Հայկ
Դեմոյան

Հայկ Դեմոյան
Պատմական գիտությունների դոկտոր

Սիրելի Ռուբեն, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ Ձեր ներկայացրած հոդվածի կապակցությամբ Ձեզ որոշ գաղափարներ ու մտքեր հայտնելու հնարավորության համար: Հոդվածն ինքնին այնպես է կառուցված, որ ընթերցողին հնարավորություն է տալիս դրան հետևելու և այն ընկալելու իբրև Հայաստանի ապագային ուղղված գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ։ Դժվար է վիճարկել կամ կասկածի ենթարկել հոդվածում նշված բոլոր կետերն ու խնդրահարույց պահերը: Կցված ակնարկում որոշ առաջարկություններ ու պատկերացումներ կան, որոնք ցանկանանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը՝ հուսալով, որ դրանցից մի քանիսը կարող են նոր ու հետաքրքիր քննարկում առաջ բերել Ձեր ներկայացրած հոդվածի առնչությամբ:

ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ. Խորհուրդներ ապագա քաղաքականություն մշակողների համար 

Հայաստանն ու հայկական ողջ աշխարհը հայտնվել են աշխարհաքաղաքական նոր դրամատիկ փոփոխությունների հորձանուտում, որոնք առաջիկա տասնամյակներում աներկբայորեն կազդեն երկրի ապագայի վրա։ Բազմաթիվ սպառնալիքները, որոնց բախվում ենք մեր օրերում, բազմաթիվ հարցեր են առաջացնում երկրի ղեկավարության և մտավոր վերնախավի համար՝ նրանց դրդելով գտնելու հույժ կարևոր լուծումներ, առնվազն՝ այդ սպառնալիքները չեզոքացնելու և երկրի կայուն անվտանգությունը երաշխավորելու կարճաժամկետ ռազմավարություններ: Միևնույն ժամանակ, բազմաթիվ սպառնալիքներ, այդ թվում և այնպիսիք, որպիսիք առկա են հայկական աշխարհում և բուն Հայաստանում, ներկայանում են որպես արտաքին անվտանգության խնդիրներ։ Մենք պետք է առերեսվենք այդ խնդիրների հետ, որպեսզի հասկանանք դրանց ծագումն ու ակնհայտ հետևանքները՝ միևնույն ժամանակ փորձելով նվազագույնի հասցնել առկա ու գալիք այն սպառնալիքների ու խնդիրների բացասական ներգործությունը, որոնց բախվում ենք այս պահին: 

Ինչպե՞ս արձանագրել մեր պատմությունը, հատկապես ընթացիկ պատմությունը 

Մեր իրականության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք շարունակաբար չենք կարողանում պատշաճ կերպով արձանագրել և ներկայացնել մեր անցյալ և ներկա իրադարձությունները՝ առանց պատմական իրադարձությունների և փաստերի չարաշահումների ու նենգափոխումների: Սա կարևոր խնդիր է, որով հարկավոր է զբաղվել, քանի որ պատմության մասին խոսելիս ու գրելիս ցանկացած նենգափոխում անվտանգության լուրջ խնդիր է երկրի ապագայի համար։ Ցավոք սրտի, պատմական իրադարձությունների ու փաստաթղթերի, առկա իրողությունների ու ընթացող զարգացումների նենգափոխումները մեր օրերում դարձել են շատ բնական երևույթ։ Այդ խնդիրը որևէ կապ չունի գրաքննության կամ բազմակարծության հարցերի հետ։ Երբ որևէ երկրի գիտական շրջանակը նենգափոխում է պատմությունը և հատկապես ներկայիս պատմությունը, մենք դրան պետք է վերաբերվենք որպես անվտանգության դեմ լուրջ մարտահրավերի։ Այս հարցը համարում ենք մեր իրականության հիմքային խնդիր՝ անցյալ և ներկա զարգացումներն անաչառ ներկայացնելու կարևորությունն ըմբռնելով որպես լավ կառավարման և ազգ-պետության կայացման էական նախապայման։ 

Խորհրդային ժառանգությունը և Հայաստանի «պետություն պետության ներսում» երևույթի  մարտահրավերը 

2018 թվականի գարնան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Երևանի բուն կենտրոնում, հետագայում ազդարարեցին Հայաստանի ապագայի նկատմամբ ևս մեկ լուրջ սպառնալիքի առկայությունը, որի հետ պետք է առերեսվենք և բոլոր միջոցներով փորձենք հաղթահարել, ոչ թե այն ընդունենք որպես սովորական մի բան։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ Հայաստանում այժմ բախվում ենք նոր երևույթի՝ «պետություն պետության ներսում» կառուցվածքի հետ։ Ինստիտուցիոնալ «պետություն պետության ներսում» երևույթի խնդիրը շատ արդիական է բազմաթիվ երկրների համար, որոնցից են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և այլն, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք գոյատևել որպես ազգ, երբ մարդու հիմնարար իրավունքները և հատկապես ազատ քվեարկության իրավունքն ու հանրության ընտրանքն այժմ հարցականի տակ են։  

Հայաստանը փոքր երկիր է, և, երկրի զարգացման ու առաջընթացի ռազմավարություն մշակելուց առաջ, պետք է պատշաճ կերպով քննարկվի ու վերլուծվի «պետություն պետության ներսում» ​​երևույթը։ Հայաստանի հասարակության ներսում և բուն Սփյուռքում բազմաթիվ բաժանարար գծեր գծելը թվում է հայաստանյան «պետություն պետության ներսում» կառույցի ռազմավարության կարևոր գործիք, որն ամեն կերպ ջանում է գոյատևել՝ չունենալով հստակ օրակարգ և, ինչն ավելի կարևոր է՝ չունենալով երկրի առաջընթացի շարժիչ ուժը դառնալու հնարավորություն։ 

Սփյուռք-Հայաստան հարաբերություններ 

Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ ձևավորելիս հետաքրքիր մոտեցում կարող է լինել աշխարհի բազմաթիվ այլ համայնքների շարքում Հայաստանի ներկայանալը որպես հայկական ամենամեծ համայնք: Մեր օրերի «հայաստանցի» և «սփյուռքահայ» երկատումը հստակորեն քամահրական հակադրության իմաստ ունի։ Մենք պետք է վերացնենք հոգեբանական ու բարոյական խոչընդոտները և Հայաստանը ներկայացնենք որպես «primus inter pares», այսինքն՝ առաջինը հավասարների մեջ։ Սա կարող է հետաքրքիր մեկնարկային կետ լինել առաջ շարժվելու, գաղափարների իրական ինտեգրում ու միաձուլում սկսելու և հայկական աշխարհում ընդհանուր ռազմավարություններ մշակելու համար: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դարձել են 30-ամյա կորսված հնարավորություն։ Այս խնդիրներով զբաղվելիս մենք պետք է հասկանանք գոյություն ունեցող անվստահության մթնոլորտի բուն ծագումը, որը, իմ կարծիքով, վերնախավային մակարդակի ճգնաժամ է, ինչը դեռևս չենք կարողանում հաղթահարել: Այս խնդրին ես անդրադարձել եմ 2017 թ. սեպտեմբերին «Armenian Mirror Spectator»-ում տպագրված իմ հոդվածներից մեկում: Ցավոք սրտի, իմ շատ կանխատեսումներ իրականություն դարձան: Տե'ս 

Ինչպե՞ս վարվել արխայիկ ու հնամենի կառույցների հետ   

Խոսքը մտային դարավոր ու արխայիկ կառույցների մասին է, ինչը ծանր հարված է Հայաստանի զարգացման ու առաջընթացի որևէ ռազմավարության համար։ Որոշ կառույցներ, ինչպիսիք են սփյուռքյան համայնքներում քաղաքական կուսակցությունները, խիստ հնամենի են, և կարևոր խնդիրն այն է, թե ապագա ռազմավարությունների համար ճանապարհ հարթելիս ինչպես վարվել դրանց հետ։ Համայնքի ներսում և Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելիս Սփյուռքի համայնքային գործունեությունը դարձավ մոլորեցնող ու անգործունակ՝ կառավարման և ընդդիմության այնպիսի հնացած կառույցների պատճառով, որոնք շատ դեպքերում վերածվեցին արյունալի հակամարտության և համայնքներում դարձան ատելի: Նման կառույցներն ու առկա մարտահրավերները հասկանալու բացակայությունը, այո, գոյաբանական խնդիր է հայկական աշխարհի համար, որը սփռված է և չունի գործելու ինստիտուցիոնալ և ամուր երկարաժամկետ ռազմավարություն։ Նոր սերունդը պետք է ընդունի այս մարտահրավերը և մշակի համայնքային կառավարման, պետական ​​կառույցների ու Հայաստանի հետ փոխգործակցության նոր օրակարգ՝ այդպիսով վերածվելով արդյունավետ գործիքի համահայկական շահերը սփյուռքյան համայնքներ ու Հայաստան բերելու նպատակով։  

Աշխարհիկ Հայաստան և աշխարհիկ Սփյուռքի համայնքներ 

Հայկական աշխարհի արդիականացման ու բարեփոխման սկզբունքային հարցերից մեկն այն է, թե ինչպիսի դեր ենք ուզում վերապահել Հայ առաքելական եկեղեցուն։ Վերջինս պահպանողական կառույց է և, անկասկած, դարեր ի վեր վճռորոշ դեր է կատարել հայապահպանության գործում։ Այսօր մենք ականատես ենք լինում Հայ առաքելական եկեղեցու աճող շահագրգռությանն ու միջամտությանը Հայաստանի հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների, այդ թվում՝ կրթության, բարեգործության, բայց նաև՝ տնտեսության և քաղաքականության մեջ։ Եկեղեցու և նրա կառույցների վերափոխումը մեկ այլ մարտահրավեր է թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի համայնքների համար։ Պառակտված եկեղեցին համայնքներում առաջատար դիրք ունի և իրեն ներկայացնում է որպես բազմաթիվ համայնքների կառավարման ու կարգավորման համար պատասխանատու միակ կառույց: Հայ առաքելական եկեղեցին նաև համայնքների ֆինանսական միջոցների հիմնական ժողովողներից է։ Հայ առաքելական եկեղեցու այս կարգավիճակը և նրա պառակտված/երկակի բնույթը, բազմաթիվ պատճառներով, լավ նախադրյալներ չեն Հայաստանի արդիականացման համար։ Պետք է ստեղծվեն և համայնքների ներսում զորացվեն բացարձակապես նոր ու դինամիկ աշխարհիկ կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն Հայաստանի և հյուրընկալ երկրների հետ կապի ու փոխգործակցության համար: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։