Թե ովքեր են այս գրքի հեղինակները, իրականում անկարևոր հարց է: Երկուսն էլ բավականին հայտի են, սակայն գիրքը իրենց մասին չէ: Թե ինչու է նրանց ավելի հոգեհարազատ բիզնեսի ու խորհրդատվության դպրոցների լեզուն, առհասարակ հարց չէ: Դա է նրանց մասնագիտությունը:
Իրավացիորեն կարող է հարց առաջանալ, թե քաղաքական ի՞նչ նպատակներ կարող են նրանք հետապնդել (բացի բացեիբաց հայտարարվածներից), որին կարելի է պատասխանել մեկ այլ պարզ հարցով. իսկ ի՞նչ է, ազգի ճակատագրի մասին կարող են խոսել միայն բանաստեղծները, փիլիսոփաներն ու Երևանի տաքսու վարորդնե՞րը: Ըստ ամենայնի, բիզնես էլիտայի բոլոր ներկայացուցիչները չէ, որ ձգտում ինքնահաստատվել չնաշխարհիկ առագաստանավեր ու դղյակներ գնելով: Լինում են նաև ավելի հավակնոտ նախագծեր:
Իսկ ահա գլխավոր հարցը, որը բարձրացնում են մեր հեղինակները, որն իսկապես առանցքային է. ի՞նչ անել հետո:
19-րդ դարում հայերի առջև հարց ծառացավ, թե միջազգային ասպարեզում ինչպե՞ս կայանալ որպես ժամանակակից ազգ: 20-րդ դարի առաջին կեսում հայերի առջև ծառացավ ողջ մնալու խնդիրը: Այնուհետև առաջացավ ազգային ինքնության պահպանման հարցը՝ սրընթաց արդիականացման պայմաններում, որ ծավալվում էր ինչպես Խորհրդային Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Դարավերջին Ղարաբաղյան հիմնախնդիրը կարծես ստվերեց բոլոր մյուս հարցերը:
Եվ ահա հայերն արդեն 21-րդ դարում են: Ո՞րն է հաջորդ քայլը: Անցյալի հարցերը փոքրիշատե հաջողությամբ հաղթահարված են, ժամանակակից հայ ազգը ողջ է մնացել ու կայացել: Սակայն անցյալում երբևէ չի եղել, որ պատմական հայրենիքում մնա հայերի այսքան փոքր մի հատված միայն, երբեք թվով այսքան մեծ սփյուռք չի եղել (այժմ ընդգրկելով արտասահմանյան երկրների վերածված Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը)։ Եվ նախկինում երբեք ուծացման օբյեկտիվ խթաններն այսքան զորեղ չեն եղել. չէ՞ որ գլոբալիզացիան գործում է ո՛չ միայն համաշխարհային տնտեսության մակարդակում։ Գլոբալիզացիան և՛ համակարգչային խաղերն են, և՛ ուսումն աշխարհի համալսարաններում, և՛ ազգամիջյան ամուսնությունները։ Եվ ուրեմն, ի՞նչ է լինելու Հայաստանի ու ամբողջ աշխարհի հայության հարցը։ Քսանմեկերորդ դարում ինչպե՞ս պահպանել ազգային լեզվի ու մշակույթի վարկը։ Ինչպե՞ս ամրացնել ու պաշտպանել լեռների այն մի կտորը, որն այսօր Հայաստանի ու Արցախի պետականության հարթակն է մնացել;
Այս հարցն են ահա բարձրացնում Նունե Ալեքյանն ու Ռուբեն Վարդանյանը: Եվ նրանք արժանի են լուրջ քննարկման: