են ցեղասպանությունը, կարևոր են հավաքական տրավման հաղթահարելու և սպանվածների ձայնը բարձրաձայնելու համար: Մոտավորապես մեկ միլիոն հայ է սպանվել Ցեղասպանության ընթացքում: Խնդիր է դրված` յուրաքանչյուր զոհի համար հավաքել մեկ միլիոն ձայն: Սա կարող է գործել սոցիալական լրատվամիջոցներով. այն գրավում է գլխավորապես երիտասարդ սերնդին և պարզապես հաղորդակցման փորձ է: Գերմանական գայթաքարերի Շոայի մոդելն ի հիշատակ հրեա զոհերի կարող է թարմացվել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Բոլոր այն վայրերում, որտեղ հայեր են ապրել, կարող են սենսորներ տեղադրվել, և նրանք, ովքեր հետաքրքրված են, հատուկ ծրագրի միջոցով կարող են ավելին իմանալ ժամանակին այնտեղ ապրած մարդու մասին: Անցյալի հետ հաշտվելու գործընթացը կարող է տեղի ունենալ ոչ միայն հուշահամալիրներում: Դա կատարվում է այնտեղ, ուր տեղի է ունեցել հանցագործությունը: Հայերի ինքնության համար կարևորագույն նշանակություն ունի հիշողության մոբիլիզացումը, և հատկապես երիտասարդության համար հարկավոր է գտնել գրավիչ միջոցներ: 
 
Ցեղասպանության փորձառությունը և խաղաղասեր ժողովուրդ մնալու հայերի կորովը կարող են դառնալ ազգային տեսակի մի չափումը: Հայաստանը համեմատաբար չեզոք է քաղաքականության մեջ և կարող է դառնալ խաղաղության հաստատման ու հաշտեցման հանգույց: Նրա համար տարածաշրջանում այդ դերը կանխորոշված է: Կարող է ստեղծվել խաղաղության հաստատման կենտրոն, ինչպիսին է, օրինակ, Նորվեգիայի Խաղաղության և երկխոսության Նանսեն կենտրոնը: Հատկապես անհրաժեշտ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, և երկու ժողովուրդներից մարդիկ միասին աշխատում են խաղաղությունն ու համագոյակցությունը պահպանելու մոդելների վրա: Ռուանդայի ցեղասպանությունից մազապուրծ եղած Ժան Պոլ Սամպուտուն է գալիս մտքիս: Ներողամտությունը ձեզ համար է, ոչ թե ոճրագործի համար: 
 
Ստեղծենք բրենդ 
 
Հայաստան - Համաշխարհային ազգ։ Ուժեղ բրենդ է: Բրենդը ներկայացնում է որոշակի արժեքներ, որոնք պետք է ի մի բերվեն: Անհրաժեշտ է լայնամասշտաբ հետազոտություն կատարել հատկապես սփյուռքի երիտասարդ հայերի շրջանակում` հասկանալու համար, թե իրականում ինչի կողմնակից են հայերը: Առնվազն 500.000 ձայն պետք է լսել ազգային բրենդ կերտելու շարժումն սկսելու համար: Այն գիտական գործընթաց է: 
 
Համաշխարհային-տեղական 
 
Հրեաների նման, հայերը նույնպես ցրված են ամբողջ աշխարհում: Դրա հետևանքով նրանց, որպես հյուրընկալող երկրների անդամների, մատչելի են ռեսուրսների և գիտելիքների լայն հնարավորություններ: Այդ աղբյուրները կարող են օգտագործվել հանուն Հայաստանի ապագայի: Հարկավոր է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարելի է ապահովել, որ տեղեկությունների հոսքը և գիտելիքն ու հմտությունները կարողանան մտավորական կապիտալ ստեղծել հայրենիքում։ 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։