Շաքե
Քաֆթարյան

Շաքե Քաֆթարյան
Հ.Գ.Դ., Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ

Շնորհակալ եմ այս հիմնարար փաստաթղթի քննարկումներում ինձ ներգրավելու համար. այն բովանդակալից, ինֆորմատիվ և լավ գրված գիտական աշխատանքի օրինակ է՝ պրակտիկ կիրառությամբ: Փաստաթուղթը վերջին հազարամյակում միջազգային զարգացումների համատեքստում հայերի անցած ճանապարհի սեղմ, բայց ընդգրկուն վերլուծություն է. այն անդրադառնում է այն ամենին, ինչը նպաստել է ժամանակակից հայ ժողովրդի արժեքաբանության ձևավորմանը, և նախանշում բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլական:

Աշխատանքը մանրաքնին անդրադառնում է մեր ազգային ինքնության արմատներին և ներկայացնում հայ ժողովրդի համար ազգային ինքնության նշանակությունն անցած հազարամյակում: Փաստաթուղթն ամփոփում է այն ցավալի և խրթին իրողությունները, որոնք մինչ օրս շարունակում են խոչընդոտել մեր՝ որպես անհատների և որպես ժողովրդի գոյությանը, բարեկեցությանն ու առաջընթացին: Որպես կարևորագույն արժեքներ՝ փաստաթուղթը  շեշտադրում է կրթությունը, նորարարությունը և ամենակարևորը՝ տաղանդը: Համաձայն եմ, որ տաղանդի վրա հիմնված նորարարությունը վերածվում է բարեկեցության, որը շատ ավելի արժեքավոր է, քան հարստության որևէ այլ դրսևորում:  Դուք խոսում եք այն մասին, թե ինչու մեր պատմության ականավոր գործիչների կարևորագույն նախաձեռնությունները գերազանցապես եղել են հենց մեր մշակութային հարուստ ժառանգության համատեքստում: Փաստաթուղթն անդրադառնում է նաև պատմության տարբեր դրվագներում իրազեկ և համարձակ որոշումներ կայացնելու հարցում էլիտայի դերակատարությանը: Այն հեռահար տեսլական է այն մասին, թե ինչ կարող է քաղել Հայաստանն իր անցյալից և ինչպես կարող է իրացնել իր տաղանդները՝ առաջատար դիրք գրավելով 21-րդ դարի գլոբալ տնտեսության և քաղաքականության ասպարեզներում:

Դուք առաջարկում եք մի տեսլական, որը հիմնված է ոչ միայն պատմության դասերի, այլև ներկայիս գլոբալ հասարակություններին բնորոշ իրողությունների վրա: Այն վերլուծում է «...բարենպաստ միջավայրի առկայության պարագայում հայ ժողովրդի՝ տնտեսական, մշակութային և ժողովրդագրական սրընթաց վերածնունդ ապրելու առանձնահատուկ ունակությունը»: Ընթերցողն այն տպավորությունն է ստանում, որ այժմ այդ բարենպաստ շրջափուլերից մեկն է, որից պետք է անպայմանորեն օգտվի հայ հասարակությունը:  

Ողջունում եմ ձեզ՝ Սփյուռքն ու Հայրենիքը միավորող համակողմանի այս տեսլականն օրակարգ բերելու և մեր ժողովրդի՝ պատմությամբ ապացուցված առավելությունների շուրջ անկեղծ բանավեճ խրախուսելու նախաձեռնության համար՝ առանց շեշտադրելու թուլությունները:  

Դիտարկում 1. Կանայք և ներգրավվածությունը 

Փաստաթուղթը հստակ ընդգծում է «ներգրավվածության» կարևորությունը: Միաժամանակ,  ընթերցողը, կարծես, մնում է որոշակի սպասումով, որ հեղինակները կանդրադառնան ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց լիարժեք ներգրավվածության խնդրին ու դրա կարևորությանը՝ հատկապես հաշվի առնելով, որ կանայք և աղջիկները հայ հասարակությունում հիմնականում մարգինալիզացված են: Ընթերցողը մնում է լիահույս, որ նման կշիռ և որակ ունեցող փաստաթուղթը պետք է ապագայի կառուցման համատեքստում համաչափորեն անդրադառնա տղամարդկանց և կանանց տաղանդի ու ներուժի ներգրավման կարևորությանը: 

Աշխատությունը բազմապատիկ արժեքավոր կդառնա, եթե հստակորեն մատնանշի երկու սեռերի կարևորությունը և նրանց համաչափ մասնակցության նշանակությունը Հայաստանի սոցիալ- տնտեսական կյանքում և առաջընթացում:

Այն պետք է պարզ և հասկանալի ուղերձ հնչեցնի առ այն, որ առանց քաղաքների, ավանների ու գյուղերի կանանց և աղջիկների՝ կրթության, վերապատրաստումների, մասնագիտությունների և առաջնորդության մնացյալ բոլոր ոլորտներին լիարժեք ինտեգրման, երկիրը կկորցնի 21-րդ դարում արժանի ապագա կառուցելու իր առաջնային ներուժը: Անկեղծ ասած, «ներառականության» հայեցակարգն առհասարակ ժամանակավրեպ է, եթե փաստաթղթում բացակայում է կանանց և աղջիկների ներգրավման խնդրի շուրջ բովանդակալից քննարկումը:  

Դիտարկում 2. Ցեղասպանության տրավմայի սերնդե-սերունդ փոխանցման էպիգենետիկական հատկանիշի բացատրություն 

Անհերքելի է, որ հայ ժողովրդի հավաքական «մենք»-ը վերջին հարյուրամյակում անցել է լռության, մերժման, լուռ ցավի, որոշակի մակարդակի ճանաչման և ապաքինման, վրեժի, լոբբինգի և «ճանաչման» պահանջի ձևավորման հաջորդական բազմաթիվ փուլեր: Ճշմարիտ է նաև այն, որ Հայոց ցեղասպանության հանդեպ միջազգային հանրության ուշադրության որոշակի «նվազում» է նկատվում:  Այնուամենայնիվ, նույն նվազումը դեռևս նկատելի չէ հայերի՝ սերնդե-սերունդ փոխանցվող ցեղասպանության տրավմայի առումով, քանզի այն մինչև օրս էլ անհրաժեշտ «բուժում» չի ստացել և ոչ էլ՝ լիովին ապաքինվել:

Փաստ է, որ «...ցեղասպանության՝ որպես սերունդների բնական հերթափոխի ողբերգական կանգառի ողջ հետևանքները դեռևս լիարժեք բացահայտված չեն»: Այդուհանդերձ, ես ցանկանում եմ առաջարկել սույն աշխատության հեղինակներին դիտարկել զոհի մեր հոգեբանությունը նոր զարգացող էպիգենետիկական (օրինակ՝ նյարդաբանության և գենետիկայի փոխկապվածության) գործընթացի տեսանկյունից:  Էպիգենետիկան ասում է, որ ծայրահեղ տրավման բերում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) և «միացնում» որոշակի գեների (այդ թվում՝ գրգռվածության, ընկճախտի, ագրեսիվության և այլն) ֆունկցիաները: Էպիգենետիկական ուսումնասիրությունները (օրինակ՝ Հոլոքոստը կամ 9/11-ը վերապրած մարդկանց) վկայում են, որ առանց նշանակալի միջամտության (օրինակ՝ ճանաչում, դատապարտում, ռեպարացիա, հոգեբանական աջակցություն և այլն) մարդկային գեները, որոնք «միացել» էին տրավմայի ստացման ժամանակ, անցնում են հաջորդ սերնդին կամ սերունդների հենց «միացված» վիճակում: Այսպիսով, ամենից իրատեսական բացատրությունն այն է, որ զոհի հոգեբանությունը, թերևս, ժառանգված է և կարող է պահպանվել անգամ տրավման ստանալուց մեկ դար անց:  

Համաձայն եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն այն է, որ երիտասարդ սերունդներն իրենց դիտարկեն ոչ թե որպես զոհեր, այլ որպես հաղթական ժողովրդի ժառանգներ: Այդուհանդերձ, հաշվի առնելով էպիգենետիկական բացատրությունը, մենք պետք է ոչ միայն փորձենք հասկանալ երկարաձգված տրավմայի գիտական բացատրությունը, այլև, ինչն ամենակարևորն է, գտնենք դրան վերջ տալու գիտական մեթոդաբանությունը:    

Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ այս խորքային աշխատության մասին կարծիք ներկայացնելը պատիվ է ինձ համար: Իմ մտքերից և մտահոգություններից շատերը տեղ են գտել այս աշխատանքում և պարբերաբար վերահաստատվում են: Ձեր առաջարկած պրակտիկ լուծումներն իսկապես տպավորիչ են և վստահություն ներշնչող: Անկեղծորեն հուսով եմ, որ անցյալի ու գիտակից ապագայի այս խորքային վերլուծությունը կդառնա կարևոր քննարկման առարկա Հայաստանի քաղաքական, քաղաքացիական և տնտեսական առաջնորդների, ինչպես նաև Սփյուռքի համար՝ անաչառ և մեթոդական մոտեցմամբ:  

Շնորհավորում եմ «հարմարավետ կյանք» կոչվող իրականությունից անդին անցնելու և հարցադրումներ կատարելու առիթով՝ հանուն համընդհանուր դրական փոփոխությունների:  

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։