Կյանքիս տարբեր հանգրվաններում ինձ առաջ է մղել երեք դրդապատճառ: Առաջինը ազատության ձգտումն էր: Ես մեծացել եմ փակ ամբողջատիրական պետությունում, և մանկուց ինձ հետաքրքրում էր այն ամենը, ինչ գտնվում էր երկաթյա վարագույրից անդին: Հետաքրքրասիրությունը և կրթության արժևորումը սերմանվում էին ընտանիքում, ուստի հասկանում էի, որ ցանկալի ազատության բանալին կամ, այլ խոսքով, ինքնուրույնությունը որոշումներ ընդունելիս և դրանց համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը տալիս է միջազգային կրթությունը:
Երկրորդ դրդապատճառը մասնագիտական ինքնաիրացումն էր: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ստանալով բակալավրի աստիճան մարքեթինգի ոլորտում և Ֆրանսիայում մագիստրոսի աստիճան միջազգային բիզնեսի ոլորտում՝ Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում բավական հաջող մասնագիտական առաջխաղացում ունեցա կորպորատիվ մարքեթինգում և ռազմավարությունում: Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի հասկանալ, որ ավելին եմ ուզում, քան մասնագիտական ինքնաիրացումը, այն, որ արածս գործը նաև նշանակալի լինի սոցիալապես: Դա էլ դարձավ ներկայիս կյանքը կանխորոշող երրորդ դրդապատճառը:
Մի տասը տարի առաջ, երբ լքեցի կորպորատիվ աշխարհը, պետք է գտնեի այն ոլորտը, որտեղ կարող էի իմ հմտությունները և գիտելիքները կիրառել: Այդ հարցում ինձ օգնեց այն ըմբռնումը, որ XXI դարում կրթությունը դառնում է զարգացման հիմնական շարժիչ ուժը, նպաստեց նաև վաղեմի հրապուրանքս ճարտարապետությամբ: Գործընկերներիս հետ ստեղծեցի Ժառանգության կապիտալացման կենտրոն՝ ոչ առևտրային կազմակերպություն՝ կոչված երկխոսության ու համագործակցության հարթակ դառնալու պետության, մասնավոր ներդրողների և ճարտարապետության մոռացված հուշարձանների վերականգնման ու դրանք երկրի սոցիալ-տնտեսական կյանք վերադարձնելու փորձագետների համար: Մենք լքված ճարտարապետական գլուխգործոցներ էինք գտնում Ռուսաստանում, ուսումնասիրում էինք դրանք, մտածում էինք, թե ինչպես նորից կյանք տալ դրանց ու ծառայեցնել մարդկանց, և ներդրումներ էինք ներգրավում դրանք վերականգնելու համար:
2008 թ. Վերոնիկա Զոնաբենդից տեղեկացա նրա և Ռուբեն Վարդանյանի՝ Դիլիջանում միջազգային դպրոց կառուցելու երազանքի մասին: Նախագիծն այնքան գրավիչ էր և հնարավորի հետ սահմանակցող, որ վայրկյան իսկ կասկած չունենալով՝ առաջարկեցի իմ օգնությունը ապագա դպրոցի ռազմավարության մշակման գործում: Եվս մի խոշոր կրթական նախագիծ, որին բախտ եմ ունեցել մասնակցելու կայացման փուլում, ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցն է:
Վերջին տասը տարիներին ես ինքնաճանաչման և արմատներս հասկանալու դժվարին ճանապարհ եմ անցել: Մի ժամանակ «որտեղի՞ց եք» հարցն ինձ փակուղու մեջ էր դնում: Ինչպե՞ս պատասխանի դրան ամերիկյան համալսարանի՝ Մոսկվայից եկած ծագումով հայ 20-ամյա ուսանողուհին, որը Լոնդոն է եկել համալսարանների փոխանակմամբ: «Ճամփաբաժանին» ձեռագիրը պատրաստելու աշխատանքը և Դիլիջանի դպրոցի նախագիծը մեծապես օգնեցին գտնելու այդ պատասխանը: Այսօր, երբ ինձ հարցնում են «որտեղի՞ց եք», ես վստահ ասում եմ. «Ես հայ եմ»: Եվ դա իմ գիտակցված ընտրությունն է: