Անդրեյ
Շարոնով

Անդրեյ Շարոնով
Նախագահ, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց

«Ճամփաբաժանին» գիրքը շատ լուրջ, ուշադրության արժանի աշխատություն է, և ոչ միայն հայ հանրության համար, թեպետ, իհարկե, գրքի նպատակային լսարանը  Հայաստանի բնակչությունն ու սփյուռքն են: Հետաքրքրությամբ կարդացի այն: Ինչ-որ մի պահի ինձ թվում էր, թե որոշ թեմաներ (օրինակ՝ ժառանգականության և հետնորդների) ներդաշնակ չեն հիմնական թեմային, բայց հետո համաձայնեցի, երբ նման թեմաները շարադրվում էին որպես առանձին ներդիրներ: Դա չի կոտրում ընդհանուր տրամաբանությունը, բայց լրացնում է օգտակար տեղեկատվությամբ: 

Այսուհանդերձ մի քանի հարցեր ու նկատառումներ ծագեցին, որոնք ուզում եմ ներկայացնել:

1. Ինձ շփոթեցնում է գլոբալացման դարաշրջանում միատարր ազգությամբ պետության զարգացման գաղափարը: Այստեղ որոշ հակասություն կա: 

2. Բացի այդ, գործնականում կոնսենսուս գոյություն ունի, որ հետագա զարգացումը տեղի է ունենալու մեգապոլիս քաղաքներում, որոնք զգալի չափով կդառնան (մի քանիսն արդեն դարձել են) կոսմոպոլիտ և արտազգային: Աշխատությունում այդ առնչությամբ գաղափարներ չտեսա:

3. Հայաստանի՝ որպես միջնորդ երկրի թեման բավական հետաքրքիր է բացված պատմական դիտանկյունից, սակայն չեմ հասկանում, թե դա ինչպես կարող է իրականացվել ներկայումս, երբ տարածքային դիրքն առհասարակ էապես նվազ դեր է խաղում, առավել ևս որպես «բուֆեր կայսրությունների միջև»: Եվ եթե նկատի ունենանք Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, ապա բոլորն էլ այսօր ապրում են այն ժամանակները, որոնք շատ հեռու են լավագույնից: Եթե խոսենք հայերի՝ որպես միջնորդների մասին, ապա ներկայիս իրավիճակում անհասկանալի է, թե ինչի վրա է հիմնվում այդ հնարավոր դերը: Ի դեպ, ինձ թվում է (օրինակի համար), որ Շվեյցարիան կորցնում է իր   խաղաղ նավահանգստի/աշխարհի համար միջնորդ երկրի դերը, քանի որ հարստության պահպանման ու բազմապատկման սկզբունքորեն այլ միջոցներ են ի հայտ գալիս:

4. Եթե խոսենք Հայաստանի նկատմամբ սփյուռքի «նոր» ուշադրության մասին, ապա հարկ է պատասխանել այն հարցին, թե ինչ դեր ունի Հայաստանը էթնիկ սփյուռքների հաջողության մեջ (կրթություն, մշակութային կոդ…): Կարծում եմ՝ սփյուռքի ներկայացուցիչների հաջողության հիմնական գործոնները էապես  կախված են նոր հայրենիքից կամ նույնիսկ գլոբալ բնույթ ունեն: Այդ առնչությամբ Հայաստանի նկատմամբ սփյուռքի ուշադրության շարժառիթները կարող են լինել պարտքի զգացումը, հարգանքի տուրքը ավանդույթներին և մշակույթին, բայց ոչ հաջողության փնտրտուքը (առավել ևս, որ այնտեղ այժմ, համեմատած իրենց ներկայիս բնակության վայրերի մեծ մասի հետ, հաջողության համար անհրաժեշտ պայմաններ չկան):

5. Իմ կարծիքով՝ առավել իրատեսական տարբերակն այն է, երբ հարուստ և պասիոնար «գլոբալ» հայերը մարդասիրական-գործարար նկատառումներով (եկամտաբեր կամ կայուն բարեգործություն) կսկսեն զարգացնել երկիրը խոշոր ազգային և վերազգային ծրագրերով: Այդ կապակցությամբ կարևոր է աշխարհում տարածել Հայաստանի «մոդան» և ոչ միայն հայերի շրջանում, ինչը կարող է լուրջ տնտեսական և զգայական խթաններ տալ: Ինձ թվում է, որ ներկայումս Վրաստանն այդ հարցում ավելի մեծ հաջողության է հասել, քան Հայաստանը:

6. Ինչ վերաբերում է ոչ բնակիչների ձայնի իրավունքին, ապա այդ առումով ես անպատասխանատվության, արմատականության, ներհայկական համատեքստի ըմբռնման բացակայության մեծ վտանգ եմ տեսնում:

7. Շարադրանքում մի քանի անգամ հանդիպում է «ուծացման գիտակցված վախը» արտահայտությունը: Ես, անշուշտ, պատկերացում չունեմ այդ զգացումի ուժի ու տարածման մասին, բայց կհամարձակվեմ ենթադրել, որ այդ վախն ավելի շուտ առկա է «Ճամփաբաժանին» գրքի հեղինակների նման մարդկանց մեջ, որոնք մտածում են Հայաստանի պահպանման ու վերածնման և սփյուռքի համախմբման մասին, բայց ոչ սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասի շրջանում, որոնք ապրում են բարեկեցիկ երկրներում:

8.Եվս մի արտահայտություն աչքիս զարնեց. «հիմնական հանգույցը (այսինքն՝ Հայաստանը) պետք է դառնա այն բարիքների աղբյուրը, որոնք անհասանելի են ուրիշ երկրներում»: Ի՞նչ բարիքներ են դրանք, օրինակ, Նուբար Աֆեյանի համար, որ անհասանելի են նրան ԱՄՆ-ում և այլ վայրերում (եթե չենք խոսում կարոտախտի և այլ բաների մասին, բայց դա, որպես կանոն, կապ չունի բարեկեցության և առօրյա կյանքի հետ): Դա ինչպե՞ս կարող է համադրվել/արտացոլվել  Հայաստանի ինքնազգացողության/գրավչության հետ ուրիշ ազգությունների համար (ես չեմ հավատում միատարր ազգությամբ պետության երկարաժամկետ հեռանկարներին, թեպետ ահա Ճապոնիան վատ չի ապրում):

9. Ինչպե՞ս է, որ որևէ ազգի ամենապասիոնար ներկայացուցիչները հեռանում են տնից արկածների և մեծ նախագծերի ձգտումով: Ըստ երևույթին, դա վերաբերում է մեծ մարդասիրական-գործարար նախագծերին և Հայաստանի մոդային աշխարհում, որոնք կարող են հայրենիք վերադարձնել հայկական կոլոմբոսներին: 

10. Եվ, վերջապես, Հայաստանի կառավարությունը չի կարող լիազորություններ ունենալ արտասահմանի հայերի նկատմամբ, դա հակասում է պետության բնույթին և միջազգային իրավունքին: Այսուհանդերձ գոյություն ունի ազգային փորձ (անգլոսաքսոնական երկրներում), երբ մարդկանց անսահմանափակ շրջանակը (տվյալ դեպքում սփյուռքի հայերը) միանում են որևէ հայցի (տվյալ դեպքում հայցվորը Հայաստանի կառավարությունն է), որով շահագրգռված են (օրինակ՝ Ցեղասպանության հարցերով):

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։