Ջոն
Գույաթթ

Ջոն Գույաթթ
Հոգաբարձու, United World College Dilijan

Խիստ տպավորված եմ գրքի ընդգրկման ծավալով, խորքով և հետևողականությամբ. կատարված վերլուծությունն ու կանխատեսումը թե՛ անհանգստացնող են, թե՛ հուսադրող՝ միաժամանակ: Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք կարդալ և մեկնաբանություններ կատարել սույն կարևոր աշխատության վերաբերյալ:

Թույլ տվեք նշել այն հատվածները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ... և որոշ դեպքերում նաև` անհամաձայնություն, ինչպես նաև այն հատվածները, որոնք հարցեր են հարուցել, որոնց պատասխանները կողջունեի: 

Ամբողջովին համաձայն եմ այն հիմնական թեզին, որ Հայաստանը պետք է իր հաստատություններն արդիականացնելու, ներառականությունը խթանելու, Սփյուռքի հետ կապերն ամրապնդելու, ինչպես նաև լավագույն ուղեղներն ու տաղանդները վերադարձնելու և Հայաստանը տարածաշրջանային հաբի վերածող ձեռնարկատիրական էկոհամակարգ ստեղծելու միջոցներ գտնի։

Նկատեցի, որ զարգացման մոդելը, որին զգալի անդրադարձ է կատարվում գրքում, վերցված է Աճեմօղլուի և Ռոբինսոնի «Ինչու՞ են ձախողվում պետությունները» աշխատությունից: Այն սուր գործիք է տրամադրում տարբերակելու համար էքստրակտիվ (թալանող ու շահագործող) և ներառական (ինստիտուցիոնալ առումով թափանցիկ ու հաշվետվողական) պետությունները` զգալիորեն անդրադառնալով Հայաստանին: Սակայն գրքի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում, այն համընդհանուր կերպով ընդունված չէ, և դա հարկավոր է հիշել:

1-ին գլուխ

Պատմական ակնարկը չափազանց օգտակար է:

Որոշ կետեր.

էջ 19. Ինչու՞ են հայերը «իրենց իղձերն ու ակնկալությունները չէին կապում պատմական հայրենիք վերադառնալու հետ»: Սա տարօրինակ է թվում Սփյուռքի համայնքներում:

էջ 49. Զարգացած ազգային գոյության երկրորդ բանաձևն այն է, որ «Հայաստանը պետք է  լինի տարածաշրջանային ուժի հավասարակշռության կարևոր տարր, եզակի միջնորդ, որին օգտակար կհամարեն հարևան ախոյան պետությունները՝ մասամբ պահպանելով բուֆերային պետության գործառույթները»: Թեև ես հստակորեն տեսնում եմ, որ մ. թ. ութերորդ և իններորդ դարերում Բյուզանդական կայսրության և Խալիֆայության միջև հավասարակշռությունը թույլ է տվել որոշ աստիճանի անկախություն, ներկայիս իրավիճակը շատ ավելի պակաս խոստումնալից է։

Էջ 53. «... հիմնված էր ընտանիքներում կրթության նկատմամբ սերմանվող պատկառանքի վրա»: Արդյո՞ք այդ երևույթն զգալիորեն ավելին է, քան այլ ժողովուրդների դեպքում և, եթե այո, ապա ինչո՞ւ: Կարծում եմ, որ իրոք այդպես է. սակայն ի՞նչն է հայոց պատմության մեջ, որ հանգեցրել է դրան: 

Գլխի հիմնական եզրահանգումը, որ հայերը միշտ ի ցույց են դրել բացառիկ հմտություններ` որպես միջնորդներ և կառուցողական փոխզիջում ստեղծողներ, ես լիովին ճիշտ եմ համարում: Ցանցի վերաբերյալ դրույթը, որն ամբողջ աշխատության կենտրոնական պահն է) այնպիսի մի բան է, որը կարող է ցուցադրվել հայկական համաշխարհային Սփյուռքում տարածվող նորարարությունների ներկայիս կամ անցյալի օրինակների միջոցով: Օրինակ, հայերեն տպագիր առաջին թերթը` «Ազդարարը»,  հրատարակվել է Մադրասում 1794 թ.-ին ... և դրանից հետո շուտով պատճենվել է Սփյուռքի տարբեր համայնքներում: (Ես հաճախ այցելում եմ Չենայ / Մադրաս, և հայկական ներկայության հիշողությունն ուժեղ է. այնտեղ գոյություն ունեն հայկական փողոց, հայկական կամուրջ, հայկական եկեղեցի։) 

2-րդ գլուխ

Այստեղ որևէ բան չկա, որ մեկնաբանության կարիք ունենա, պարզապես համաձայն եմ բոլոր հիմնական եզրահանգումներին:

3-րդ գլուխ

էջ 83. Սինգապուրյան սցենարում խոսվում է նոր տրանսպորտային ցանցի մասին, որը ժամանակի ընթացքում կհաղթահարի տարածաշրջանային թշնամանքն ու լարվածությունը: Ներկայացվող տեղեկություններից պարզ է դառնում, որ միջպետական այդ հարցերը քննարկվելու են առանձին, բայց մինչ այդ Արևմուտք-Արևելք առանցքի ստեղծման հավանականությունը, ի հակադրություն Վրաստան-Իրանի, կարծես փոքր է: 

էջ 86. Վրաստանի և Հայաստանի համեմատական ցուցանիշները անհանգստացնող են, սակայն՝ ոչ զարմանալի: Միացյալ Թագավորության խոշոր ընկերության գործադիր տնօրենի հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ ինձ ասացին, որ իրենց ներդրումային ծրագրերը կենտրոնացած են Վրաստանում, այլ ոչ թե Հայաստանում՝ հիմնականում կոռուպցիայի հետ կապված խնդիրների պատճառով:

էջ 88. Արդյո՞ք 1991 թվականից ի վեր դպրոցների և առողջապահական հաստատությունների որակն ու տեղաբաշխումը զգալիորեն վատացել են: Ես ընդունում եմ կրճատված ռեսուրսներով ստանդարտների պահպանման երկընտրանքը, բայց Հնդկաստանի հետ համեմատական վիճակագրությունը ցույց է տալիս, թե որտեղ է տեղական իշխանությունն առատորեն ծախսում առողջապահության և կրթության վրա, ինչպես, օրինակ, Թամիլ Նադուում և Կերալայում. այստեղ արտադրողականությունն ու տնտեսական աճը աշխարհամասի այդ հատվածում ամենաբարձր ցուցանիշներից ունեն: Ժան Դրեզը և Ամարտյա Սենն իրենց «Անորոշ փառք. Հնդկաստանը և դրա հակասությունները» (Allen Lane 2013) աշխատանքում առաջ են քաշում այն տեսակետը, որ արտադրողականության և սոցիալական բարեկեցության միջև փոխհարաբերությունները երկկողմանի գործընթաց են: Գիրքը կարևոր է, քանի որ 90-ականներին «license Raj» մերձսոցիալիստական կենտրոնամետ տնտեսական մոդելի ապամոնտաժումը զուգահեռներ ունի ԱՊՀ-ում տեղի ունեցածի հետ: 

էջ 88. Արդյո՞ք Շումպետերի ստեղծագործական ոչնչացման գաղափարը լիովին համատեղելի է ներառական հաստատությունների հետ, որոնց հավանություն են տալիս Աճեմօղլին և Ռոբինսոնը: Միայն արդյունահանող հաստատությունների վերնախավերը չեն, որ վախենում են խանգարող նորարարությունից, այլև քայքայվող արդյունաբերություններում աշխատողները: Հետևաբար, փոխակերպմանը կարող է դեմ լինել ոչ միայն էլիտար ընդդիմությունը, այլև բնակչության ավելի լայն հատված: Ուստի արագ արդիականացում փորձող երկրների համար կան ժողովրդական դիմադրության զգալի վտանգներ, ինչպես առանց  ներառականության գերարագ տնտեսական վերափոխման գործընթաց ներխուժած մի երկրում՝ Ճապոնիայում, 1877 թ.-ին տեղի ունեցած Սացումայի ապստամբությունը, որը ստանդարտ օրինակ է։ Բրեքսիթի հակադրձումը ԵՄ-ին մեծապես սատարվել է այն համայնքների կողմից, որոնք տուժել են Թետչերի/Բլերի արդիականացման տարիներին և իրենց դժբախտությունների համար մեղադրում են անհաղորդ հարուստ վերնախավերին: Եվ Ֆրանսիայում «դեղին ժիլետների» շարժումը, անշուշտ, ապստամբություն է ընդդեմ Ֆրանսիայի տնտեսության ստեղծագործական խաթարումն արագացնելու Մակրոնի փորձերի դեմ: Վերջին կետը. Հայաստանը և ԱՊՀ մյուս երկրների հանգամանքը, որոնք 1991 թվականից հետո «անկարգ ոչնչացում» տեսան, հարց են առաջացնում, թե որքան դիմացկուն կարող են գտնվել հավելյալ «անկարգ ոչնչացման» հանդեպ:

էջ 96. Կոռուպցիայի հարցը: Ինչո՞ւ և ինչպե՞ս Վրաստանը կարողացավ լուծել կոռուպցիայի խնդիրը, իսկ Հայաստանը, ըստ ամենայնի՝ ոչ: Ըստ Կոռուպցիայի ընկալման  համաթվի, Վրաստանը բավականին առաջ է Հայաստանից և ակնհայտորեն շարունակում է բարելավվել, մինչդեռ վերջին մի քանի տարիներին Հայաստանը ետընթաց է ապրում: Դրեզը և Սենը իրենց աշխատության մեջ հաշվետվողականության և կոռուպցիայի վերաբերյալ մի հետաքրքիր գլուխ ունեն. Հնդկաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների թվում եղել է «Տեղեկատվության իրավունքի մասին» 2005 թվականի որոշումը. «աշխարհում ամենաուժեղներից մեկը... այն հանգեցրել է բավականին արմատական փոփոխությունների՝ հասարակական կյանքում թափանցիկության մշակույթ ձևավորելու և պետության իշխանությունը զսպելու առումներով»: Ավելորդ է ասել, որ կոռուպցիան մնում է համընդհանուր խնդիր… թեև՝ որոշ չափով մեղմացած:

էջեր 105/109. «Արտաքին բազմաթիվ վտանգների շարքում առկա է Ադրբեջանի հետ լիածավալ պատերազմի հավանականությունը...», «որոշ քննարկումներ են ընթանում Արցախի հարցով գործարքի նպատակահարմարության շուրջ...»: Որպեսզի Հայաստանը տարածաշրջանում հաբ դառնալու հույս ունենա, կողմնակի անձիս համար խնդրի որոշ լուծումը թվում է նախապայման: 169-րդ էջում լավ մեկնաբանություն կա այն մասին, որ, օգտագործելով հնարավոր բոլոր հասարակական կազմակերպությունները, կապ հաստատվի (ասենք) թուրքական աքսորյալ խմբերի հետ:

4-րդ գլուխ

էջ 116. Նորագույն տեխնոլոգիաների երկկողմանի բնույթի վերաբերյալ կետը (մեծացնելով ինչպես ավտորիտար կառավարության վերահսկողության հսկողության ներուժը, օրինակ, Չինաստանում, այնպես էլ թափանցիկությունը) բավականին լավ է նկարագրված: Ես վստահ չեմ, թե ինչու են կարծում, որ արդյունքը շահեկան կլինի. կարող է պատահել։ Հարավային Հնդկաստանի նահանգները, ինչպիսին Կարնատական է, իրոք թվայնացրել և իրենց վարչակազմները շատ ավելի թափանցիկ ու հաշվետու են դարձրել։ Բայց ոչ միայն Պեկինի ու Սինցզյանի գործածած համատեսանելի մեթոդները, այլ նաև Միացյալ Թագավորությունում «Քեմբրիջ անալիտիկս»-ի կիրառած տվյալների հավաքագրումը և ընտրական մանիպուլյացիան ավելի գաղտնի ներուժ են ներկայացնում։

էջ 125. Համամիտ եմ համաշխարհային կրթության ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես նեղ մասնագիտացման վտանգների վերաբերյալ մեկնաբանությունների մեծ մասի հետ: Այնուամենայնիվ, բացի ավելի ամբողջական մոտեցում ցուցաբերելուց, մենք պետք է պարզենք, թե կոնկրետ ինչ նկատի ունենենք «լավ կրթություն» ասելով: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն, Սինգապուրն ունի լավագույն արդյունքները՝ Ճապոնիայի և Ֆինլանդիայի հետ միասին։ Սովորաբար լավ ցուցանիշներ է ունենում նաև Շանհայը: Բայց թե PISA ստուգատեսները բացահայտո՞ւմ են արդյոք մեր կողմից իրական նորարարների հետ զուգորդվող ճկունությունը, ինքնատիպությունն ու ստեղծագործական մտածողությունը՝ կասկածի տեղիք է տալիս։

5-րդ գլուխ

Հատուկ կարևորություն ունեն երկու պարբերություն. 117-րդ էջի վերջին պարբերությունը (Ներառական էկոհամակարգ) և 184-րդ էջի առաջին պարբերությունը: Երկուսն էլ ընդգծում են ինստիտուցիոնալ փոխակերպման անհրաժեշտությունը: Դրսի մարդու համար անհնար է չհամաձայնվել, բայց դրանք նաև հարց են առաջացնում, թե ինչպիսին է այդ հաստատությունների ներկա վիճակը: Հայաստանը խորհրդային ժամանակներից ժառանգել է վերևից ներքև կենտրոնաձիգ կառավարության ղեկավարման համակարգը… և, ինչպես որևէ կազմակերպության դեպում, հարց է առաջանում. ի՞նչ տեսք ունի այն ներքևից վեր նայելիս: Ինչպե՞ս են Հայաստանում սովորական տղամարդիկ և կանայք համագործակցում կառավարության և իշխանությունների հետ: Ովքե՞ր են այն պաշտոնյաները, որոնց հետ նրանք ստիպված են շփվել: Որքանո՞վ են այդ պաշտոնյաները պատրաստված և գործունյա:

Օգտակար կլինի նաև իմանալ, թե պետական ծառայության բոլոր ճյուղերում ինչպես է իրականացվում հավաքագրումը: Արդյո՞ք, այստեղ ևս, Հնդկաստանի նման, նշանակալի հովանավորչություն ու ընտանեվարություն կա պետական ու տեղական մակարդակներում: Հնդկաստանի հետ համեմատությունը նորից օգտակար է։ Անկախ նրանից, թե տեղական կառավարման ինչ սահմանափակումներ կան՝ Հնդկաստանի վարչական ծառայությունը, որը ժառանգված է բրիտանական կառավարումից, խիստ որակյալ է և ապահովում է, որ երկիրը մնա իբրև «գործող անարխիա», ինչպես նախատեսված է եղել: Հատուկ պատրաստություն ստացած անձինք հավաքագրվում են խիստ քննությունների և Ընտրական Խորհրդի միջոցով, որից հետո պետք է ծառայեն երկրի հեռավոր վայրերում որպես սկսնակ կառավարողներ` հասկանալու համար կառավարման իրողությունները հասարակ մարդկանց համար: 

Որքա՞ն պատասխանատվություն և իշխանություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները՝ լինեն դրանք գյուղական, քաղաքային, թե մարզային: Մարդիկ սովորաբար առնչվում են հիմնականում ոստիկանության և հարկային մարմինների, ինչպես նաև մանկավարժների և առողջապահության ոլորտի մասնագետների հետ: Զարգացած միջազգային կարգերի մեջ Հայաստանի որևէ ինտեգրում պետք է անպայման կատարվի արդյունավետ, թափանցիկ և չկոռումպացված լինելու այդ հիմունքով։

Հայաստանում որքանո՞վ է զարգացած քաղաքացիական հասարակությունը: Ռուսաստանում խորհրդային տարիներին, ինչպես նաև դրանից առաջ և հետո պետությունը կասկածանքով է վերաբերվել ինքնավար քաղաքացիական միավորումներին. ենթադրում եմ, որ նույնը տեղի է ունեցել նաև Հայաստանում: Մայքլ Բերլիի «Լավագույն ժամանակները, վատագույն ժամանակները. Ներկայիս պատմություն» (“The Best of Times, The Worst of Times: A History of Now”, MacMillan 2017) աշխատության մեջ համեմատություն է կատարվում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև: Թեև Իրանում գրեթե լիովին բացակայում է քաղաքացիական հասարակությունը, երկրի շատ հարուստ ավանդույթը պարադոքսալ կերպով հանգեցնում է հանրային դժգոհության պարբերական պոռթկումների՝ ի պատասխան բռնաճնշումների։ Այդ պոռթկումներն, ի վերջո, հեռահար կտրվածքով, (թերևս) լավատեսության հիմք են տալիս։ 90-ականներին Չեխիայի Հանրապետությունում գործող հաստատությունների վերականգնումը տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության ամուր ավանդույթների շնորհիվ, որոնք գալիս էին Ավստրո-հունգարական կայսրությունից և միջպատերազմական ժամանակաշրջանից։ Քաղաքացիների ինքնավար կազմակերպությունների և նախաձեռնությունների ակտիվ խթանումը թվում է անհրաժեշտ խնդիր։

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։