Գիրքը բարձրաձայնում է մեծաթիվ կարևոր խնդիրների մասին, միաժամանակ, հայ ազգի ճակատագրի վերաբերյալ բազում հարցերի տեղիք է տալիս: Աշխատությունը պետք է որ հետաքրքրի նաև այլ ժողովուրդների ներկայացուցիչների, քանի որ դրանում քննարկվող թեմաները հավասարապես վերաբերում են բոլոր այն քաղաքակրթություններին, որոնք այսօր, ինչպես նշվում է Ա. Թոյնբիի հիանալի աշխատությունում, «կանգնած են պատմության դատարանի առջև»:
Կարծում եմ` այս գրքի մոտեցումն ու ուղերձը ծայրաստիճան կարևոր են ողջ հայության համար, որ սովոր է չեզոք կեցվածքով հիշել փառահեղ անցյալն ու սարսափելի ողբերգությունները, որոնք հաճախ բնազդաբար համախմբում են, բայց չեն ծնում պետության մասշտաբի, ազգային բարեկեցություն ստեղծելու մակարդակի նորարարական գաղափարներ: Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ հայկական մշակույթն ինքնին բաց չէ, «ներս» է ուղղված՝ դեպի ինքնապահպանում, ինչը հայերին հնարավորություն էր տալիս դարեր շարունակ պահպանել իրենց ինքնությունը, բայց ոչինչ ավելի. հայերը չեն զբաղվել մշակութային կոդի զարգացմամբ՝ տարածելու այն «արտաքին» լսարանների համար: Հետևաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, որպես ինքնատիպ մշակույթ, ցանկանում են գոյատևել մեծագույն մարտահրավերների դարաշրջանում, երբ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքների հետ առկա են սոցիալական և էթնիկական բացարձակ ձուլման սպառնալիքներ, անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն անցյալին նայելու, այլև ապագան կերտելու սովորությունը: Այստեղ և հիմա: Հենց հիմա:
Այդ իսկ պատճառով գիրքը բոլոր հնարավորություններն ունի ոչ միայն «ընթերցանության նյութ» լինելու, այլև գործելու խթան դառնալու: Ներկայումս շատ են հոռետեսական կանխատեսումներն այն մասին, թե դեպի ուր է գնում Հայաստանը: Արդյոք շարժվո՞ւմ է առհասարակ որևէ ուղղությամբ: Թե՞ ժողովուրդը դատապարտված է վերացման: Եթե շարժվում է, ապա ինե՞րտ է՝ կանխորոշված ճանապարհով, թե՞ հիմնված է մարդկանց անկախ և ռացիոնալ ընտրության վրա: Հայկական սփյուռքի ինքնությունը յուրաքանչյուր նոր սերնդի հետ ավելի քիչ է հայերին իրար կապում պատմական տան նկատմամբ հոգատարությամբ, ինչը լիովին համապատասխանում է գլոկալիզացիայի՝ օբյեկտիվորեն առկա սոցիալ-տնտեսական և մշակութային գործընթացների տրամաբանությանը: Մի քանի սերունդների ընթացքում այդ կապը հավանաբար կորսվելու է, մինչդեռ սփյուռքն այսօրվա հարացույցում առանցքային դեր է խաղում հենց Հայաստանի Հանրապետության համար (պատկերացրեք, եթե հայկական սփյուռքի տարբեր մշակույթների նախկինում եղած և այժմյան գոնե որոշ նշանավոր գործիչներ, որոնք հսկայական մտավոր ներդրում են ունեցել իրենց բնակության երկրի զարգացման գործում, իրենց գաղափարները հղանային և իրականացնեին հենց Հայաստանի Հանրապետությունում): Ինչպե՞ս ճիշտ արձագանքել այս միտումներին:
Մեկ այլ կարևոր խնդիր է հասկանալ եկեղեցու դերն ու տեղը` որպես հավատքի ինստիտուտ ժամանակակից հայի կյանքում: Թվում է, թե այսօրվա իրականության մեջ եկեղեցին այլևս չունի հայապահպանման մանդատ՝ իրացնելու այն լուսավորչական առաքելությունը, որն ուներ նախորդ տասնութ դարերի ընթացքում: 21-րդ դարում հայ եկեղեցին ինչպե՞ս ձևական-հռչակագրայինից դարձնել ողջ հայության հոգևոր համախմբման ակտիվ ինստիտուտ:
Ժամանակակից Հայաստանը և հայությունը ժամանակ ունենալու շքեղությունից օգտվելու հնարավորություն չունեն, ինչպես նախկինում էր. դա հիմնականում կապված է հենց պատմական գործընթացի արագացման հետ՝ պայմանավորված սոցիալական, տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններով: Ինչպե՞ս պատմություն չդառնալ, այլ ստեղծել այն: Ինչպե՞ս ոչ միայն խոսել հիմնովին նոր տիպի պետության և քաղաքացիական հասարակության մասին, այլև հիմնել դրանք: Կարևորագույն հարցերի այս դաշտը մնում է բաց, և գիրքը բոլորին հրավիրում է կառուցողական և իմաստալից կերպով լրացնելու այն: