Ուշադիր ընթերցեցի գիրքը, որոշ հատվածներ՝ նույնիսկ մեկ անգամից ավելի: Սկզբում՝ «կենացի» մասը: Հեղինակներին հաճոյանալու համար չէ, որ կարդացել եմ: Ռուբենին ճանաչում եմ շատ քիչ, Նունեին առհասարակ չեմ ճանաչում, եթե ծանոթություն չհամարենք հեռախոսային մեկ խոսակցությունը: Թեև, իհարկե, շատ բաներ, որոնք Ռուբենն անում է Հայաստանում, ինձ կարևոր ու անհրաժեշտ են թվում, և այդ պատճառով չէի կարող նրան մերժել:
Սակայն հիմնական դրդապատճառս այն էր, որ իսկապես շատ կարևոր եմ համարում խոսակցությունն այն նյութի շուրջ, որը գրքի առանցքային նյութն է: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ու՞ր ենք գնում և ինչո՞ւ, ի՞նչ է հնարավոր և ի՞նչ հնարավոր չէ անել: Ամբողջական հայացք նետելն ու իմաստավորումը ժամանակակից Հայաստանի և Սփյուռքի համար հազվագյուտ երևույթ է, ինչն, ըստ իս, վատ է: Քաղաքական վերնախավերը մտածում են շաբաթների ու ամիսների կտրվածքով. մի քանի տարվա հեռանկարն արդեն հազվադեպ է: Իսկ մեր մտավորականները հակված են հուզական արտահայտությունների. երկրի ապագայի մասին նրանց դատողություններն ավելի հաճախ վերաբերմունք են, այլ ոչ թե ողջամիտ խոհեր: Առանց հեռանկարի նույնիսկ այսրոպեական որոշումները չեն հաջողվում, ինչում մշտապես համոզվում եմ: Այդպիսով, նման տեքստերը, իմ կարծիքով, հարկավոր են և օգտակար, ինչի համար շնորհակալ եմ երկու հեղինակներին:
Բնականաբար, տեքստի կոնկրետ հատվածների չեմ անդրադառնալու. դա խմբագրի գործն է: Սակայն տեքստի վերաբերյալ իմ նկատառումներն ամբողջությամբ կներկայացնեմ, և, ի սեր Աստծու, չդատապարտեք ինձ, ես ազնիվ եմ լինելու. կարծում եմ, դրա համար են ինձ խնդրել, որ կարդամ այս գիրքը: Ամեն դեպքում, ներբողներ գրելու իմաստ չեմ տեսնում:
Այն, ինչ գրելու եմ, հիմնականում վերաբերում է ոճին ու կառուցվածքին, ոչ թե իմաստներին: Հեղինակների որոշ եզրակացությունների (թերևս, մեծ մասին) համաձայն եմ, մյուսներին՝ ոչ, սակայն դա կարևոր չէ:
Վիճելիությունն, ըստ իս, այս տեսակի տեքստերի առավելությունն է, ոչ թե թերությունը:
Իսկ այժմ իմ դիտողությունները, որոնց համար, հուսով եմ, ինձ խնդրել են արտահայտվել:
Իմ կարծիքով, գրքի ոճը չափազանց խրատական է: Հեղինակները ներկայացնում են իրենց պատկերացումները, սակայն ինձ թվում է, որ տեքստն ավելի լավ կընթերցվեր, եթե զրույցի հրավեր լիներ: Գրքում մի քանի անգամ ուղղակի ասվում է, որ մարդակենտրոնությունը տեքստի և, ավելի լայն իմաստով՝ ժամանակակից հասարակության առավելությունն է, սակայն միևնույն ժամանակ հեղինակների կարծիքները շարադրված են որպես ընթերցողին առաջարկվող պատրաստի ինչ-որ ծրագիր: Իմ կարծիքով, բանավեճի ձևաչափը չէր խանգարի գրքին: Գուցե արժեր ավելի հաճախ դիմել ընթերցողին՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կերպով՝ մոտավորապես այնպես, ինչպես արվում է վերջաբանում: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ գիրքը հարց լիներ, ոչ թե պատասխան, բանավեճի հրավեր լիներ, ոչ թե ուղղություն մատնանշեր: Ասածս ամենևին չի նշանակում, որ պետք չէ հնչեցնել այն, ինչ ակնհայտորեն ապրել են հեղինակները, սակայն ձևը, իմ կարծիքով, պետք է ավելի «ինտերակտիվ» լիներ:
Ինձ դուր եկան պատմական ներդիրները (որոնք տեքստում գունավորված են), սակայն այդ ներդիրներից դուրս, ինձ թվում է, պատմության մասին խոհերը կարելի էր կրճատել: Ի վերջո, պատմությունն օժանդակ դեր է կատարում և որոշ չափով թերևս ծանրացնում է գիրքը: Ամեն բանից զատ, պատմությունը, և մասնավորապես պատմական փիլիսոփայությունը, չեն կարող մեկուսացված լինել: Կարծում եմ, հայոց պատմության առանձին դրվագներ նկարագրելու հարկ չկար: Հայոց պատմությունը լիովին մեկուսի կամ առավել ևս եզակի երևույթ չէ: Շատ սյուժեներ իրենց նմանակներն ունեն, և դրանց մասին առանց համեմատաբանական կտրվածքի խոսելը մեթոդաբանական տեսակետից ճիշտ չէ. դա մասնագետների գործ է, այն էլ, իմ կարծիքով, այս տեսակի գրքին այնքան էլ հարկավոր չէ: Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության որոշ խնդիրների վերաբերյալ հեղինակների տեսակետները, կարծում եմ, պետք էր ներկայացնել, դրանք հետաքրքիր ու կարևոր են, բայց՝ ոչ ավելին, քանի որ նման գրքում ապացուցողական բազան պարզապես անհնար է և անհարկի. դա պատմագիտական աշխատության խնդիրն է:
Ես գրքից կհեռացնեի «Ավրորա»-ի, «2020» ծրագրի կամ «Տաթևերի» մասին բոլոր հիշատակումները: Դրանք գովազդի տպավորություն են թողնում, որն, իմ կարծիքով, ամենևին հարկավոր չէ: Հայերի մեջ շատ քիչ մարդ կա, որ չգիտի Ռուբեն Վարդանյանի և նրա գործունեության մասին, իսկ կոնկրետ նախագծերի մասին տեղեկությունները նման լուրջ ծավալի մտորումներին ոչ մի էական բան չեն ավելացնում և միայն ծանրացնում են գիրքը: Ինձ թվում է, չէր խանգարի, որ գիրքն ավելի ամփոփ լիներ:
Իսկ անձնական տարրը, որը գրքում ընդամենը մեկ անգամ է հանդիպում «Իմ երեք կյանքերը» հատվածում՝ 153-րդ էջում, ես կուժեղացնեի: Այդ տեսակի մի քանի ներդիրներ, որոնք ոչ թե սոսկ նկարագրում են հեղինակների անձնական փորձը, այլ այդ փորձը տարածում իրականության և հասարակության զարգացման այն փուլի բացատրության փորձերի վրա, որոնցում այժմ գտնվում ենք, թերևս կարելի է ասել՝ պատկերազարդումները, գիրքն ավելի կենդանի և ընթերցողին հոգեհարազատ կդարձնեին, ավելի անձնական խոսակցության նման։ Օրինակ, «Իմ երեք կյանքերը» ներդիրն ամփոփում է ոչ միայն անձնական պատմություն, այլև մեր ապրած ժամանակի կարևորության, եզակիության ու նշանակալիության չափազանց կարևոր ընբռնում: Հասարակական քննարկումներում հաճախ մեր ժամանակներն ընկալվում են խիստ տագնապահարույց, նույնիսկ աղետալի, իսկ այն հանգամանքը, որ ապրում ենք մեր ազգի համար առանցքային ժամանակաշրջանում, լիարժեքորեն չի գիտակցվում: Մինչդեռ Ռուբենն այդ մասին հիշեցնում է նույնիսկ ոչ թե իր կենսագրությամբ, այլ այդ կենսագրության զգացողությամբ պատմության համատեքստում:
Ինձ համար գրքի առանցքային մաս դարձան զարգացման ցանցային ձևերի, որոշումների կայացման ու պլանավորման ինստիտուցիոնալ ձևերի վերաբերյալ մտորումները: Ես կուժեղացնեի հենց այդ մասերը: Հարցը ոչ միայն և ոչ այնքան ծավալն է, որքան հեղինակների կարծիքների ավելի հստակ ձևակերպման, գուցե մի քանի անգամ կրկնելու ցանկալիությունը: Դա, ի վերջո, փաստացիորեն այն հիմնական գաղափարն է, որն առաջարկվում է ընթերցողին խորհրդածելու համար։
Գիտակցում եմ, որ իմ ցանկությունները հավանաբար դժվար իրագործելի են՝ նույնիսկ եթե դուք դրանք կառուցողական համարեք: Հույս ունեմ, դրանք չեք ընկալի իբրև մանրախնդրություն: Իմ դիտողություններն ավելի շատ կառուցվածքային են, բայց ինձ թվում է, որ կարևոր է, որ գիրքը հեշտությամբ ընթերցվի և մարդկանց խորհրդածելու դրդի:
Ներողամիտ եղեք, եթե խիստ քննադատաբար եմ մոտեցել: Կրկնեմ․ գիրքն ինձ դուր է եկել, և իմ քննադատականությունը հենց դրա արգասիքն է: Խոսակցությունը, որը դուք սկսում եք, ոչ թե ավարտում այս գրքով, ինձ ծայրագույնս անհրաժեշտ է թվում: