Նախևառաջ կցանկանայի, միանալով ուրիշներին, շնորհավորել երկուսիդ՝ ձեր կատարած մեծ աշխատանքի համար. այն իրոք լիարժեք և բարձրորակ աշխատանք է: Պատշաճ և խորը վերլուծություն, ժամանակին հարիր համեմատություններ, իրավիճակի օբյեկտիվ և մանրակրկիտ գնահատում՝ իսկապես, շատ տպավորիչ աշխատանք:
Երկու համեստ դիտողություն.
Գիտե՞ք, կներեք իհարկե, բայց առաջ մղող այդ մոդելներից երկուսը չեն կարող մեզ վերաբերել: Նկատի ունեմ Պարկուճի և Մետրոպոլիայի ծայրամասի մոդելները: Մետրոպոլիայի ծայրամաս լինելը դե ֆակտո նշանակում է կորցնել մեր ինքնիշխանությունը (բոլոր առումներով). չեմ կարծում, թե դա հաշվի առնելիք տարբերակ է: Հատկապես, ինչպես դուք եք ասում (և ինչպես մենք զգացել ենք), այն ոչինչ չի տա՝ բացի անվտանգության պատրանքից: Պարկուճը նույնիսկ ավելի վատ տարբերակ է. ո՞վ է ուզում դառնալ Հյուսիսային Կորեայի նման երկիր՝ ինքնությունը փրկելու համար: Ամենայն հարգանքներս մեր վրացահայ համայնքին, սակայն մենք չենք կարող զոհաբերել մեր երկրի ապագան՝ վրացահայերի ինքնությունը փրկելու համար: Կարծում եմ՝ ինքնությունը կվերանա նաև պարկուճի դեպքում: Ինձ համար բոլոր երեք տարբերակները պետք է անվանել Հաբ (հաբ 1, հաբ 2, հաբ 3 և այլն): Կարող են լինել հաբի տարբեր տեսակներ (տեխնոլոգիական, ֆինանսական, հարկային ապաստարան համարվող և այլն), բայց պետք է լինի հաբ, մենք չենք կարող թաքնվել այս աշխարհում, ինչպես ջայլամն անապատում: Ո՞վ կարող է ասել, որ Հաբի դեպքում ինքնությունը վտանգի տակ է դրվում: Կարծում եմ՝ հակառակն է. ազգային ինքնությունը հաբի դեպքում դառնում է ավելի ուժեղ և ավելի նպաստավոր, քան պարկուճի դեպքում: Ո՞վ է ասում, որ Շվեյցարիան կամ Լիբանանը կորցրել են (կամ թուլացրել են) իրենց ինքնությունը: Ռոջեր Ֆեդերեր անունով մեկը այնքան բան արեց իր ազգի ինքնության համար, որ մի ամբողջ երկիր չէր կարող անել: Շվեյցարական որակի նշանը, շվեյցարական տեխնոլոգիան, Շվեյցարիայի առողջապահությունը, Շվեյցարիայի զբոսաշրջությունը… արդյո՞ք վերջիններս ինքնության արտահայտման ավելի լավ տարբերակներ չեն: Կամ ո՞վ է շփոթում Լիբանանը Լիբիայի կամ Սիրիայի հետ. ոչ ոք։ Լիբանանի անունն աշխարհում (խաղաղ աշխարհում) ավելի շատ է հնչում, քան Մերձավոր Արևելքի որևէ այլ երկրի անուն: Այն (հաբը) մշակույթ, լեզու, խոհանոց և ինքնության այլ բաղադրիչներ խթանելու միջոց է` համաշխարհային չափանիշների (ոչ թե տարածաշրջանային չափանիշների) ներառման, փոխգործակցության և դրանց որպես թիրախ ընդունման միջոցով: Այսպիսով, ես լիովին աջակցում եմ ձեզ:
Իմ երկրորդ դիտողությունն առնչվում է իրագործմանը: Ինձ համար այն մեծ մտահոգության առարկա է: Ինչպե՞ս հասնել այդտեղ: Որտե՞ղ սկսել, ո՞վ է առաջնորդելու, ո՞րն է Պետության ներգրավվածությունը: Ըստ Ձեզ, արդյունավետ կապը հնարավո՞ր խնդիր է: Եվ այսպես շարունակ: Ես կարծում եմ, որ առնվազն մեծ փոփոխություններ պետք է արվեն (քաղաքական որոշումներ, օրենսդրություն, ենթակառուցվածքներ, մարդկային և նյութական ռեսուրսների մոբիլիզացիա, ժամանակ, ժամկետ և այլն): Համոզված եմ, որ պետք է գրվի ևս մեկ հիանալի գիրք («Ճամփաբաժանին»-ի նման, որ դուք եք գրել), և այն (Ճանապարհային քարտեզը ?) կազմելն է՛լ ավելի բարդ կլինի:
Գիտե՞ք, անցյալ տարի, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, շատերիս առաջին արձագանքն այն միտքն էր, թե մեր երկրի վերակառուցման համար ինչպես կարելի է մոբիլիզացնել սփյուռքը: Խանդավառությունը պարզապես ահռելի էր: Որոշ քննարկումներ ենք անցկացրել, հանդիպումներ ենք ունեցել և… կանգ ենք առել: Զարմանքս շատ ավելի մեծ եղավ, երբ տեսա, որ պետությունը հետամուտ չէ (այլևս կամ շատ քիչ բան է անում) սփյուռքի ներուժը վերակառուցման գործընթացում ներգրավելու համար:
Վերջին, բայց ոչ պակաս կարևոր կետը։ Ես նաև ակնկալում էի, որ դուք այսպիսի մի հարց կբարձրացնեիք. եթե ինչ-որ կերպ և ինչ-որ պահի ընտրվի մեզ առաջ տանող (Հաբ) մոդելը, ո՞վ կարող է պատրաստ լինել այսկամայն կերպ ներգրավվելու իրականացման գործընթացներին: Կարծում եմ` կարևոր է ստուգել Սփյուռքի զարկերակը:
***
Կցանկանայի հետագայում, եթե ձեզ հետաքրքրի, հավելյալ համեստ կարծիքներ հայտնել (աշխատության) իրագործման առնչությամբ:
Ճիշտ է, որ դուք սեղանին եք դրել անհնարին մի եռամիասնություն (ազգային ինքնություն, անվտանգություն և բարեկեցություն): Որն էլ որ նախընտրելի լինի իբրև առաջ մղող համադրություն, ուրիշների համար (նրանց համար, ովքեր ավելի թույլ դիրքերում են թվում) այն պետք է մեծ մեղմացումներով ընթանա: Ինչ վերաբերում է պարկուճում ազգային ինքնությանը, ես այն համեմատում եմ թանկարժեք քարի հետ, որը բոլորից հեռու ենք պահում, ոչ ոք չի կարող այն տեսնել, ոչ ոք չի իմանալու դրա մասին. իսկ հետո, ինչպես ասում են ֆրանսիացիները «ça sert à rien (անիմաստ է)»: Դիտարկենք միջազգային դպրոցի օրինակը. բոլոր երեխաները երջանիկ են և հպարտ իրենց ազգային ինքնությամբ, որովհետև դա հենց այն է, ինչ խթանում է դպրոցը: Հաբ երկիրը նույնպես կարող է որդեգրել ընդունող երկրի ազգային ինքնությունը խթանելու և ամրապնդելու քաղաքականություն: Իհարկե, մնում է ճշգրտել, թե ինչ է նշանակում ազգային ինքնություն. այն բաց է լայն մեկնաբանությունների համար: Կարծում եմ՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: Ինձ համար այն պարզապես լեզվի, գրականության, պատմության, մշակույթի, ժառանգության, մեր կրոնի (մեր դեպքում), Արարատ լեռան (մեր դեպքում), մեր նախնիների-հերոսների ժառանգության, հմտության, համեմատական առավելության, մերօրյա հերոսների և նման այլ բաների մասին է:
Անվտանգությունը Հաբ երկրում. եթե խոսքը գնում է բարգավաճման մասին, որը բերում է կապիտալ հոսքեր, այնուհետև ստեղծում բարեկեցություն: Բարեկեցություն նշանակում է սոցիալական ապահովություն և ֆիզիկական անվտանգություն (ներքին և արտաքին): Բացի այդ, լայն փոխգործակցությունը, ներառումը և համաշխարհային ընտանիքին ինտեգրումը հանգեցնում են ավելի բացության ու կայունության ամեն ինչում: Այնուամենայնիվ (մե՛ծ այնուամենայնիվ), մենք դուրս ենք դասական որևէ համատեքստից։ Մենք գտնվում ենք եզակի (հայկական) իրավիճակում, ինչը նշանակում է, որ ինքներս մեզ Հաբ երկրի վերածելը յուրահատուկ մարտահրավեր է (այդ իսկ պատճառով ես բացարձակ կարևորություն վերագրեցի իրագործման-ճանապարհային քարտեզին): Այն հնարավոր է, եթե մենք, ինչպես դուք եք ասում, կատարենք պատշաճ ցուցակագրում, մոբիլիզացնենք սփյուռքը (կամ եկեք ասենք բոլոր հայերին. Սփյուռքը թերևս այլևս լավ բառ չէ), ռեսուրսները և վարենք ճիշտ Քաղաքականություն (քաղաքականություն, քաղաքականություն):
Շնորհակալ եմ հասարակական այս շարժումը հիշատակելու համար, կարծում եմ, որ սա մեկնարկի ճիշտ ուղին է: Միլիարդավոր մարդկանց մոբիլիզացնելու համար նախկինում կատարված ուղիղ փորձերը (քչերի միջոցով) կա՛մ ձախողվել են, կա՛մ կյանքը փոխելու առումով շոշափելի ազդեցություն չեն ունեցել: