Նախևառաջ կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել այս նախաձեռնության համար: Փոքրիկ շնորհակալություն՝ այս փաստաթուղթը կարդալու հրավերի համար, և ավելի մեծ շնորհակալություն՝ մտածելու, ուսումնասիրելու, քննարկելու, վերլուծելու և այս բոլոր մտքերը գրի առնելու նախաձեռնությունն ստանձնելու համար, ինչն, անկասկած, իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա մեր հավաքական պատմության վրա: Սակայն մեծագույն շնորհակալությունս հայտնում եմ հայեցակարգի մշակման փուլում կանգ չառնելու, օրինակներով առաջնորդվելու և ձեր գաղափարները իրական կյանքում կիրառելու համար:
Կցանկանայի սկզբից ևեթ ասել, որ սույն փաստաթղթում առաջարկվող մոտեցումների մեծ երկրպագուն եմ: 100% -ով համաձայն եմ այն հարցում, որ պետք է այլ կերպ դիտենք հարցերը: Արդյո՞ք դա բավարար կլինի մեր հավաքական նավը դեպի պայծառ ապագա առաջնորդելու համար՝ չգիտեմ, բայց համոզված եմ, որ ստատուս-քվոն վստահորեն տեղ չի հասցնի:
Ներկայացնում եմ որոշ խոհեր, որ մտքովս անցան փաստաթուղթն ընթերցելիս։
1. Որպես Սփյուռքում ծնված և մեծացած հայ, ես չեմ տեղավորվել այն դասակարգումների մեջ, որոնց մասին խոսվում է առաջին մի քանի գլուխներում, մասնավորապես «Ազգային ինքնության հենասյուները» գլխում: Ես կասեի, որ սա ընդամենը փոքրիկ դիտարկում է և, հավանաբար, վկայում է սփյուռքի շատ ավելի տարասեռ բնույթի մասին, քան շատերս կարող ենք երևակայել։
2. Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյո՞ք հեղինակները կարծում են, որ անցյալ տարի Հայաստանի կառավարման մեջ տեղի ունեցած վերջին զարգացումները կփոխեն իրենց արտահայտած որևէ միտք կամ մոտեցում: Ըստ հեղինակների, ինչպե՞ս են այդ զարգացումները փոխում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները: Ինչպե՞ս են դրանք ներգործում հեղինակների առաջարկած մոտեցումների վրա և ներգործո՞ւմ են արդյոք:
3. Այն հարցերից մեկը, ինչի մասին չեն խոսել հեղինակները, և ինչ ես կարծում եմ, որ ծրագրերի հաջող իրագործման կարևորագույն բաղադրիչ է, մտածողության գործընթացի ու մոտեցումների այս կերպ տարածումն է: Կարծում եմ, որ այս մոտեցումների արդյունավետ գործարկման համար հարկավոր է հասնել մարդկանց այնպիսի «կրիտիկական զանգվածի», որը հավատում է դրան և ցանկություն ունի իր նպաստը ներդնելու այդ գործում: Սույն փաստաթուղթը շարադրված է մանրակրկիտ ու հանգամանորեն, սակայն, ըստ երևույթին, մեծ թվով մարդիկ այն ծայրեիծայր չեն ընթերցի: Կարծում եմ, որ մտքերը պետք է հարմարեցված լինեն նաև տարբեր լսարանների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Կարող եմ պատկերացնել, որ «քարոզարշավ» հիշեցնող մի բան է պետք՝ այս գաղափարներն աշխարհով մեկ տարածելու համար։
4. Այն հատվածը, որն ինձ թերևս ամենամեծ անհարմարությունն է պատճառել փաստաթղթի ամբողջ ընթերցանության ընթացքում, այս մոտեցումների և պետական կառույցների միջև տարանջատումն է: Ես կարծում եմ, որ այս մոտեցումների իրագործման համար պետք է պետական կառույցների ավելի մեծ ներգրավվածություն, համագործակցություն և կառուցում լինի, ինչն այնուհետև կծառայի իբրև հետագա զարգացումների հենասյուն: Հայաստանում անհրաժեշտ է ավելի լավ կրթական համակարգ: Գերազանցության կենտրոնների զարգացումը, ինչպիսիք են Սլավոնական համալսարանը և UWC Դիլիջանը, անշուշտ կարող են որպես օրինակ ծառայել և կրթության ավելի բարձր շեմ սահմանել Հայաստանում, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, չեն հանգեցնի կրթական ամբողջ համակարգի կտրուկ բարելավման, քանի դեռ ակտիվ միջամտություններ չեն իրականացվում ուղղակի համակարգի ներսում: Թերևս այս մտահոգությունը նվազ կարևոր է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, բանկային համակարգը, գյուղատնտեսությունը, և ավելի կարևոր են սոցիալական ոլորտներում, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, որտեղ, ի վերջո, անխուսափելի է այն հանգամանքը, որ այդ ծառայությունների մեծ մասը ժողովրդին մատուցում է պետությունը: Եվ, անկասկած, մեզ անհրաժեշտ է կրթված և առողջ բնակչություն, որը կլինի հետագա բոլոր զարգացումների հենասյունը:
Ձեռագրում մի տող կա, որն ասում է. «պետությունն, ի տարբերություն բիզնեսի, հավելյալ արժեք ստեղծող հաստատություն չէ»: Իսկապե՞ս այդպես է: Վերջին հաշվով, պետությունը երաշխիքներ չի՞ տալիս մարդկանց և ազգին, ինչն այնուհետև բոլորիս հնարավորություն է տալիս ծավալվելու և ներդրումներ անելու Հայաստանում: Պետությունը չի՞ պատվաստում երեխաներին, որպեսզի նրանք չափահաս դառնան և հետագայում կարողանան աշխատել ու մասնակցել այդ նախագծերին: Պետությունը չի՞ կրթում երեխաներին: Սա հավելյալ արժեք չէ՞: Բիզնեսը չի՞ հենվում պետության կողմից պաշտպանված մարդկային ռեսուրսների և սպառողական բազաների վրա: Մենք (ոչ պետական դերակատարներ) երբևէ ի վիճակի կլինե՞նք փոխարինելու պետության այս բոլոր գործառույթները: Եթե ոչ, մի՞թե կարիք չկա, որ պետությունը կատարի այդ գործառույթները և լա՛վ կատարի՝ մասնավորապես ելնելով այն հանգամանքից, որ մենք շատ փոքր ազգ ենք:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ֆանտաստիկ աշխատանքի համար: Անհամբերությամբ սպասում եմ հետագա քննարկումներին և այս մտքերի ավելի լայն տարածմանը: