Պատրաստված «Հայաստան – 2041» ռազմավարությունն առաջիկա 20 տարում շատ հետաքրքիր է և շրջահայաց: Կարծում եմ՝ տվյալ ռազմավարությունը հաջողությամբ իրականացնելու համար հարկ է հստակ հենվել փաստաթղթում հիշատակված երկու դրույթի վրա:
Առաջին դրույթը, ըստ ամենայնի, գաղափարական բնույթ ունի: Այն վերաբերում է ազգային ռազմավարության ձևաչափի փոխակերպման հրամայական անհրաժեշտությանը և զոհ-ժողովրդի ճնշող կերպարից վճռական ձերբազատմանը: Գիտակցության տվյալ փոփոխությունը բնավ չի նշանակում որևէ կերպ ժողովրդի՝ ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մոռացում և հրաժարում Ցեղասպանության ճանաչման օրինական պահանջներից: Սակայն հոգեկերտվածքի վերքերի վրա սևեռումը, սեփական ողբերգական անցյալի մշտական հիշատակումը չի նպաստում, որ մենք կարողանանք տեղավորվել նոր համընդհանուր թվային և նորարարական աշխարհում: Ներկայիս աշխարհը շատ ավելի պրագմատիկ է և նվազ զգացմունքային: Արդի աշխարհը սիրում է հաջողակներին: Համաշխարհային հանրության ուշադրության սևեռումը մեր ձեռքբերումների և հաջողությունների վրա մեզ գրավիչ է դարձնում բոլոր առումներով:
Երկրորդ դրույթը, որ սերտորեն կապված է առաջինի հետ, աշխարհաքաղաքական բնույթ ունի: Հայաստանն ակներևաբար փոքր և մեկուսացած երկիր է, որ մոտ ապագայում փաստացի չի կարող բարիդրացիական հարաբերությունների հույսեր փայփայել հարևաններից և ոչ մեկի հետ: Երկրում նշանակալի բնական պաշարների բացակայությունը սոսկ խորացնում է այդ իրավիճակը: Մենք «կղզի» ենք: Եվ այդ «կղզային» փիլիսոփայությունը պետք է նստվածք տա գիտակցությունում. մենք ոչ մի տեղից չենք կարող օգնություն ակնկալել, մեր բոլոր հույսերը կապված են ներքին ռեսուրսների հետ: Դա նշանակում է, որ մարդկային կապիտալը պետք է դառնա երկրի զարգացման հիմքը: Ինչն իր հերթին ենթադրում է առաջնահերթ ուշադրություն մարդկային ռեսուրսների զարգացմանը, այսինքն՝ կրթության զարգացմանը:
Տվյալ դրույթներն այս կամ այն չափով արտացոլված են ներկայացված փաստաթղթում: Սակայն իմ կարծիքով, մի կողմից, ուսումնական գործընթացի և բովանդակության արդյունավետ օպտիմալացման, մյուս կողմից՝ արդի թվային կրթական տեխնոլոգիաների միջոցով սփյուռքի գիտական և կրթական հնարավորություններն օգտագործելու կարիք կա: