Աշխարհի հայության մեծ մասին հուզում է Հայաստանի ապագան և այն, որ տեսանելի ապագայում նա որպես երկիր գործոն դառնա միջազգային ասպարեզում, այնտեղ ապրող մարդիկ սկսեն ապրել արդար և բարագավաճող հասարակությունում բոլորի համար հասկանալի և բոլորի համար նույն խաղի կանոններով:
Վստահ եմ, որ «Ճամփաբաժանին» գրքի երևան գալը կարող է նպաստել, որ տարբեր երկրների հայերի ուշադրությունը հրավիրվի Հայաստանի ապագա կարգավորման ու զարգացման, Սփյուռքի և ուրիշ երկրների հետ փոխազդեցության ուղիների որոնման հարցերի վրա:
Քանի որ գիրքը տպագրության է պատրաստվում արդեն իշխանափոխությունից հետո, իմաստ ունի գլուխ կամ գուցե համառոտ նախաբան կամ վերջաբան ավելացնել, որում արտահայտվեն սպասումները նոր իշխանությունից (առանց որևէ գնահատականի):
Գրքում ուղիղ հղումներ չկան երկրի քաղաքացիների և պետության առաջին դեմքի (իշխող կուսակցության) միջև հետադարձ կապի մեխանիզմի ստեղծման կարևորության մասին՝ առաջին դեմքի պարտավորությամբ ողջամիտ ժամկետում գրավոր պատասխանելու քաղաքացիների յուրաքանչյուր հարցումին (օրինակ՝ Ֆրանսիայում այդ ժամկետը 1-4 շաբաթ է՝ պայմանավորված դիմումի բարդությամբ և կարևորությամբ): Կարծում եմ՝ դա հնարավորություն կտար յուրաքանչյուր պահին ձեռքը երկրի բնակիչների զարկերակի վրա պահել. հասկանալ, թե ինչն է նրանց ամենից շատ մտահոգում, և ամենակարևորը՝ արագորեն խնդիրների լուծում առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենքներին և մեխանիզմներին համապատասխան, այսինքն՝ կատարելագործել պետական կառավարման համակարգն այնտեղ, որտեղ այն խափանումներ է ունենում: Բնականաբար, խոսքն անանուն հետադարձ կապի մասին չէ, այլ բաց և թափանցիկ հաղորդակցության մասին:
Իսրայելը ձեռագրում նկարագրվում է որպես մետրոպոլիա, այդուհանդերձ այդ երկիրը բազմաթիվ նորարարական արտադրանքներ է տալիս համայն աշխարհին: Առաջարկում եմ ավելի շատ բացել ժամանակակից Իսրայելի ստեղծման և զարգացման ուղին, թե հատկապես ինչի շնորհիվ էր այդպես արագ և արդյունավետ զարգանում: Հաշվի առնենք, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, այնքան էլ բարեկամական շրջապատում չէ, նաև այն, որ 90-ականների սկզբին մեր և Իսրայելի ժողովրդագրական վիճակները շատ նման էին:
Առաջարկում եմ հնարավորինս ավելի շատ գրել մեր հարևան Վրաստանի և Ադրբեջանի զարգացման մոդելների մասին, որոնք 70 տարի մեզ հետ միասին ապրել են նույն երկրում: Ի՞նչը նրանց ավելի լավ հաջողվեց, ինչը չհաջողվեց, ի՞նչ ուղիով են նրանք զարգանում:
Ջրի և սննդամթերքի որակի ստանդարտների վերահսկողության նոր արդյունավետ և վստահություն ներշնչող համակարգի ստեղծման հարցը չափազանց կարևոր է երկրի ապագայի, բոլոր քաղաքացիների համար և պակաս կարևոր չէ զբոսաշրջիկների համար, որոնք ժամանում են երկիր: Հավանաբար դրա լավագույն միջոցը համակարգը բաց և թափանցիկ դարձնելն է: Դա, հասկանալի է, էական ներդրումներ կպահանջի ու որակյալ կառավարում, և լավագույն լուծում կարող է լինել պետական-մասնավոր կառավարման ձևով ընկերության ստեղծումը: Ահա բարձրորակ ջրի և սննդամթերքի առկայության և բարենպաստ բնական պայմանների ու ճիշտ հաղորդակցության ռազմավարության համադրության շնորհիվ Հայաստանը կարող է համաշխարհային առաջատարներից մեկը դառնալ էկոտուրիզմի ոլորտում:
Աշխատությունում հիշատակվում է ցածր արտադրողականությունը մեր գյուղատնտեսությունում: Սակայն լուրջ ուսումնասիրություններ կան՝ հիմնված վիճակագրության վրա, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում մեկ հեկտարից մենք ավելի շատ արդյունք ենք ստանում, քան Վրաստանում, Ադրբեջանում և անգամ Ռուսաստանում: Հարկ է ճշտել այս հանգամանքը:
Ձեռագրում այսպիսի թեզ կա. «Կոռուպցիայի հիմքը խարխլվում է, երբ
կատարելագործվում են օրենսդրությունն ու օրենսդրական դաշտը, որոնք կարգավորում են
պետական ապարատի գործառնությունը, մեծացվում է դրա թափանցիկությունը և պետական ծառայողների ու հասարակության միջև փոխներգործությունը դրվում է ինստիտուցիոնալ շրջանակների մեջ»: Ես կավելացնեի արժանի վարձատրումը: Եթե խոսենք երիտասարդ պաշտոնյաների մասին, ապա, ըստ էության, նրանք պատրաստ են ոչ մեծ վարձատրության դեպքում էլ աշխատել՝ փորձ կուտակելով: Բայց եթե խոսքը պետության կառավարման համակարգում ուժեղ և փորձառու մասնագետների ներգրավման մասին է, ապա պետք է ապահովել նրանց համապատասխան աշխատավարձով և կենսամակարդակով: Դրա վառ օրինակը Վրաստանն է, որտեղ շատ ոլորտներում կոռուպցիա չկա, իսկ չինովնիկները փայփայում են իրենց պաշտոնները և չեն ցանկանում ռիսկի դիմել, քանի որ կկորցնեն ոչ միայն բարձր վարձատրվող աշխատանքը, այլև ճոխ սոցիալական փաթեթը:
Աշխատությունում այսպիսի թեզ կա. «Հայաստանի քաղաքացիները շարունակում են պետությունն ընկալել ոչ թե որպես ընդհանուր տուն, այլ որպես բռնության ինստիտուտ. չինովնիկներին խաբել կարողանալը նախկինի պես համարվում է առանձնահատուկ խիզախություն և հնարամտության ցուցանիշ»: Հավանաբար իմաստ ունի վեր հանել պատճառները: Հայերը դարեր ի վեր պետականություն չեն ունեցել: Ստիպված են եղել տնտեսական հանգամանքների թելադրանքով կամ իշխանությունների ճնշման և բռնության հետևանքով լքել իրենց բնակության երկրները: Ուստի չի մշակվել նաև պատասխանատվության զգացում սեփական երկրի, Հայրենիքի համար, և դրա հետևանքով հայերն առանձնապես չեն այրվել այդ երկրների բյուջեն լցնելու ցանկությամբ:
Աշխատությունում խոսք կա լեզվի պահպանության կարևորության մասին: Դրան կնպաստեր հայոց լեզվի պահպանության և զարգացման համար պատասխանատու գործուն կառույցը: Ներկայումս, ցավոք, նման գործառույթ փաստացի ոչ ոք չի կատարում: Այստեղ դարձյալ հարմար կլիներ պետական-մասնավոր գործընկերությունը: