«Ճամփաբաժանին»-ն այն եզակի գրքերից է, որը որպես ազգի և պետության մեր կենսակերպին ամբողջական մոտեցում է առաջարկում: Ամբողջական՝ այն իմաստով, որ, հայացք նետելով դեպի անցյալ, իրատեսորեն նկարագրում է ներկան և վերլուծում գլոբալ համատեքստում ապագայի հնարավորությունները՝ առաջարկելով բարդ ընտրություն կատարել հնարավոր սցենարներից: Որպես ամենագրավիչ սցենար առաջարկվող զարգացման մոդելն այսօր իրո՛ք ազգի և երկրի համար այլընտրանք չունի. այն թույլ կտա օգտվել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առավելություններից և 21-րդ դարը դարձնել հայոց պատմության Ոսկեդարը:
Հեղինակները պրագմատիկ են գնահատում հայկական աշխարհի ու Հայաստանի իրողությունները, տնտեսական առկա մոդելը և փաստարկումներով հիմնավորում են նման մոդելի անհեռանկարայնությունը: Անկասկած, անհրաժեշտ է, որ Հայաստանն անցնի մեկ այլ՝ ներառական մոդելի, որը կնպաստի երկրի առաջընթաց զարգացման կարողությանը, երկրի հնարավորինս մեծ թվով բնակիչների, բազմաթիվ սփյուռքահայերի ու արտաքին ներդրողների կդարձնի նոր Հայաստանի կառուցման գործող անձինք ու մասնակիցներ:
Ներկա փուլում մեզ՝ հայերիս և Հայաստանին անհրաժեշտ է նոր գաղափար, ապագայի տեսլական, որին կցանկանան հավատալ ամբողջ աշխարհի հայերը. մի երկրի պատկեր, որտեղ քաղաքացիները ոչ միայն հարմարավետ կյանք կունենան, այլև կկարողանան իրացվել, լավ վաստակել, պահպանել ավանդական իրենց արժեքներն ու դրանք փոխանցել իրենց զավակներին: Սեփական երկրի ծաղկուն ապագայի նկատմամբ ընդհանուր հավատը ամբողջ աշխարհի հայության համար կդառնա համագործակցության մեջ ընդգրկման, հայերի համար ընդհանուր տան կառուցման ու պահպանման գործին համատեղ մասնակցության հարթակ, իսկ սփյուռքահայության համար՝ հպարտության և ինքնության պահպանման հզոր խթան: Անցյալի՝ 2018 թվականի արդյունքները լավատեսության հիմքեր են տալիս և հույս ներշնչում, որ մեզ համար ստեղծվել է ներկա համակարգի փոփոխության հնարավորություն, և ցանկանում ենք հավատալ, որ մենք կկարողանանք օգտվել այդ հնարավորությունից:
Տնտեսության այն ուղղությունների թվում, որոնք կարող են դառնալ երկրի զարգացման խթան, կցանկանայի հատուկ նշել գիտության ու բարձր տեխնոլոգիաների դերը: Տեխնոլոգիաները մեզ եզակի հնարավորություն են տալիս կարճ ժամանակում վերելքի հասնելու բազմաթիվ ոլորտներում, արտադրանք ու ծառայություններ մշակելու, որոնք թույլ կտան մեր ուրույն տեղն զբաղեցնել համաշխարհային շուկաներում և գլոբալ տնտեսության նոր ձևավորվող ուղղությունների մաս կազմել: Հայաստանը պիտի կարողանա լիարժեքորեն օգտվել հետարդյունաբերական աշխարհի կարևոր միտումից, երբ ավելացված արժեքը արդյունաբերությունից տեղափոխվում է դեպի հետազոտության ու զարգացման (R&D), զարգացման ու մարկետինգի կենտրոններ: Երկիրը պիտի ապագայում դառնա աշխարհի առաջատար R&D հանգույցներից մեկը: Ընդ որում, առանց գիտության լուրջ աջակցության, առանց դրա մեջ լուրջ ներդրումների չարժե ակնկալել տեխնոլոգիաների զարգացում. անհրաժեշտ է գիտությանը վերադարձնել երկրի կենսագործունեության մեջ ունեցած առաջատար դերը։
Գիրքն արդարացիորեն արծարծում է բազմաթիվ հարցեր, որոնք միանշանակ պատասխաններ չունեն, սակայն, որպես ազգ, այսպես թե այնպես պարտավոր ենք գտնելու այդ պատասխանները, պարտավոր ենք ընտրություն կատարելու: Մտածող ընթերցողն իր համար խորհելու մեծ նյութ կգտնի, և ուզում եմ հավատալ, որ այս գիրքը սկիզբ կդնի բանավեճի ու երկխոսության, որոնք կհանգեցնեն որոշումների: